Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:
Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների դինամիկ զարգացումը:
«Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և, իհարկե, նաև նախագահի նստավայրում: Այս առիթն օգտագործելով ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ակտիվ համագործակցության և աջակցության համար: Այս երեսուն տարիների ընթացքում հայ-շվեդական հարաբերություններն իրենց զարգացումն են ապրել, որոնք հիմնված են եղել հստակ սկզբունքների և արժեքների վրա, դրանք ժողովրդավարական ինստիտուտներն են, մարդու իրավունքները և, իհարկե, ազատությունների պահպանումը: Ես համոզված եմ, որ այսօրվա ձեր այցելությունն էլ կնպաստի և մեր երկրների հարաբերությունների զարգացմանը և իհարկե, դուք ևս մեկ անգամ հնարավորություն կունենաք շփվել երկրի ղեկավարության և ձեր գործընկերների հետ: Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանությունների ձգտումը մեկն է՝ խաղաղություն հաստատել տարածաշրջանում և բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասել է նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Բյորն Սյոդերն իր խոսքում նշել է. «Շնորհակալություն ընդունելության համար, մեզ համար պատիվ է Ձեզ հանդիպել: Ինչպես գիտեք, մենք ներկայացնում ենք Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը, որը նախկինում համեմատաբար փոքրաթիվ էր: Խորհրդարանական ընտրություններից հետո մեր բարեկամական խումբը համալրվեց նոր անդամներով: Կարծում եմ սա վկայում է Շվեդիայում Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ հետաքրքրության աճի մասին: Անշուշտ, մենք նաև շատ ենք կարևորում միջխորհրդարանական համագործակցությունը»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հայ-շվեդական փոխգործակցության օրակարգի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, այնպես էլ Եվրամիության հարթակում երկու երկրների համագործակցության սերտացման ուղիներն ու հեռանկարները: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին, շվեդ խորհրդարանականներին մանրամասներ է հայտնել ավելի քան երեք ամիս ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման վերաբերյալ:
Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հեռանկարին Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանների բացման իր դիրքորոշմանը: