Լուսանկարն արվել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ երբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը:
Հայկուհի Պետրոսյան (60 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`
l անձը չունի կենսաթոշակի իրավունք,
l կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,
l ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ կուսակցության առաջին համագումարները երբ եւ ինչպես պետք է գումարել։ Հետաքրքիր է՝ ինչ չափանիշներ, պահանջներ ու արգելքներ կան։
Կարապետ Մուրադյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կուսակցության հիմնադիր համագումարը որոշումներ է ընդունում կուսակցության ստեղծման, կուսակցության ծրագրի ընդունման եւ կանոնադրության հաստատման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց), ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին, ինչպես նաեւ իր կազմից ընտրում է մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար): Կուսակցության ստեղծման մասին որոշումն ընդունվում է կուսակցության հիմնադիր համագումարին ներկա առնվազն 100 հիմնադրի միաձայն որոշմամբ: Կուսակցության ծրագրի եւ կանոնադրության հաստատման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց), ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ձեւավորման մասին որոշումներն ընդունվում են կուսակցության հիմնադիր համագումարին ներկա հիմնադիրների ձայների մեծամասնությամբ: Հիմնադիր համագումարի կազմակերպիչները հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am, հրապարակում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման ժամանակի եւ վայրի մասին ծանուցում, ինչպես նաեւ կուսակցության կանոնադրության եւ ծրագրի նախագծերի հիմնական դրույթները:
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենք
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կուսակցության` որպես իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է պետական գրանցման պահից, այսինքն՝ որպես սուբյեկտ՝ կուսակցությունը սկսում է իր գործունեությունը, ձեռք բերում իրավունքներ գրանցման պահից։