ՄԻՋԱԴԵՊ՝ ՊԱՐԵԿՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական եւ վարութային գործողություններ՝ նույն մարզում ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

2023 թվականի մարտի 24-ին ՊԾ Գեղարքունիքի մարզի ավագ պարեկի կողմից ներկայացված զեկուցագրի համաձայն՝ Ծովակ գյուղից մինչեւ Կարճաղբյուր գյուղ ընկած ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող պարեկները նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, նկատել են կայանված «Վազ 2114» մակնիշի ավտոմեքենա: Ելնելով կայանված դիրքից՝ վերջիններս, կարծելով, թե օգնության կարիք կա, մոտեցել են նշված ավտոմեքենային, որից իջել են երեք անձինք: Նրանցից մեկը՝ Գեղարքունիքի մարզի 29-ամյա բնակիչը, սկսել է հայհոյել պարեկային ծառայողներին, որից հետո վերջիններիս են մոտեցել նաեւ նույն մարզի 30 եւ 31-ամյա բնակիչները եւ նույնպես սկսել են հայհոյել: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը քաշքշել ու հարվածել է պարեկներին, ինչպես նաեւ պոկել է նրանցից մեկին ամրակցված տեսախցիկը եւ փորձել պոկել մյուս ծառայակիցների տեսախցիկները, իսկ 29-ամյա տղամարդը ոտքով հարվածել է պարեկային ծառայության ավտոմեքենայի աջ հատվածին՝ վնասելով այն: Նշված գործողությունների ընթացքում պատռվել է պարեկներից մեկի հագին եղած ծառայողական լուսարձակող բաճկոնը:

Վերջիններիս կողմից կիրառվել է արցունքաբեր գազ, ֆիզիկական ուժ։ 30 եւ 31-ամյա տղամարդիկ, հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածանքի հիմքով, ձերբակալվել են, իսկ 29-ամյա տղամարդը, ում ձեռքին եղել է մահակ, դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հիշյալ պարեկները տուժող են ճանաչվել եւ հարցաքննվել։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված երկու անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, եւ նրանց ներկայացվել է մեղադրանք։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք եւս բավարարվել են։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 29-ամյա տղամարդուն հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը լուծելու ուղղությամբ:

 

 

 

 

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Մարտի 25-ին՝ ժամը 23:46-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց առաջին ահազանգը: Անհայտ քաղաքացին զանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Սարմենի փողոցում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հինգ հոգու միջեւ ծեծկռտուք է: Տեղյակ պահվեցին նաեւ մայրաքաղաքի կենտրոնում ծառայություն կատարող պարեկային կարգախմբերը:

Մինչ բաժնի օպերատիվ խումբը մեկնում էր դեպքի վայր, ստացվեց նույնաբովանդակ մեկ այլ ահազանգ: Քաղաքացին հայտնում էր, որ նույն տարածքում մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուք է: Առաջինը դեպքի վայր հասան Երեւանի պարեկները եւ, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Սարմենի փողոցում ձերբակալեցին ու ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին չորս երիտասարդի, որոնցից երկուսը՝ Երեւանի, երկուսը` Նոր Հաճնի բնակիչ: 29-ամյա երեւանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Հանգամանքները պարզվում են:

 

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ եւս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանց» ծրագրի «Տրանշ 1» եւ «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Վ.-ից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, բռնագանձել մասնավորապես՝

– Վահագնի թաղամասում գտնվող 2 անշարժ գույք եւ 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 316 մլն դրամ,

– շուրջ 1 մլրդ 21 մլն դրամ՝ որպես փոխառություն տրամադրված գումարի, օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի եւ ապօրինի եկամուտների մնացորդի հանրագումար:

 

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Մարտի 27-ին՝ ժամը 06:22-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի եւ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Երեւան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Mercedes-Benz E350 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գովազդային վահանակին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, արգելափակումից դուրս բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ եւ մահացել է:

 

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԹՄՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաեւ հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր բացահայտել։ Մարտի 21-ին ու 22-ին արձանագրվել է 20-ից ավելի բացահայտում։ Մասնավորապես, Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաեւ Կենտրոնական, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մաշտոցի, Նոր նորքի բաժինների, Ավանի եւ Մարաշի բաժանմունքների, ինչպես նաեւ Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր քաշերով ու փաթեթներով Հաշիշի, Մեթամֆետամինի եւ Մարիխուանայի նմանվող զանգվածներ ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը, որպես ՆԳՆ ոստիկանության գործունեության առաջնային ուղղություն, հետեւողականորեն շարունակվում է։

 

 

 

 

ԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Երեկ՝ ժամը 9։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։

Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:

 

 

 




Լրահոս