ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 4-ին, 14։00-15։30 Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 5-ին Գյումրիում։ Այս մասին տեղեկացնում են Երևանի Հրաչյա Ղափլանյանի դրամատիկական թատրոնից։
Դերասանուհին մահացել է ապրիլի 3-ին։ Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ։ Տեւական ժամանակ նրա առողջական վիճակը ծանր էր՝ առանց դրական տեղաշարժի։
Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թ-ի դեկտեմբերի 4-ին՝ Գյումրիում։ Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ 1969 թվականին Լուսինե Կիրակոսյանն ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երեւանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։
2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար: