«Նոր Զովք»-ը վերականգնել է պետությունից թաքցված հարկային պարտավորություններից 2 միլիարդ դրամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Զովք» ընկերությունը վերականգնել է պետությունից թաքցված հարկային պարտավորություններից 2 միլիարդ դրամը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթով նախաքննությունը։

Ինչպես արդեն տեղեկացվել է փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա.Ա.-ն «Նոր Զովք» ՍՊ ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ.Ա.-ի և գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊԸ-ի սեփականատիրոջ օժանդակությամբ «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցում ներդրել են թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգին համակցված առևտրային ծրագիր։

Դրա օգնությամբ 2019-2023թթ. ընթացքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության փաստացի իրացման շրջանառությունից հարկային մարմին ներկայացված նշված ժամանակահատվածի վերաբերյալ հաշվարկ-հաշվետվություններում պակաս է ցույց տրվել իրացման շրջանառությունը, որի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 4.127.611.164 ՀՀ դրամ հարկ:

Նախաքննության ընթացքում «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա.Ա.-ին, ընկերության տնօրեն Ռ.Ա.-ին, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերոնշյալ ՍՊԸ սեփականատեր Վ.Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա.Ա.-ն, ընկերության տնօրեն Ռ.Ա.-ն, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ն ընդունել են դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը և ընկերության կողմից հարկային մարմնին ներկայացված ճշտված հաշվետվությունների արդյունքում պետական բյուջե է վճարվել 2.000.000.000 դրամ։

Հաշվի առնելով, որ նման պայմաններում քրեական վարույթով մեղադրյալների օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել նվազ խիստ խափանման միջոցի կիրառմամբ՝ նշված 3 անձանց նկատմամբ նախկինում որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխվել է և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»։

Հիշեցնենք, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերեւույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի ծավալուն նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջը եւ երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային աջակցություն ցոցաբերած ՍՊԸ սեփականատիրոջը՝ նշված հանցավոր արարքների կատարմանն օժանդակելու համար։




Լրահոս