Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են
միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանի վերաբերյալ
գնահատականներն ու մեր երկրի դիրքի հետագա բարելավմանը վերաբերող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զեկույցներում հրապարակվող խնդիրներին, կառավարության կողմից
տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, մարդու իրավունքների պաշտպանության, թվայնացման գործընթացի, աղետների կառավարման, կիբեռանվտանգության, գիտության և այլ բնագավառներում ընթացիկ բարեփոխումներին ու հետագա գործողություններին: Նշվել է, որ առկա խնդիրների լուծման նպատակով ձևավորվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային կարծիք ձևավորող զեկույցներում մեր երկրի իմիջի շարունակական
բարելավումը, ընդգծել գերատեսչությունների կողմից համակարգված բովանդակային աշխատանքների իրականացման
անհրաժեշտությունը: Առանձնակի կարևորվել է նաև հանրային հաղորդակցության շարունակական բարելավմանը
միտված քայլերի իրականացումը: