Երեկ Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ճեպազրույցում ասել է, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ իրականացնողներն արդարամտության, ճիշտ դատողության հետ եզրեր չունեն, եւ նրանց լուրջ օգնություն է պետք: Հոկտեմբերի 28-ին ՀԱԿ-ի կազմակերպած հերթական հանրահավաքի հետ կապված` ոստիկանապետը նշել է, որ ինքը երբեւէ չի խոչընդոտել հանրահավաքներին ու ճանապարհները փակելու հրաման չի տվել: Ըստ Սարգսյանի` իր մոտեցումը կլինի նույնը. այս անգամ էլ չի փորձի միջամտել, այլ կհորդորի, որ դադարեցնեն հանրահավաքը: Եթե այն խաղաղ բնույթ կրի, դա իրեն որեւիցե կերպ չի վերաբերի: Իսկ եթե տեսնի, որ զարգացումներն այլ բանի են տանում, որը հղի է ավելի ծանր հետեւանքներով, իր միջամտությունը հաստատ կլինի եւ նույնիսկ անսպասելի: Եթե ժամանակին էլ թույլ չտային, երեւի մարտի 1-ն էլ չէր լինի, թողեցին, մինչեւ հասան մարտի 1-ին:
ՀՀ ոստիկանության գեներալը նշել է նաեւ, որ ոմն պաշտոնյա (առանց անունը հրապարակելու) իրեն խորհուրդ է տվել հետաձգել կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայի կանխարգելման աշխատանքները: «Ես իրան մի բան ասացի` ես կհավաքեի 100 մարդ, շատ չէ, կամ 200, դու արի՛, մեջտեղով անցի՛, թող գոռան, վիրավորեն, եթե դու նորմալ կհամարես… ինչո՞ւ չէ, ձեռի հետ կթքեն շորերիդ վրա: Ես զզվում եմ, որ իմ շորերի վրա թուք է թափվում»,-ասել է ՀՀ ոստիկանապետը:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք մեկնաբանում ՀՀ ոստիկանապետի պահվածքը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես չեմ հետեւել ոստիկանապետի ճեպազրույցին, սակայն մեկ բան աներկբա է՝ յուրաքանչյուր պաշտոնյա, մեզանից յուրաքանչյուրն իր հայտարարություններում պետք է լինի հնարավորինս կոռեկտ եւ հավասարակշիռ։ Ինչ վերաբերում է հանրահավաքներն արգելելուն, ապա պատկան մարմինների ցանկացած գործողություն պիտի լինի բացառապես մեր երկրի Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակում։
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆ. Հավանական է, որն «շորերիս» ասելով` ոստիկանապետը նկատի է ունեցել ոստիկանության գեներալի համազգեստը, որի վրա բովանդակված է մեր պետական իշխանությունը: Համազգեստի վրա թքելն անբարո եմ համարում, քանի որ իրոք անպատվաբեր է եւ կապ չունի կոնկրետ անձի հետ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե հանրահավաքը երկարելու դեպքում ՀՀ ոստիկանապետը կփորձի այն ցրել, ասեմ, որ դա իրեն ուղղակի թվում է, որովհետեւ հանրահավաքները, խոսքի ազատությունը կանոնակարգված են ՀՀ գործող օրենքներով, ոչ թե Կանաչուտի գյուղապետի կայացրած որոշումներով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Բացասական եմ վերաբերվում: Նա իրավունք չունի ցրել հանրահավաքը, որովհետեւ ժողովուրդն իրավունք ունի հանրահավաք կազմակերպելու: Իսկ ինչ վերաբերում ա ոստիկանապետի այն արտահայտությանը, թե «զզվում եմ, երբ թքում են իմ շորերի վրա», ասեմ, որ ամեն մարդ արժանի ա իր խոսքերին ու արտահայտություններին: Ցավում եմ, որ ունենք նման ոստիկանապետ:
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ