ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ԴԵՊՔԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու, Արմավիրի եւ Վայոց ձորի մարզային քննչական վարչություններում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են դանակահարությունների մի քանի դեպքեր։

 

Մասնավորապես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2022թ. հուլիսի 11-ին՝ երեկոյան, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչը 38-ամյա եղբոր հետ Ալավերդու այգում մասնակցել է հացկերույթի։ Այդ ընթացքում՝ ժամը 22:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել վերջինիս եւ հացկերույթի մեկ այլ՝ 50-ամյա բնակչի միջեւ: Նշված անձինք պարզաբանումներ կատարելու նպատակով առանձնացել են այգում, որտեղ նրանց միջեւ շարունակվող վիճաբանության ընթացքում 50-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է 38-ամյա տղամարդուն, այնուհետեւ՝ վիճաբանությանը միջամտած վերջինիս 35-ամյա եղբորը։ Եղբայրներին պատճառվել է ծանր մարմնական վնաս:

Ալավերդի քաղաքի 50-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի 47-ամյա բնակիչը իր գործընկերուհու հետ Արմավիրի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղմթերքի  շուկայում զբաղվել է գյուղատնտեսական մթերքների վերավաճառքով: 2022թ. օգոստոսի 1-ին շուկայի աշխատակիցներից մեկը դիտողություններ է արել 47-ամյա տղամարդուն, պահանջել այլեւս շուկա չգալ, բացի այդ, պարբերաբար կոնֆլիկտային իրավիճակներ է ստեղծել եւ հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել 47-ամյա տղամարդու ու նրա գործընկերուհու հասցեին: 2022թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, 47-ամյա տղամարդը, շուկայում տեսնելով հիշյալ աշխատակցին, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մամնական վնասվածքներ:

47-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Վերոնշյալ երկու վարույթներով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Նշված վարույթներով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, եւ վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազներին։

Դանակահարության եւս մեկ դեպք բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ։ Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023թ. մարտի 11-ին` ժամը 14.00-ից 16.10-ն ընկած ժամանակահատվածում, Գետափ գյուղի 32-ամյա բնակիչը երկու անձանց հետ գտնվել է Աղավնաձոր բնակավայրի Երեւանյան խճուղում գտնվող սննդի կետում: Նրանց միջեւ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, ինչից հետո 26-ամյա երիտասարդը 32-ամյա տղամարդու հետ դուրս են եկել սննդի կետից, քայլել դեպի «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածք, որտեղ երիտասարդը իր մոտ նախապես եղած կտրող-ծակող գործիքի գործադրմամբ դիտավորությամբ հարվածներ է հասցրել 32-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով կյանքի համար վտանգավոր, ծակած-կտրած, թափանցող վնասվածքներ:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

 

ՄԱՀԱՑԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՄՈՐ ՀԵՏՔԵՐՈՎ

Իրավապահներն արդեն 4-օրն է, ինչ փնտրում են Գորիսում մահացած հայտնաբերված նորածնի մորը: Մասնավորապես, հիվանդանոցներում ստուգում են, թե մեկ ամիս առաջ ինչ ծննդկաններ են գնացել հերթական ստուգման, որպեսզի այդ ճանապարհով գտնեն մորը: Նշանակվել է փորձաքննություն, որ հասկանան, թե երեխան մահացած է ծնվել, թե ծնվելուց հետո է մահացել:

 

2023թ. մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին եւ հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Նոր Զանգեր կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Հաղորդման առթիվ 2023թ. մարտի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Դեպքի վայրի զննությամբ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջակողմյան ձորակում՝ ճանապարհի եզրից 25.3 մետր հեռավորության վրա՝ սոճենու ծառի տակ, հայտնաբերվել է իգական սեռի նորածնի դիակ:

Դիակը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով: Դիակի շրջակայքում հայտնաբերվել է սավան, պոլիէթիլենային պարկ, որի մեջ եւ կողքին եղել են տարբեր իրեր, խաղալիք, սննդի մնացորդներ:

Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ մարտի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, վորհիշյալ տեղանքում աստղաշուշան հավաքելու ընթացքում շան հաչոցի վրա մոտեցել եւ հայտնաբերել է նորածնի դիակն ու անմիջապես զանգահարել է ոստիկանություն:

Քրեական վարույթով օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հանձնարարություն է տրվել ոստիկանությանը ծննդկանին հայտնաբերելու եւ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ՀԱՎԱՔՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔԸ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հարություն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Երեւանի թիվ 2 ստորաբաժանումում որպես պահեստազորային, 04.07.2022 թ. պատշաճ կարգով ծանուցված լինելով 01.08.2022թ. վարժական հավաքների վայր մեկնելու համար տարածքային ստորաբաժանում ներկայանալու վերաբերյալ, հրաժարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2022թ. հունիսի 23-ի թիվ 941-Ն որոշմամբ հայտարարված վարժական հավաքներին մասնակցելուց եւ ծանուցագրում նշված օրը՝ 2022 թվականի օգոստոսի 01-ին, չի ներկայացել տարածքային ստորաբաժանում՝ խախտելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջները, խուսափել է 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը անցկացվող վարժական հավաքներից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԸ ՊՈԿՎԵԼ ԵՆ

Օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարը, ըստ փաստաթղթերի, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներկրել սպիտակ ցեմենտ: Համապատասխան մաքսային հսկողությունից հետո տեղադրվել են մաքսային կապարակնիքները, եւ  բեռնատարը Մեղրիից տեղափոխվել է նշանակման մաքսային մարմին: Կատարվել է բեռնատար ավտոմեքենայի տեսազննում, ինչի արդյունքում հայտնաբերվել է մեքենայի կիսակցորդի եւ կցորդի վրա ՀՀ մաքսային մարմինների կողմից տեղադրված  2 ապահովման միջոցների միտումնավոր խախտման դեպք։ Մասնավորապես, կապարակնիքները հեռացնելու նպատակով կտրել են դրանց մաս կազմող մետաղալարերը, այնուհետեւ արարքը քողարկելու նպատակով մետաղալարերը սոսնձի միջոցով կրկին ամրացրել են կապարակնիքներին։ Քանի որ առաջացել են  հիմնավոր կասկածներ, որ սահմանահատումից հետո՝ մինչ Ժամանակավոր պահպանման պահեստ հասնելը, մեքենայում գտնվող  ապրանքները փոխարինվել են այլ ապրանքներով, տեղում կիրառվել է  նաեւ տեխնիկական միջոց` ռենտգեն սարք, որպեսզի տվյալները համեմատվեն  Մեղրիի անցակետից ստացված տվյալների հետ։ Պարզվել է՝ ավտոմեքենայի բեռն ամբողջությամբ փոխարինվել է այլ բեռով: Տեղում կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 306-րդ, 307-րդ եւ 308-րդ հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածները ենթադրում են կապարակնիքների խախտում, առանց մաքսային մարմինների թույլտվության բեռների բեռնաթափման ու  բարձման գործողություն եւ բեռների օտարում: Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն հետագա ընթացքը որոշելու  համար:

 

 




Լրահոս