ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. տուժածներ չկան, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են. հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:

 

Ըստ հաղորդագրության՝ երեկ՝ ժամը 11:30-ին, Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է մարտի 26-ին Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին:

Շաբաթ օրն էլ Ստեփանակերտը հաղորդեց, որ Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական զինուժը խախտել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախի տարածքում:

Ռուսական կողմը եւս դա եռակողմ հայտարարության խախտում համարեց եւ պարզաբանեց՝ Ադրբեջանը հատել է շփման գիծը Շուշիի շրջանում, զբաղեցրել Սարըբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արեւելք գտնվող բարձունքն ու սկսել դիրքի ինժեներային կահավորում։ Ըստ Ստեփանակերտի՝ խաղաղապահներն այժմ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ նրանց ելման դիրքեր վերադարձնելու համար։

Այս մասին հայտնել է նաեւ Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ Ադրբեջանի կողմից Շուշի-Լիսագոր հատվածում շփման գիծը խախտելու եւ դիրքային առաջխաղացում ապահովելուն:  «Ադրբեջանը, ճնշումներ գործադրելով, փորձում է պարտադրված բանակցությունների կամ քաղաքական քննարկումների ֆոն ստեղծել։ Միջազգային հանրության թողտվությամբ՝ Արցախի շրջափակման պայմաններում գործնական քայլեր չանելու պատճառով Ադրբեջանը շարունակում է իրականացնել իր որդեգրած քաղաքականությունը՝ ճնշումներ գործադրել եւ լիակատար շրջափակել Արցախը։ Նման ճնշումներով գլոբալ առումով էթնիկ զտումներ ու նաեւ ցեղասպանության  նախապատրաստման աշխատանքներ են իրականացնում, որ հասնեն իրենց նպատակներին։ Բայց ճնշումների միջոցով չի ստացվելու իրականացնել այդ նպատակները, մենք չենք պատրաստվում այդ ճնշումների արդյունքում գնալ ինչ-որ զիջումների՝ «ինտեգրացիայի», չի կարող նման բան լինել», – նշում է նա։ Արցախի իշխող ուժի պատգամավորն ընդգծում է՝ Հաագայի միջազգային դատարանի որոշման կատարման ապահովումը պետք է կատարի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, բայց մեկ ամսից ավելի է՝ Ադրբեջանը չի կատարում դատարանի պահանջները, եւ Արցախը շարունակում է շրջափակված մնալ։

Արցախի ԱԳՆ-ն երկու օր առաջ տարածած հաղորդագրության մեջ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից պահանջում էր կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը։

Արթուր Հարությունյանն ասում է՝ Ադրբեջանը միջազգային հանրության, մասնավորապես ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից գործնական քայլեր չանելուց է ոգեւորվում եւ շարունակում այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք  տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարում են։

Իսկ ի՞նչ անել, եթե ՄԱԿ-ի անվտանգությանը խորհուրդը չի ապահովում դատարանի որոշման կատարումը. Արթուր Հարությունյանը հղում է անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։

«Ռուսաստանի Դաշնությունը ռուս խաղաղապհների զորակազմի ներկայությամբ պետք է ապահովի եռակողմ հայտարարության կատարումը։ Մենք հղում ենք անում թե՛ 2020 թվականի եռակողմ հայտարարությանը, թե՛ Հաագայի դատարանի որոշման կատարմանը. պետք է գործնական քայլեր ձեռնարկվեն, այլապես Ադրբեջանը շարունակելու է էթնիկ զտումների եւ ցեղասպանության քաղաքականությունը եւ հասնելու է իր նպատակին՝ հայաթափել Արցախը։ Իսկ «ինտեգրացիայի» մասին խոսակցությունները  միջազգային հանրության համար աչքակապություն  են»,- հավելեց նա։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

 

3 ՕՐՈՎ ԱՄՆ-ՈՒՄ ԷՐ

Այս օրերին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը գտնվում էր ԱՄՆ-ում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա այնտեղ է գտնվել մարտի 24-26-ը:

Նա այնտեղ էր մեկնել՝ մասնակցելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք Համահայկական ֆուտբոլի երիտասարդական ասոցիացիայի տարեկան միջոցառմանը:

Նշվում է, թե գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

 

 

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ

ՀԱԷԿ-2 նախագծի շրջանակներում կայացել է կադրերի պատրաստման հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը: Ռուսական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ-ում «Ռոսատոմ» պետկորպորացիայի ներկայացուցիչ Վ. Մ. Պրոշկինը։ Հայկական կողմից նիստին մասնակցում էին նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարւթյան, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ։

Փոխադարձ քննարկումների ընթացքում կողմերը կարեւորեցին ՀՀ ատոմային բնագավառի համար կադրերի պատրաստման առումով հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնմանն ու հետագա զարգացմանն ուղղված հարցերի համատեղ մշակումը, երկկողմանի առաջարկների դիտարկումն ու ընդգրկումը ներկայացված պլան-նախագծում, ինչպես նաեւ լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերին ուղղված հայկական կողմի պահանջարկների ուսումնասիրությունն ու դրանց իրականացումը Ռոսատոմի տեխնիկական ակադեմիայի եւ «Ռոսատոմ» ՊԿ գործընկեր բուհերի բազայի վրա։

Հանդիպման ավարտին ռուսական պատվիրակության ղեկավար Վ. Պրոշկինը համոզմունք հայտնեց, որ, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում շատ նախագծեր հաջողվում է իրականացնել առավել արագ տեմպերով եւ մեծ արդյունավետությամբ՝ շնորհիվ մեծ ներուժի՝ ի դեմս ոլորտային մասնագետների կրտսեր հետեւորդների։

 

 

 

 

ԱՄՆ-Ն  «ՉԵՄՊԻՈՆ» Է

ԱՄՆ-ն վաղուց «չեմպիոն» է դարձել աշխարհի տարբեր մասերում սանձազերծված պատերազմների թվով եւ այլ պետությունների ինքնիշխանության խախտումներով. այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

«Տեղին ու անտեղի Ժողովրդավարական կարգախոսներ հնչեցնելով՝ իրականում Վաշինգտոնը վաղուց արդեն չեմպիոն է դարձել պետությունների ինքնիշխանության խախտման, սանձազերծված պատերազմների ու հակամարտությունների թվի, այլ երկրների քաղաքացիների նկատմամբ կոպիտ ու անօրինական որսի առումով»,- ասել է նա ՀՏրՌռրՍՈÿ չՈջպՑՈ-ին տված հարցազրույցում։

«Եթե ԱՄՆ-ն իսկապես որոշի շարժվել դեպի ժողովրդավարություն եւ դադարի նվաստացնել իր դաշնակից վասալներին, մենք դա միայն կողջունենք»,-հավելել է նա։

 

 

 

 

ԿԵՂԾ ԴԻՊԼՈՄՈՎ ԳՅՈՒՂԱՊԵՏ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա օգտագործել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող եւ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ, որպեսզի գործողություններն արտահայտվել են հետեւյալում. Գագիկ Սարգսյանը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը, այն է՝ «1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն» շրջանցելու նպատակով քննությամբ չպարզված հանգամանքներում եւ ժամանակահատվածում ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության «Բարձրագույն մասնագիտական կրթության Կ.Ա. Տիմիրյազեւի անվան ՄԳՏԱ-Ռուսաստանի պետական ագրարային համալսարան»-ի անվամբ 2002 թվականի հուլիսի 01-ին տրված N 3958784 սերիայի 83 գրանցման համարի կեղծ դիպլոմ, որով հավաստվել է բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը, որից հետո այն օգտագործելու եղանակով դրել է փաստաթղթաշրջանառության մեջ եւ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին դիմումին կից ներկայացրել է Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանին՝ խնդրելով իրեն նշանակել Արտաշատ համայնքի Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավար։ Այնուհետեւ Կ. Մկրտչյանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1259-Ա որոշմամբ՝ Գագիկ Սարգսյանը նշանակվել եւ մինչ օրս հանդիսանում է Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավար։

 

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Ամոեւին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2022թ. ապրիլի 29-ին գտնվելով «Ռոսիա» տոնավաճառի հետնամասում՝ Երեւան քաղաքի Մովսես Խորենացու 36 հասցեում գործող «Վոյս» ակումբում, զանգահարել է իր ընկերոջը՝ Արթուր Մարգարյանին, եւ խնդրել գալ իր հետեւից: Վերջինս չի մերժել Ա. Ամոեւի խնդրանքը եւ նշված ակումբի հարակից տարածքից «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Ամոեւին տեղափոխել է Նոր Նորք վարչական շրջանի ուղղությամբ: Երեւան քաղաքի Սայաթ-Նովա 40 հասցեի մոտ Ա. Մարգարյանն Արթուր Ամոեւի պահանջով կանգնեցրել է ավտոմեքենան, որից հետո վերջինս, իջնելով ավտոմեքենայից, քայլել է դեպի Սայաթ-Նովա փողոցի 40 հասցեում գտնվող շենքի մոտ, որտեղ փակցված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառը, եւ կարծելով, որ տվյալ շենքը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը, խուլիգանական մղումներով, սեփական անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցծով տարված՝ Ա. Ամոեւն ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել ուրիշի գույքը վնասելով:




Լրահոս