Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Ստամբուլում։
Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Պոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ Բ Մաշալյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԽՀԿ գործկոմի անդամներ Եփրեմ Բաղը, Ալեն Թէքպըչաքը, Վրեժ Շարոյանը, ինչպես նաև պատվավոր անդամ Տիգրան Ալթունը, Ստամբուլի ներկայացուցիչ Հայկարամ Գարասուն և այլք։
Կոմիտեի նախագահը հայցել է պատրիարքի զորակցությունն ու օրհնությունը։
Իշխան Զաքարյանը ներկայացրել է նախորդ խաղերում Թուրքիայում բնակվող հայերի մասնակցության վիճակագրությունը։
«Համահայկական խաղերը աշխարհի հայերին միավորելու, նոր ծանոթություններ ստեղծելու և եղած կապերն ամրապնդելու լավագույն միջոցն են»,- ընդգծել է նա։
Իշխան Զաքարյանը Պոլսո պատրիարքին հրավիրել է մասնակցելու Համահայկական խաղերի բացման պաշտոնական արարողությանը։ Պատրիարքը սիրով ընդունել է հրավերը։
Հայսատանի պատվիրակությունն այցելել է նաև Ստամբուլի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցի և կից գործող հայկական դպրոց։
Այնուհետև Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են նաև Պոլսի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց, հանդիպել հիվանդանոցի ատենապետ, Համահայկական խաղերի հովանավորներից Պետրոս Շիրինօղլուի հետ։
Զաքարյանը շնորհակալություն է հայտնել ատենապետին համահայկական խաղերը հովանավորելու համար և հույս հայտնել, որ համահայկական ամառային 8-րդ խաղերին ևս կանի ամեն ինչ, որպեսզի մարզիկները խաղերին մասնակցության խնդիր չունենան, հատկապես, որ արդեն իսկ ստացված հայտերի քանակից պարզ է դառնում՝ Թուրքիայից սպասվում է մեծ թվով մարզիկների մասնակցություն։ Պետրոս Շիրինօղլին խոստացել է այս տարի ևս անմասն չմնալ պոլսահայ մարզիկների՝ համահայկական խաղերին մասնակցության ծախսերը հոգալու հարցում։«Իբրև համայնք արել և անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր մարզիկներն ըստ պատշաճի մասնակցեն Համահայկական խաղերին և Թուրքիայում ապրող երիտասարդները նաև այս կերպ պահեն կապը Հայրենիքի հետ»,- վստահեցրել է Պետրոս Շիրինoղլին։ Այցի ընթացքում նախատեսված են նաև պաշտոնական հանդիպումներ Թուրքիայի սպորտային ղեկավարների հետ։