ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտնում է. «Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ՝

 

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը՝ նկատի ունենալով, որ մի շարք հասարակական նախաձեռնություններ եւ իրավապաշտպաններ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա վիճակը գնահատել են խիստ մտահոգիչ, իսկ լուծման ուղղությամբ գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ձեւախեղված։ Նրանք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններին առաջարկել են Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը՝ կարեւորելով հասարակական եւ մասնագիտական նախաձեռնությունների հետ համագործակցության շրջանակներում խորհրդարանական ընդդիմության համախորհուրդ գործելակերպը, խրախուսելի համարելով նման կարեւորության հարցերում թեկնածուների ինքնառաջադրման եւ պատրաստակամության կամահայտնությունը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 145-րդ հոդվածը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների համատեղ քննարկումների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները։

 

Այսպիսով, այս պահի դրությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, որոնք առնչվում են բացառապես Էդգար Ղազարյանին։

 

Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որեւէ գործողության չեն վերածվել, եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին որեւէ թեկնածու չի առաջադրել»։

 

 

 

ԿՈՂՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ 415 ՄԱՐԴ

 

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն աջակցել է օրինագծին, որը ԱՄՆ պետքարտուղարին կարգադրում է աշխատել՝ Չինաստանին միջազգային կազմակերպությունների շրջանակներում զարգացող երկրի կարգավիճակից զրկելու ուղղությամբ։

 

Ըստ հրապարակման՝ «ՉԺՀ-ն զարգացող երկիր չէ» ակտին կողմ է քվեարկել 415 մարդ (PRC Is Not a Developing Country Act)։

 

Ինչպես նշում է The Hill-ը, փաստաթուղթը հանձնարարում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարին «միջազգային կազմակերպություններում, որոնց անդամակցում են ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ Չինաստանը, «ձգտել» փոխել Չինաստանի կարգավիճակը «միջինից բարձր եկամուտ ունեցող, բարձր եկամուտ ունեցող կամ զարգացած երկրի կարգավիճակի»։

 

Օրինագծի համաձայն՝ պետքարտուղարը պետք է հետեւի նաեւ, որ Չինաստանը զարգացող երկրի կարգավիճակի պատճառով օգնություն կամ արտոնություններ չստանա։

 

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է  ստորագրել, որով Վիկտորյա Այդինյանին նշանակվել է իր խորհրդական։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Վիկտորյա Այդինյանին նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական»,-ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Վիկտորյա Այդինյանը 2018թ.-ից մինչեւ 2020թ.-ի դեկտեմբեր եղել է Տիգրան Ավինյանի օգնականը։

 

 

 

 

ԵՌՕՐՅԱ ՀԱՎԱՔՆԵՐ

 

2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։

 

Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։

 

Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 

Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին եւ այդ համատեքստում զինված ուժերի առջեւ դրված խնդիրներին՝ նախարարը կարեւորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորման եւ ամրաշինական աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ անդրադարձել զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին։

 

 

 

 

 

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 21-ին «Թվիթեր»-ում հրապարակում էր արել եւ շնորհավորել իրանցիների նոր տարին՝ Նովրուզը: Ուշագրավ է, որ նա դա արել էր Բաքվում արված լուսանկարով:

Այս հրապարակումից հետո նա բուռն քննադատության եւ ծաղրանքի էր ենթարկվել թե՛ Ադրբեջանում, թե՛ Իրանում, սակայն հետաքրքիր է, որ նա արդեն ջնջել է իր այդ հրապարակումը:

Հերթական անգամ նախագահի քայլը ծաղրի առարկա է դարձրել Հայաստանին միջազգային ասպարեզում:

 

 

 

ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ՝ ՍՈՉԻՈՒՄ

 

ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Մաթեւոս Ասատրյանը մարտի 30-ից ապրիլի 5-ը կգործուղվեն Սոչի: ՔՊ-ականները Սոչիում կմասնակցեն «Հայաստանի օրերը՝ Ռուսաստանի մարզերում» խորագրով միջոցառմանը: Գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարելու է հրավիրող կողմը:

 

 

 

 

 

 

 




Լրահոս