Պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց ենթակա պետական հիմնարկների կողմից իրականացվող գնումների գործընթացների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը մեծացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի սույն թվականի ապրիլի 4-ի թիվ 369-Ա որոշմամբ Պետական վերահսկողական ծառայությանը հատկացվել է 10 լրացուցիչ հաստիք, որոնք տրամադրվելու են Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչությանը:
Այս մասին տեղեկացնում է ՊՎԾ-ն:
Ծառայության կողմից իրականացվել է էլեկտրոնային գնումների ARMEPS/PPCM համակարգում զետեղված՝ 2022 թվականի ընթացքում կնքված գնման պայմանագրերի վերաբերյալ վերլուծություն, որի արդյունքների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հանրային գնումների ընթացակարգերի ընդհանուր թիվը կազմել է 23.799, որոնց շրջանակներում կնքվել են շուրջ 406,6 մլրդ ՀՀ դրամ արժեքով գնման պայմանագրեր:
Վերոնշվածի համատեքստում պետք է փաստել, որ 2022 թվականի ընթացքում՝ սահմանափակ ռեսուրսներ ունենալու պարագայում, Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության մասնագետների կողմից ընտրանքային կարգով՝ ռիսկայնության և մի շարք այլ չափորոշիչների համադրման միջոցով, իրականացվել են շուրջ 3.100 գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի վերլուծություն, որի շրջանակներում փոփոխության են ենթարկվել թվով 168 գնման ընթացակարգերի հրավերներ: Ընդ որում, իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքների հիման վրա միայն 2022 թվականին նախաձեռնվել են թվով 11 քրեական վարույթներ և արձանագրվել են շուրջ 1,18 մլրդ ՀՀ դրամի խախտումներ:
Լրացուցիչ 10 հաստիքների ներգրավման շնորհիվ հնարավորություն կընձեռնվի Ծառայության համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման կողմից հնարավորինս վերահսկելի դարձնել պետական մարմինների կողմից իրականացվող գնումների գործընթացները: Հարկ է նկատել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այլ պատվիրատուների (ՓԲԸ, ՊՈԱԿ և այլ կառույցներ) կողմից կազմակերպվող գնումների նկատմամբ առաջնային հսկողությունն իրականացվում է պետական մարմինների ներքին հսկողական ռեսուրսների հաշվին, որի նկատմամբ վերահսկողությունը, ըստ անհրաժեշտության, իրականացվում է Ծառայության կողմից:
Ընդ որում, պետական կառավարման համակարգի մարմինների մակարդակում գնումների գործընթացների նկատմամբ հսկողությունն իրականացվում է նաև ներքին աուդիտի օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հիմնականում արտապատվիրակված աուդիտորական ընկերությունների կողմից:
Միևնույն ժամանակ, հարկ է փաստել, որ ներկայումս Ծառայության կողմից աշխատանքներ են իրականացվում հանրային գնումների գործընթացների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ՝ որոշակի ընտրանքային մեթոդաբանության, ռիսկերի գնահատման համակարգի ներդրման և լրացուցիչ ինստիտուցիոնալ գործիքակազմերի մշակման ուղղությամբ՝ համագործակցելով շահագրգիռ պետական գերատեսչությունների և ոլորտի փորձագիտական շրջանակների հետ:
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։