ԱՐՑԱԽԸ ՓՈՐՁԱԴԱՇՏ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում իրավիճակը վերջին օրերին կտրուկ սրվել է: Հակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացման փորձեր է անում Արցախում, կրակում է քաղաքացիական անձանց ուղղությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, ի՞նչ իրավիճակ է Արցախում, ինչո՞վ եք պայմանավորում հակառակորդի ակտիվացումը վերջին օրերին:

-Այս ամենի պատճառն Ադրբեջանի ատելությունն է Հայաստանի ու Արցախի նկատմամբ, հակառակորդի նպատակն է Արցախը կլանել, ինչպես նաեւ Հայաստանի համար որեւէ շանս չթողնել գոյության համար: Այս նպատակի համար Ադրբեջանը գնում է ցանկացածի քայլի՝ մարդ են սպանում, հոգեբանական ճնշում են գործադրում, ինչ ուզում, անում են: Սրան նպաստում է նաեւ այն, որ միջազգային հանրությունն է անտարբեր, միասնական կարծիք չկա, սրանից օգտվում է Ադրբեջանը եւ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը:

-Ադրբեջանը դիրքային առաջխաղացման փորձեր է նաեւ արել այդտեղ: Ո՞ր հատվածներում է հակառակորդին հաջողվել առաջ գալ, ռազմավարական ի՞նչ նշանակություն ունեն այդ տարածքներն Արցախի համար:

-Շուշիի շրջանում են առաջխաղացման փորձերը լինում: Ադրբեջանը փորձում է սեղմել Արցախի շուրջ օղակը, փորձում է կտրել Շուշիի շրջանի գյուղերը Արցախից: Այսինքն՝ բոլոր քայլերը ձեռնարկում է, որպեսզի վատություն անի Արցախին, մեծ հարված հասցնի: Մյուս կողմից էլ՝ այս ամենն անսպասելի չէր, քանի որ Ադրբեջանը չի թաքցնում իր նկրտումները

-Պարո՛ն Բաբայան, իսկ ռուս խաղաղապահներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի սադրանքները կանխելու համար:

-Ռուս խաղաղապահները որոշ քայլեր ձեռնարկում են, հիմա դիրքավորվել են այնտեղ, որտեղ ադրբեջանցիները հաստատվել են, որպեսզի թույլ չտան նրանց հետագա առաջխաղացումը, բայց այստեղ իր ազդեցությունն է ունենում նաեւ այն, որ սահմանափակ է ռուս խաղաղապահ առաքելության թվաքանակը, ընդամենը՝ 1980 հոգի, ինչը շատ քիչ է. սրա մասին բազմիցս ասել ենք: Խաղաղապահներին պետք է նաեւ մանդատ տրվի, որպեսզի կարողանան ուժ գործադրել, այսինքն՝ պետք է լինեն ոչ միայն խաղաղությունը պահպանող, այլեւ խաղաղություն պարտադրող կողմ. միայն այս դեպքում նման միջադեպերի քանակը կնվազի:

 

-Վերջին սրացումներից հետո Արցախի ղեկավարությունը դիմե՞լ է միջազգային կառույցներին, ի՞նչ արձագանք կա նրանց կողմից:

 

-Միջազգային կառույցներին այնքա՜ն ենք դիմել. ես չեմ ուզում մեզ ծաղրեն, հասկացանք, որ դա ձեւական, ֆորմալ արարողակարգ է, որը պետք է պահպանել, խաղի կանոն է, որը պետք է պահել, բայց պետք է նաեւ հասկանալ, որ արդյունք չկա: Տեսե՛ք, քանի երկիր է շնորհավորել Ալիեւին՝ Նովրուզի կապակցությամբ, ադրբեջանցի էկոակտիվիստներից մեկն ասում է՝ պետք է կտրենք հայերի կոկորդն ու արյան մեջ թաթախենք, որ Նովրուզ տոնենք, իսկ տարբեր երկրներ, որոնք պատեհ ու ոչ պատեհ առիթներով գոռում, ճվում են ժողովրդավարության մասին, Ալիեւի Նովրուզն են շնորհավորում, մի մարդու, որն այս բոլոր գործողությունների եւ նման մարդկանց մեջքին է կանգնած: Միջազգային դատարանը կիսատ-պռատ որոշում է կայացրել, բայց չեն կարողանում ազդել կամ պարտադրել Ադրբեջանին: Հիմա մարդիկ սպեկուլյացիաների են ենթարկում, ասում են՝ փոխե՛ք ռուս խաղաղապահներին. եթե դատարանը չի կարողանում պարտադրել, ռուս խաղաղապահներն ի՞նչ անեն: Արցախը փորձադաշտ չէ. օրհասական վիճակ է այստեղ:

 

 ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՏՐՎԻ

 

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «ՀՀ պետական պարգեւների ու պատվավոր կոչումների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում: Մասնավորաբար, նախատեսվում է օրենքից հանել պատվավոր կոչումները եւ դրանց շնորհման կարգը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՀՀ պետական պարգեւների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, շինարարության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների եւ բացառիկ վաստակի համար: Նախարարությունը կարծիք է հայտնել, որ, չնայած այն հանգամանքին, որ օրենքով պատվավոր կոչումների նախատեսման նպատակն ի սկզբանե եղել է առանձին ոլորտում առանձնակի հաջողություններ եւ ներդրում ունեցած անձանց խրախուսելը, պատվավոր կոչումներն իրավակիրառ պրակտիկայում չեն ապահովում հետապնդած նպատակների իրականացումը:

 

Ավելին, պատվավոր կոչումների շնորհումը հաճախ, դրական հետեւանքներ ունենալու փոխարեն, բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների եւ առանձին մասնագիտությունների եւ կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձեւավորման վրա:

 

Նաեւ նշվում է, թե, օրինակ, մշակույթի եւ արվեստի ոլորտում նախատեսված պատվավոր կոչումների չեղարկման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ որեւէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ:

 

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱԳՆ-Ի  ԳՆՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Արտյոմ Կոշտոյանից արծաթյա կլկլան է գնել, որի արժեքը 442 հազար դրամ է եղել: Այն ներկայացվել է որպես ներկայացուցչական ծախս, սակայն, ամեն դեպքում, մանրամասներ ներկայացված չեն, թե, օրինակ, ում նվիրելու համար է արտաքին գերատեսչության կառույցը նման գնում կատարել եւ այն էլ՝ մեկ գնման ընթացակարգով:

 

Մեկ այլ պայմանագրով ՀՀ ԱԳՆ-ն 400 հազար է տրամադրել: Այդ գումարով նախարարությունը երկու թարգմանիչ է վարձել հայերեն-ֆրանսերեն թարգմանություն իրականացնելու համար, այսինքն՝ յուրաքանչյուր թարգմանչի տրվել  է 200 հազարական դրամ:

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողությունը իրականացնելու համար տրամադրվել է 33 հազար տրանսպորտի ծառայությունների համար, իսկ 13 հազար դրամ էլ ծախսվել է մեկ այլ անգամ՝ մարտի 14-ին, նույն ծառայությունների համար, իսկ մարտի 15-18-ին՝ եւս 48 հազար դրամ:

 

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՈՐՔԱ՞Ն ԿՈՐՈՒՍՏ Է ԿՐԵԼ

 

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը զեկույց է ներկայացրել շրջափակման հետեւանքով Արցախի տնտեսության կորուստների վերաբերյալ:

 

Արցախի բյուջեի մուտքերի մոտ 73%-ը հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանից տրամադրվող բյուջետային վարկն է, մնացած 27%-ը հարկային եկամուտներն են, որոնցից 7 տոկոսային կետը` հանքարդյունաբերության ոլորտի վճարած հարկերն են:

 

Ինչ վերաբերում է ծախսերի մակարդակին եւ դրանց կառուցվածքին, ապա Արցախի բյուջեի ծախսային կառուցվածքը հիմնականում սոցիալական բնույթ ունի, եւ դա պայմանավորված է նաեւ օբյեկտիվ պատճառներով, քանզի, հետպատերազմյան շրջանում շուրջ 30,000 անտուն մնացած արցախցիների խնդրի համատեքստում, ակնհայտ պետք է մեծանար բյուջետային ծախսերում սոցիալական բնույթի ծախսերի մասնաբաժինը։ Վերջինս Արցախի տնտեսական տարածքների կորստի հետեւանքով բյուջետային եկամուտների էական նվազման եւ սոցիալական ծախսերի պահանջի մեծացման  ֆոնին է՛լ ավելի է մեծացնում բյուջետային լարվածությունը։

 

Մասնավորապես, կախված նրանից, թե սոցիալական քաղաքականության ինչպիսի թիրախ կընտրվի (նվազագույն կենսապայմանների, թե նորմալ կենսապայմանների ապահովում), Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 651-752 մլն դրամ (1.65-1.9 մլն ԱՄՆ դոլար)։ Ընդ որում՝ որքան երկար տեւի շրջափակումը, այնքան նշյալ ցուցանիշները դառնալու են ավելի օպտիմիստական գնահատականներ, քանի որ յուրաքանչյուր ավել օր շրջափակումը լրացուցիչ վնասում է Արցախի տնտեսական պոտենցիալին՝ հետեւապես եւ նշյալ գնահատված ծախսերին, եւ դրանց մուլտիպլիկատիվ էֆեկտներին ավելանում է ՀՆԱ պոտենցիալի վերականգման ծախսեր:

 

 

 

 




Լրահոս