Այսօր՝ Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, բարձրացվել է դաշինքին միացած Ֆինլանդիայի ազգային դրոշը։ Հանդիսավոր արարողությունը հեռարձակվել է զինվորական դաշինքի կայքում։
Դրոշը բարձրացվել է երկրի օրհներգի ներքո։ Այն տեղադրվել է Էստոնիայի և Ֆրանսիայի դրոշների միջև։
Ֆինլանդիայի օրհներգին հաջորդել է Հյուսիսատլանտյան դաշինքի օրհներգը։ Դաշինքի ներկայացուցիչը հայտնել է, որ զուգահեռաբար Ֆինլանդիայի դրոշները բարձրացվել են բելգիական Մոնս քաղաքում և ԱՄՆ Նորֆոլկ քաղաքում՝ դաշինքի հրամանատարության շտաբում։
Երեքշաբթի Ֆինլանդիան ԱՄՆ-ին է փոխանցել ՆԱՏՕ-ին անդամակցելու փաստաթղթերը և պաշտոնապես դարձել դաշինքի 31-րդ անդամը։ Արարողությանը ներկա են եղել Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ստոլտենբերգը։
Ավելի վաղ Հաավիստոն ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի միանալու մասին փաստաթուղթը։
Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացասաբար կանդրադառնա Մոսկվայի և Հելսինկիի հարաբերությունների վրա։