Ռոբերտ Քոչարյանը հայ «քաղաքական բառարանը» ոչ միայն նոր հասկացություններով ու «տերմիններով» հարստացրեց, այլեւ բերեց անձերի, ովքեր դարձան ժամանակի ու իշխանության յուրատեսակ խորհրդանիշեր: Նրանցից մեկն էլ Արմենչիկն էր` այսօր արդեն փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ով տարիներ շարունակ համարվում էր պալատական բոլոր դավերի հիպոկենտրոնը, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական խաղերի գլխավոր սցենարիստներից մեկը:
Այս ուշիմ երիտասարդի պաշտոնական թռիչքներն անչափ զարմանալի էին, մանավանդ, որ նա նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը դարձավ: 1973 թվականին Երեւանում ծնված երիտասարդը հայրենիքում կրթություն չստացավ, Շողեր Մաթեւոսյանի եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի շնորհիվ մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, սկզբում ընդունվեց Օրենբուրգի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ, հետո զգալով, որ ուսուցչի մասնագիտությունն իրեն ֆինանսական ապահովվածություն եւ պաշտոնական թռիչքներ չի բերի, ընդունվեց Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտ, որն ավարտելուց հետո էլ ուսանեց Հոլանդիայի Տվենտելի համալսարանում: Չնայած մանկավարժի մասնագիտությունը, ինչպես երեւում է, նրա հեռանկարում չկար, այնուհանդերձ, 1993-1996թթ. եղել է Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն, 1995-1996թթ. համատեղությամբ ավարտել է նաեւ Տվենտելի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան: Ուշագրավ էր, որ գիտության թեկնածուն դառնում էր մագիստրանտ: Հավանաբար այն պատճառով, որպեսզի երկարաձգեր արտասահմանում մնալը եւ չծառայեր ազգային բանակում:
23 տարեկանում վերադառնալով Երեւան` նշանակվեց վարչապետ Արմեն Սարգսյանի օգնական: Հետո, երբ վարչապետ Սարգսյանին փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը, վերջինս այնքան սիրեց ու վստահեց նրան, որ իր հետ տարավ նախագահական: Դե, գիտության երիտասարդ թեկնածուն կարող էր տարբերվել շատերից իր գիտելիքներով, հոլանդական պահվածքով: Քոչարյանի սերն այնքան մեծ էր, որ Արմեն Գեւորգյանը նախագահականում միանգամից երկու պաշտոն էր վարում` նախագահի առաջին օգնականի եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալի, իսկ 2000-ից միայն առաջին օգնականն էր, նախագահական արքայազորի մշտական անդամը: Նա նաեւ մեկ տարի եղավ անվտանգության խորհրդի քարտուղար: Իհարկե, զարմանալի էր, որ չունենալով ղարաբաղյան ծագում կամ էլ չլինելով օլիգարխի զավակ` Արմեն Գեւորգյանը միանգամից արժանացել էր Քոչարյանի մեծ վստահությանը, սակայն հետագայում պարզվեց, որ համեստ, հրապարակային գործունեությունից հեռու այս երիտասարդն էր դառնալու նախագահի ֆավորիտը:
Արմեն Գեւորգյանի արեւը փայլեց հատկապես 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո. նախագահականի տիրակալ Ալեքսան Հարությունյանը հայտնվեց բանտում, կորցրեց իր հանդեպ վստահությունը: Հենց այս ժամանակ էլ Արմեն Գեւորգյանն ամուր դիրքավորվեց եւ սկսեց իշխել նախագահականը` իր բռի մեջ հավաքելով շատ օլիգարխների, նախարարների, ովքեր «հաշվետու» էին լինում միայն Գեւորգյանին:
2008-ի ապրիլի 21-ից Արմեն Գեւորգյանը ՀՀ փոխվարչապետն է եւ տարածքային կառավարման նախարարը: Շարունակ խոսվում է այն մասին, որ լինելով Ռոբերտ Քոչարյանի «մարդը»` նա չի վայելում Սերժ Սարգսյանի վստահությունը, սակայն պարզվում է, որ այնքան հզոր է, որ Ս.Սարգսյանը երբեք չի համարձակվի նրան պաշտոնանկ անել:
Ձեռք բերելով որոշակի ֆինանսական միջոցներ` Արմեն Գեւորգյանը դարձավ ստվերային բիզնեսի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը մեզանում` գործընկերություն հաստատելով Սամվել Մայրապետյանի հետ, իսկ վերջինս Քոչարյանի ամենավստահելի մարդկանցից մեկն էր: Հենց Սամվել Մայրապետյանի հետ էլ Արմեն Գեւորգյանը սկսեց կառուցել Երեւանի առաջին էլիտարներից մեկը Բայրոնի փողոցում, որտեղ բնակարաններ ձեռք բերեցին Տիգրան Նաղդալյանը, թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի որդի Վահան Հովհաննիսյանը, ով Հանրային ՀԸ-ի ֆինանսական հարցերով փոխտնօրենն է, եւ ուրիշներ: Այս շենքում 1 քմ-ի արժեքը հազար դոլար էր… Շուտով այս շենքի կողքին Մայրապետյանն ու Գեւորգյանը մի նոր շենք էլ կառուցեցին, որտեղ բնակարանների բաշխմամբ անձամբ Արմեն Գեւորգյանն էր զբաղվում: Այդ շենքում բնակարաններ գնեցին տրանսպորտի եւ կապի ներկայիս նախարար Մանուկ Վարդանյանը, ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանը, Քոչարյանի վերահսկողության պետ Վահրամ Բարսեղյանը, ինքը` Արմենչիկը, եւ ուրիշներ:
շարունակելի
ԲԱՆԱԿԻՑ ՓԱԽԱԾ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՉԻՆՈՎՆԻԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ