Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին 2 ամսվա մակրոտնտեսական տվյալները:
Հունվար-փետրվարին արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.9 տոկոս աճ: Արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում աճը կազմել է 77.7 տոկոս, արտահանումն աճել է 96.4, իսկ ներմուծումը՝ 67.4 տոկոսով:
Ծառայությունների ծավալն աճել է 23.5, շինարարությունը՝ 13.2, առեւտրի շրջանառությունը՝ 18, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1 տոկոսով: Անկում է գրանցել էլեկտրաէներգիայի արտադրությունը` 0.2 տոկոս, սպառողական գնաճը կազմել է 8.1, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 0.8 տոկոս:
ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
Միջազգային գործընկերների աջակցությամբ ու համայնքային ծրագրերով այս տարի Երեւանում հիմնանորոգումից հետո շահագործման կհանձնվի 22 մանկապարտեզ: Այս մասին նշվել է երեկ՝ մարտի 27-ին՝ քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման բաժնի պետ Կարեն Գրիգորյանը հայտնեց, որ 2023-ին Երեւանում 7 նոր մանկապարտեզի շինարարական աշխատանքներ կմեկնարկեն։ Մասնավորապես, նոր մանկապարտեզներ կկառուցվեն Ավան, Արաբկիր, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններում։ Շինբարեկարգման ծրագրերով ընթացքի մեջ են նաեւ այգիների բարեկարգման, պոլիկլինիկաների, կամրջային կառուցվածքների նորոգման աշխատանքները: Փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է համայնքային բոլոր ծրագրերի նախագծերում, ինչպես նաեւ կառուցապատողներին տրվող շինթույլտվությունների ժամանակ պարտադիր պահանջ սահմանել հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովումը: Այսուհետ ավարտական ակտերը տրամադրելուց առաջ հաշվի կառնվի նաեւ դենդրոնախագծերի լիարժեք իրագործումը:
19-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ
Երեւանն աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը։ Այս մասին է վկայում numbeo.com պորտալի վերլուծությունը։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն հայտնվել է 84-րդ տեղում, իսկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին 43-րդ հորիզոնականում է։ Աշխարհի ամենաանվտանգ քաղաք է ճանաչվել Աբու Դաբին (ԱՄԷ), 2-րդը Դոհան է (Կատար), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Այմանը (ԱՄԷ)։
Լավագույն տասնյակում են նաեւ Թայբեյը, Թայվան (Չինաստան), Շարժան (ԱՄԷ), Դուբայը (ԱՄԷ), Քվեբեկ Սիթին (Կանադա), Բեռնը (Շվեյցարիա), Սան Սեբաստիանը (Իսպանիա) եւ Մյունխենը (Գերմանիա)։