Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը, Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը և Արթուր Սարգսյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ և առաջարկում են փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:
Նրանք առաջարկում են ամրագրել, որ ՀՀ վարչապետը պետք է տվյալ համայնքի ավագանու առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության առաջարկով վերջինիս ներկայացուցչին նշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Բանն այն է, որ այժմ գործող կարգավորումների համաձայն, եթե օրենքով միավորված համայնքի ավագանու, այդ թվում նաեւ համամասնական ընտրակարգով ձեւավորված ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Արդյունքում, ըստ պատգամավորների, ստացվում է, որ ՀՀ վարչապետին տրվում է լիազորություն՝ իր հայեցողությամբ նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար, առանց հաշվի առնելու այն փաստը, որ համայնքի բնակիչներն իրենց ընտրությամբ արդեն որոշել են, թե իրենց համայնքի կառավարման գործընթացում որ քաղաքական ուժին են ամենաշատը վստահում:
Ն.Հ.