Ինչ են զրուցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. Կրեմլի ու հայկական կողմի արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ:

Իսկ ահա Կրեմլի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի առաջարկով: Հաղորդագրության համաձայն, շարունակել են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Եվ այս համատեքստում կրկին կարևորվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունները:

Բացի այդ, Կրեմլի հաղորդմամբ, երկկողմ հարաբերությունների հետ կապված այլ հարցեր են ևս քննարկվել:




Լրահոս