ԿԱՆ ՄԵԾ ԹՎՈՎ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում կառուցվածքային փոփոխությունները տեղի կունենան երկու փուլով»,- երեկ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

Նրա խոսքով՝ առաջին փուլով կգնան ֆունկցիոնալ բաշխումների, երկրորդ փուլում փոփոխություններն ուղղված կլինեն ավելի շատ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող կառուցվածքային փոփոխություններին, մասնավորապես՝ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ձեւավորմանը։ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախարարությունում կան բավականին մեծ թվով թափուր աշխատատեղեր, եւ առաջիկայում ակտիվորեն դրանք համալրելու աշխատանքներ են տարվելու։ Արդեն իսկ, ըստ նրա, բազմաթիվ մրցույթներ կան հայտարարված։

Նախարարը նշեց, որ մի քանի կարեւոր ուղղություններով աշխատանք է արվել, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում ամբողջացրել են հանրակրթության կառավարման գործընթացի նախապատրաստման իրավական ողջ փաթեթը, արդեն հաստատվել են բոլոր անհրաժեշտ կարգերը: «Առաջիկայում կառավարման վերափոխված համակարգը կսկսի գործել այն դպրոցներում, որտեղ տնօրենների լիազորությունների ժամկետներն ավարտվում են ապրիլի 13-ից հետո»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը։

Նա նաեւ հայտնեց, որ 2023 թվականի սեպտեմբերից բոլոր դպրոցներում փուլային ձեւաչափով կսկսվի ներդրվել հանրակրթության նոր չափորոշիչը։

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորմանը՝ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այդ գործընթացը բարելավել են. այժմ հնարավորություն կունենան կամավոր ատեստավորման այդ գործընթացին մասնակցել նաեւ այն մարդիկ, որոնք բավարարում են ուսուցչի պահանջներին, բայց չեն աշխատում դպրոցներում: Ամենայն հավանականությամբ, մարտի 27-ից կսկսվի դիմումների ընդունումը, որը կտեւի 2-3 ամիս։

 

 

 

5 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

Բ.Պ.-ն, 2020 թվականի նոյեմբերի 24-ից մինչեւ 2021 թվականի հուլիսի 22-ը հանդիսանալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 5-րդ պահաբաժնի անտառապահ, պատշաճ չի կատարել իր պարտականությունները, որի հետեւանքով նշված ժամանակահատվածում ապօրինի հատվել են տարբեր տեսակի 52 ծառեր եւ 7 ճյուղեր՝ պետությանը  պատճառելով  5 մլն 43 հազար դրամի վնաս:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Նախաքննության ընթացքում Բ.Պ.-ն չի վերականգնել պատճառված վնասը:

2021 թվականի սեպտեմբերի 6-ին  նախաձեռնվել է քրեական վարույթ: 2022 թվականի մարտի 28-ին Բ.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել  18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն):

Դատախազը 2023 թվականի մարտի 20-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան: Միաժամանակ  ներկայացվել է հայցադիմում՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Այսօր՝ 21:00-ին, Երեւանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Մինչ այդ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները կունենան նախախաղային մարզումներ, եւ մարզիչները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի եւ թիմի ավագ Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մարտի 24-ին՝ ժամը 16:30-ին, եւ կհեռարձակվի սոցցանցերում, ՀՖՖ պաշտոնական էջերում։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի եւ ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մարտի 24-ին՝ ժամը 18:15-ին։

Թուրքիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Այս ֆուտբոլային հանդիպումն ինքնին կարող ենք պատմական համարել: Իսկ ՈւԵՖԱ-ի որոշմամբ խաղին ներկա չեն լինի թուրք երկրպագուները՝ անվտանգության նկատառումներով։ Հանդիպման բոլոր տոմսերը դեռ մեկ շաբաթ առաջ էին սպառվել, իսկ  Հանրապետական մարզադաշտը ավելի քան 14 հազար հանդիսական է տեղավորում։ ArmLur.am-ը գրել էր, որ 14 հազարից մոտ 5 հազար տոմս չէր վաճառվել՝ կրկին անվտանգության նկատառումներից ելնելով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս