Արցախցի կանանց ադրբեջանական շտապօգնության մեքենայով են տեղափոխել հիվանդանոց. պատգամավորը մանրամասներ է ներկայացնում Լաչինի միջադեպից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցիները երեկ հերթական ահաբեկչական քայլն են իրականացրել արցախցիների նկատմամբ:
Լաչինի միջանցքում ադրբեջանցի կեղծ «էկոակտիվիստները» արգելափակել էին ՌԴ խաղաղապահների մեքենան, որով 27 անձ Գորիսից վերադառնում էր Ստեփանակերտ։ Չորս կանանց ինքնազգացողությունը դրանից վատացել էր, նրանցից 3–ը ուշագնաց էին եղել։

«Ժողովուրդ» օրաթերթը միջադեպի վերաբերյալ զրուցել է ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

-Տիկի՛ն Հակոբյան, ի՞նչ մանրամասներ կպատմեք միջադեպի՞ց:

-Արցախցի կանանց, որոնք ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխում էին, ադրբեջանցիները կանգնեցնում են ու թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը: Կանանցից մի քանիսի ինքնազգացողությունը վատանում է, ադրբեջանցիներն էլ թույլ չեն տվել, բացի իրենց շտապօգնության մեքենայից, մեկ այլ օգնություն, ռուսական կողմն էլ դա ընդունել է, որպեսզի այդ կանանց կարողանան արագ բժշկական կենտրոն տեղափոխել:

-Այսինքն , արցախցի կանանց ադրբեջանական շտապօգնության մեքենայո՞վ են տեղափոխել հիվանդանոց:

-Այո, մի մասին հետ են ուղարկել, իսկ այն 4 կանայք, որոնց ինքնազգացողությունը վատացել էր, իրենց շտապօգնության մեքենաներով են տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց: Այսինքն՝ թշնամին հստակ իր օրակարգով է շարժվում, եթե ուշադիր լինենք, երեկ էլ Բայրամովը հայտարարեց, որ հաստատակամ են իրենց որոշման մեջ, պետք է լինի ինտեգրում, համակեցություն, և իրենք ամեն ինչ անելու են դրա համար:
Երեկվա միջադեպն էլ հենց դրա ապացույցն էր: Երբ որոշ ժամանակ առաջ նման միջադեպ եղավ արցախցի երեխաների հետ կապված, այն ժամանակ իրենք այլ քաղաքականություն էին վարում, իրենց պահանջն իբրև թե բնապահպանական էր, բայց հիմա որևէ մեկը չի հիշում այդ բնապահպանական պահանջի մասին, հիմա պահանջն արդեն հստակ քաղաքական է, ինչի մասին մենք վաղուց ասում էինք: Ցավոք սրտի, ինչպես միշտ թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ Արցախի իշխանությունները մտան այդ օրակարգի մեջ և գնացին իբրև թե հումանիտար խնդիրներ լուծելու ճանապարհով, բայց դրանով ամեն ինչ փակուղի մտցրին: Բոլորն էլ հստակ գիտեն, որ Ադրբեջանը միայն մեկ օրակարգ ունի՝ դա համակեցությունն է, ես ինտեգրում բառը չեմ էլ ուզում օգտագործել, քանի որ ադրբեջանցիների քայլերը որևէ կերպ չեն տեղավորվում ինտեգրման գաղափարում, այլ տանում են արցախցիների ոչնչացման:

-Տիկի՛ն Հակոբյան, այսօր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նա նշել է, որ տեղափոխումը հնարավոր կլինի միայն ՌԴ խաղաղապահների միջոցով: Իրավիճակն իսկապե՞ս այդ աստիճան ծայրահեղ է:

-Ինձ համար անհասկանալի չէր այդ հայտարարության իմաստը, ստացվում է այնպես, որ մենք 4 ամիս շրջափակման մեջ չէ՞ինք , կարողանում է՞ինք տեղաշարժվել, բայց հիմա հնարավոր էր: Արդեն 4 ամիս է՝ որևէ բնակիչ, եթե նա ինշխանական նեղ շրջանակից չէ, չի կարող տեղաշարժվել, մենք 4 ամիս շրջափակման մեջ ենք եղել և շարունակում ենք մնալ, իսկ թե ի՞նչ էր ուզում ասել պետնախարարը, դա հասկանալի չէր:

զրուցեց Քրիստինա Մուշեղյանը




Լրահոս