ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ 2022Թ.-Ի ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ այցելել է Վիճակագրական կոմիտե կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

 

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը եւ Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել է 2022թ. վիճակագրական ծրագրի կատարման մասին, որն իրականացվել է ամբողջությամբ. նախատեսված 472 միջոցառումը կատարվել է սահմանված ժամկետում: Տարածվել է 23 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց: Նշվել է, որ 2022թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարն առաջին անգամ անց է կացվել համակցված մեթոդով:

Նախաձեռնվել են բարեփոխումներ վիճակագրական կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, միջազգային գործընկեր կառույցների օժանդակությամբ կազմվել են ռեսուրսներ-օգտագործում աղյուսակները, նոր մեթոդի կիրառմամբ մշակվել եւ հրապարակվել են ՀՆԱ-ի եռամսյակային ցուցանիշների սեզոնային ճշգրտված տվյալները, հրապարակվել է «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտության» զեկույց-հաշվետվությունը եւ այլն: Միջազգային վիճակագրական համագործակցության շրջանակում ծրագրեր են իրականացվել Եվրոպական միության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ: Շարունակվել է համագործակցությունը ինչպես վարչական ռեգիստր վարող պետական գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ միջազգային աշխատանքային խմբերի  հետ: ԵՄ մեթոդաբանության հիման վրա՝ աշխատանք է տարվել ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ:

Արդիականացվել են Ազգային հաշվետվողականության հարթակի ցուցանիշները, ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների 30-ամյակի համատեքստում՝ իրազեկման միջոցառում է իրականացվել Միացյալ Թագավորության ազգային վիճակագրության գրասենյակի հետ համատեղ: Արդիականացվել է 139 վիճակագրական արտադրանքի որակի հռչակագիր, ԵՄ Միասնական ինտեգրված մեթատվյալների կառուցվածքը: Առաջիկայում նախատեսվում է նաեւ Վիճակագրական կոմիտեի կայքէջի արդիականացում:

Հաշվետվության վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակում: Վարչապետին մանրամասներ են ներկայացվել Վիճակագրության պետական խորհուրդի գործունեության, ոլորտում քաղաքականության մշակման եւ իրականացման, ինտեգրված պետական վարչական ռեգիստրների համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ: Քննարկման առարկա են դարձել առաջիկա անելիքները, այդ թվում՝ տեղեկությունների աղբյուրների ընդլայնման, ըստ որոշակի չափանիշների՝ գյուղացիական տնտեսությունների  իրավական կարգավիճակի եւ դրա սահմանման բացակայության խնդրի կարգավորման, ռեսպոնդենտների հաշվետվողականությունը խթանող իրավակարգավորումների լավարկման եւ այլ ուղղություններով:

Վարչապետը կարեւորել է ոլորտի բարեփոխումները՝ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային վիճակագրական համակարգի զարգացման տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել միջգերատեսչական տվյալների շտեմարանների շարունակական փոխգործելիություն՝ հիմք ունենալով հասանելիության իրավական կարգավորումները: Կառավարության ղեկավարը նաեւ կարեւորել է ոլորտում թվային գործիքակազմի լայն կիրառումը:

Քննարկման արդյունքներով՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

 

 

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ՝ ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՎ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի եւ ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ-ում գործող կազմակերպության անվամբ սեփականատերը պատրաստվում է Հայաստանից Ռուսաստան արտահանել Սիգ ձկնատեսակի ձկնկիթ ապրանքները ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու եղանակով: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

 

Ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարել ՀՀ-ից ՌԴ արտահանվող, տարանցման հայտարարագրով հայտարարագրված 4520 կգ համաքաշով եւ 3840 կգ զտաքաշով Իշխան ձկնատեսակի հատիկավոր խավիարը: Արդյունքում բավարար կասկած է առաջացել, որ զգալի մասը հնարավոր է հանդիսանում է Սիգ ձկնատեսակի հատիկավոր ձկնկիթ։

Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից հայտարարագրված 4520 կգ համաքաշով եւ 3840 կգ զտաքաշով Իշխան ձկնատեսակի կարմրավուն հատիկավոր ձկնկիթի փոխարեն փաստացի առկա է 4918 կգ համաքաշով եւ 4260 կգ զտաքաշով Սիգ ձկնատեսակի նմանվող դեղնավուն մանր հատիկավոր խավիար։

ՀՀ կառավարության թիվ 2002 որոշման համաձայն՝ սահմանվել է Հայաստանի տարածքից Սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք, ուստի հայտնաբերված Սիգ ձկնատեսակի նմանվող դեղնավուն մանր հատիկավոր ձկնկիթից վերցվել են փորձանմուշներ` դրանց իրական տեսակը պարզելու համար: Նշանակվել է դատակենդանաբանական փորձաքննություն։

Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտարարագրված ապրանքները չեն հանդիսացել Իշխան ձկնատեսակի, այլ սաղմոնների ընտանիքի՝ Սիգ տեսակի ձկնկիթ է եղել։

Փաստի առթիվ, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ կազմված նյութերը տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն հետագա ընթացքը որոշելու համար։

 

 

 

 

7 ԲԱԺԻՆ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,  մարտի 21-ին հիմք ընդունելով  ՀՀ վարչապետի 2023թ.-ի  «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 1550-Լ որոշումը եւ  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հանձնարարականը, որոշում է ընդունել դադարեցնել Տավուշի մարզպետարանի թվով 7 բաժինների գործունեությունը։ Կրճատվել  են  մարզպետարանի հետեւալ բաժինները՝  ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժին, քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ  ճանապարհաշինության բաժին, գյուղատնտեսության եւ բնապահպանոթյան վարչության բնապահպանության բաժին, քարտուղարության վարչատնտեսական բաժին, ընտանիքի, կանանց եւ  երեխաների իրավունքների պաշտպանության բաժին, տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության  հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժին, տեղական ինքնակառավարման  եւ հանրապետական գործադիր մարմիների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային  ծառայության հարցերի բաժին։ ՀՀ մարզպետարանների աշխատակազմը միշտ էլ եղել խիստ ուռճացած՝  հագեցած անհարկի հաստիքներով. վերոհիշյալ  բաժինների կրճատումները պետք է վաղուց արվեին, ոչ թե Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց գրեթե 5 տարի հետո։ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի բաժինների գործունեության դադարեցումը էական ազդեցություն չի կարող ունենալ մարզպետարանի գործունեության վրա, քանի որ մարզպետարանը փաստացի կառավարում է մարզի  ընդամենը երկու ոլորտ՝ մարզի հանրակրթական դպրոցները եւ  մարզի առողջապահական հիմնարկները, դրանք  էլ՝ համապատասխան նախարարությունների հետ համատեղ։

 

 

 

 

ՍՈՂԱՆՔԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Դիլիջան  համայնքի Հաղարծին գյուղի կենտրոնում՝ Աղստեւ գետի աջ ափին, սողանքի մեծ գոտի է։ Սողանքը քանդել է Դիլիջան-Իջեւան երկաթուղու մեծ  հատված, դրա հետեւանքով  այդտեղ փակվել է միջպետական ճանապարհը, եւ տարիներ շարունակ ավտոմեքենաների երթեւեկը կատարվում է Հաղարծին  գյուղի մեջով ձգվող ճանապարհով։ Գյուղի գետամերձ  առանձնատների տերերին պետական բյուջեից դրամական փոխհատուցում է տրվել, եւ նրանք լքել են իրենց  տները։ Հաղարծին գյուղի բնակիչները հայտնում են, որ սողանքային գոտին ակտիվ է, սողանքի օջախի հարակից բլուրներում  տնկված դոկորատիվ ծառեր,  գյուղացիների պտղատու այգիներ կային, սակայն սողանքը տրոհել է այդ այգիները,  բացել հողի կավե շերտը չորացրել պտղատու եւ  եղեւնու ծառերը։ Բնակիչները մտահոգություն ունեն, որ սողանքը մի օր փակելու է Աղստեւի հունը, հսկայական քարերը  լցվելու են գետը կամ գետափին գտնվող  գյուղացիների առանձնատները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս