Ի՞ՆՉ ԹԵՄԱՆԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պատրիկ Սվենսոնին»,-հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

 

«Շվեդիայի դեսպանությունը Հայաստանում շատ ակտիվ գործունեություն է ծավալում, եւ, որպես օրինակելի օրենսդրություն ունեցող երկրի ներկայացուցչի, շատ կարեւոր էր դեսպանի հետ մեր հանդիպումը, նաեւ՝ իբրեւ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ:

Շնորհակալություն հայտնեցի դեսպանին Շվեդիայի Թագավորության կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչների կողմից ադրբեջանական գործողությունները հասցեական քննադատելու համար։

Ներկայացրի շրջափակման մեջ գտնվող 120000 արցախահայության առջեւ ծառացած խնդիրները՝ ընդգծելով, որ աշխարհը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ եւ անկախ ապրելու իրավունքը՝ Կոսովոյի օրինակով:

Խոսեցինք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի կարեւորության եւ կենսունակության մասին։ Այդ առումով նշեցի, որ Հայաստանը պետք է դառնա այն օղակը, որտեղ կարողանան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները նստել մի սեղանի շուրջ եւ խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որովհետեւ հակառակ ճանապարհը նշանակում է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ցեղասպանություն։

Դեսպանն արտահայտեց իր մտահոգությունը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված դժվար իրավիճակի ու հումանիտար խնդիրների շուրջ՝ նշելով, որ Շվեդիան սատարում է հակամարտության՝ կայուն եւ խաղաղ ճանապարհով կարգավորման միջազգային ջանքերին։

Պարոն Սվենսոնը հայտնեց նաեւ, որ Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայից հետո եղել է Ջերմուկում, անձամբ տեսել, որ թիրախավորվել էին ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ե՛վ դեսպանը, եւ՛ ես միաժամանակ արձանագրեցինք, որ Հայաստանը ժողովրդավարության ճանապարհով զարգանալու այլընտրանք չունի, եւ Շվեդիան պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար։

Դեսպանը նաեւ ողջունեց մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ակտիվ եւ կարեւոր գործունեությունը, ներկայացրեց Շվեդիայի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերը»։

 

 

 

 

 

ՆՈՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԺԱՄԱՆԻ

Ապրիլի 3-6-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությունը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստան ժամանող պատվիրակությանը կդիմավորի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

 

 

 

 

 

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը սույն թվականի ապրիլի 1-ից ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում։

Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը սույն թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար։

 

 

 

 

ՄՏՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին, որն ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ, Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի կառավարությանը առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար` համոզմունք հայտնելով, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու գործում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պավել Չեպլակը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացումը:

Հանդիպման ավարտին քննարկվել են նաեւ առաջիկայում Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի` Հայաստան նախատեսվող այցին վերաբերող հարցեր:

 

 

 

 

 

Ի՞ՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն երեկ ֆրակցիայի նիստ է արել 334 սենյակում:

Աշխատանքային քննարկում է եղել, քննարկել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածության հարցը:

 

 

 

 

 

ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

Ադրբեջանն արդեն 4 ամիս է՝ փակ է պահում Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետեւանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ Արցախում սնունդը, դեղորայքը եւ առաջին անհրաժեշտության պարագաները գրեթե սպառված են: Անտեսելով Հաագայի դատարանի որոշումը եւ միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ Ադրբեջանը հրաժարվում է բացել միջանցքը: ArmLur.am-ի հետ զրույցում Մետաքսե Հակոբյանը նշում է, որ Արցախում լարվածությունը խորացել է, մարդիկ անորոշ վիճակում են, չգիտեն այլեւս՝ որ ուղղությամբ նայեն: Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարոտւղար Էնթոնի Բլինքենի վերջերս հնչեցրած հայտարարությանը, որ ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերաբացվի Լաչինի միջանցքը, Մետաքսե Հակոբյանը կարծում է՝ երկակի ստանդարտներ են: Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով՝ ԱՄՆ-ն մի կողմից՝ կոչեր է անում Ադրբեջանին, մյուս կողմից՝ զինում է նրան:

 

 

 

 

 

 

ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարեն Մանուկյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Կոմիտեին 25.01.2022թ. թիվ 123-Ա հրամանը վերացնելու, նախկին աշխատանքում՝ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչի պաշտոնում հայցվորին վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար զբաղեցրած պաշտոնի միջին աշխատավարձ գանձելու եւ, նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, եւ աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով, վճարելուն պարտավորեցնելու:

 

 

 

 

 

ԴԱՏԱՎՈՐՆ ԱՆԳՈՐԾ ՉՄՆԱՑ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 23-ի հրամանագրով Հայաստանի մարզերում դատավորներ են նշանակվել։ Այդ նշանակումների շարքում  Սասուն Մխիթարյանը նշանակվել է Տավուշի մարզի  առաջին ատյանի ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր։ Սասուն Մխիթարյանը նախկինում աշխատել է որպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի միջդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթները եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելու մասին միջնորդություններն ու բողոքները քննող դատավոր Տավուշի մարզում։  Այդ դատարանը հանրությանն  առավել հայտնի է « կալանքների դատարան»  անունով։ Ըստ Տավուշի մարզից փաստաբաննների՝ Սասուն Մխիթարանը բավարարում էր  քրեական գործերով մեղադրվողների նկատմամբ  որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ  միջնորդությունները։  «Կալանքների դատարանի» լուծարումից հետո Սասուն Մխիթարյանն  անգործ էր  մնացել, սակայն  իշխանությունը, գնահատելով նրա մատուցած ծառայությունները, նրան նշանակել է  Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 




Լրահոս