
Օրերս խորհրդարանում հանդիպեցինք Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության անդամների հետ։ Այս մասին հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Գործընկերներիս ներկայացրի շրջափակված Արցախում տիրող իրավիճակը։ Ընդգծեցի Արցախ միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը, որպեսզի արձանագրեն, թե ինչպես են ադրբեջանցիները յուրաքանչյուր օր ոտնահարում Արցախի խաղաղ բնակչության կյանքի և մյուս հիմնարար իրավունքները։
Քննարկման ընթացքում ահազանգեցի, որ Ադրբեջանը Արցախի հայաթափման հանցավոր նպատակ է հետապնդում, իսկ 115 օրվա շրջափակման պայմաններում արցախահայությունը պայքարում է ողջ մնալու համար։
Շեշտադրեցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հրատապ անհրաժեշտությունը՝ ակնկալելով Շվեդիայի աջակցությունը այս հարցում։