ՖՈՏՈ. Հարսանեկան պինգ պոնգի պրեմիերան և հայտնի հյուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ապրիլի 4-ին, կայացավ «Հարսանեկան Ping Pong» ներկայացման պրեմիերան: Սեր, դավաճանություն, սկանդալներ ու մի մեծ խառնաշփոթ, որի ականատեսը կարող եք այսուհետ դառնալ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Ներկայացումը մի քանի պիեսներից ամբողջացրած պատմություն է, որը թարգմանել եւ ադապտացրել է Բաբկեն Չոբանյանը։ Կատակերգության պրոդյուսերները Արման Միտոյանն ու Տիգրան Վիրաբյանն են։

Վերջիններս վաղուց են համագործակցում և կարողանում են իրենց շուրջ համախմբել տաղանդավոր ստեղծագործողների:

«Ներկայացման մտահաղացումը ծնվել էր Տիգրան Վիրաբյանի մոտ։ Սցենարի ընտրությունը փոքր-ինչ երկար տեւեց՝ մոտ երկու տարի, եւ երբ որոշումը կայացվեց, ռեժիսոր Արշո Հարությունյանն անցավ գործի։ Դերասանական կազմն ի սկզբանե ընտրված էր։ Միշտ ցանկացել ենք գտնել այն գործը, որը համահունչ կլիներ այս կազմին»,-նշում է Արման Միտոյանը։

Ներկայացման մեջ խաղում են դերասաններ Լևոն Հախվերդյանը, Գոռ Հակոբյանը, Իննա Խոջամիրյանը, Անի Խաչիկյանը, Մանե Մխոյանը:

«Իմ սիրած դերասաններն են բեմադրության մեջ զբաղված: Փորձերի ընթացքում հասկացանք, որ ստեղծագործական խումբը կամաց-կամաց վերածվում է լավ ընտանիքի և այսօր կարողացան ապացուցել, որ սիրում են, գնահատում են իրենց աշխատանքը: Հանդիսատեսի բուռն արձագանքն ապացուցեց, որ չենք սխալվել պիեսի, դերասանների ընտրության հարցում», -լրագրողների հետ զրույցում ասաց պրոդյուսերներից Տիգրան Վիրաբյանը, ով նաեւ մտահղացման հեղինակն է:

Պրոդյուսերը վստահ է՝ ներկայացումը երկար կյանք կունենա: Արդեն շրջագայելու առաջարկներ են ստացել:

«Հարսանեկան Ping Pong»-ը բեմում է լինելու նաեւ այսօր՝ ապրիլի 5-ին:

Հայտնի են նաեւ ներկայացման բեմում լինելու առաջիկա օրերը՝ ապրիլի 25, մայիսի 2 եւ 12:

Լիդա Եղիազարյան




Լրահոս