Նոր մանրամասներ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած դեպքից. դիմել են միջազգային կառույցներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանցիները ապրիլի 4-ին հերթական ահաբեկչական քայլն են իրականացրել արցախցիների նկատմամբ`արգելափակելով ՌԴ խաղաղապահների մեքենան, որով 27 արցախցիներ Գորիսից վերադառնում էին Ստեփանակերտ։ Արցախցի չորս կանանց ինքնազգացողությունը դրանից վատացել էր, նրանցից 3-ը ուշագնաց էին եղել։

Մինչ այս պահը որեւէ երկիր կամ միջազգային կառույց չի արձագանքել ադրբեջանի հերթական հայատյաց քայլին։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ միջադեպի մասով դիմել է միջազգային տարբեր կառույցների, փաստեր է ներկայացրել, սակայն դեռեւս արձագանք չկա.

«Անընդհատ էլ դիմում ենք միջազգային տարբեր կազմակերպությունների՝ ոչ միայն երեկվա միջադեպի հետ կապված։ Ինչ սկսվել է շրջափակումը, շուրջ տասը զեկույց եմ հրապարակել, որոնք անմիջապես ուղարկվել են միջազգային կազմակերպություն: Ցանկացած տեղեկություն, որը հրապարակվում է նաեւ սոցիալական կայքերում, հրապարակվում է մեր պաշտոնական էջում, հատուկ տեղեկագրի տեսքով ուղարկվում է միջազգային կազմակերպությունների։

Կոնկրետ երեկվա միջադեպի հետ կապված եւս դիմումներ ուղարկել եմ:

Այս պահի դրությամբ կոնկրետ միջադեպի մասնակիցներից շարունակում ենք ստանալ փաստեր, տեղեկություններ, որոնք ամփոփվելուց հետո տեղեկանքի տեսքով, արդեն մարդկանց վկայություններով, թե ինչ զգացողություններ են եղել, ինչպես է մեքենան կանգնեցվել, ինչպես են ադրբեջանցիները մուտք գործել, ինչպես է մեքենան կանգնեցվել, հավաքագրվել են եւ նկարներով, տեսանյութերով ուղարկվել են միջազգային կազմակերպությունններին, բայց դեռ արձագանք»,-ասաց նա:

Իսկ թե ինչով է պայմանավորում կոնկրետ վերջին միջադեպի հետ կապված քար լռությունը, Գեղամ Ստեփանյանն ասում է.
«Զեկույցները մինչեւ տեղ են հասնում, մինչեւ ծանոթանում են նյութերին, ժամանակ է այս ամենը պահանջում»:

Ստացվում է՝ միջազգային հանրության անտարբերության եւ քար լռության պայմաններում Արցախի շուրջ 120 հազար բնակիչ գրեթե ամեն օր ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների է ենթարկվում բռնատիրական Ադրբեջանի կողմից:
Գրեթե ամեն օր մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին աղաղակող երկրները եւ միջազգային կազմակերպությունները շարունակում են լռել Ադրբեջանի անմարդկային արարքների մասին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս