Երեւանի «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից խարդախություն կատարելու, վստահված գույքը հափշտակելու եւ կաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2001թ. մինչեւ 2019թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երեւանի «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը՝ Գ.Հ.-ն նշված մանկապարտեզի տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, եւ որոնց մի մասն առհասարակ տեղյակ չի եղել տվյալ ՀՈԱԿ-ում իրենց՝ որպես աշխատող գրանցված լինելու մասին։ Այդկերպ տնօրենը շարունակաբար հափշտակել, ապօրինի եւ անհատույց իրենն ու այլ անձանցն է դարձրել նշված անձանց անվամբ դուրս գրված աշխատավարձի՝ իր տնօրինմանը փաստացի հանձնված առանձնապես խոշոր չափերով` 19.938.294 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, նշված ժամանակահատվածում մանկապարտեզի տնօրենը, տեղյակ լինելով վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի մասին, հարսի հղիության վիճակն օգտագործելով, վերջինիս հետ նախնական համաձայնությամբ, «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ աշխատանքի ընդունման դիմում են մուտքագրել։ 2017թ. սեպտեմբերի 1-ին նա հարսին ձեւական ընդունել է աշխատանքի՝ որպես գլխավոր հաշվապահ, սակայն վերջինիս գործառույթների կատարումը թողել է նախկին հաշվապահի վրա՝ վարձատրելով նրան:
Այնուհետեւ մանկապարտեզի տնօրենը ստորագրել եւ հաստատել է աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկագրեր, որոնց հիման վրա՝ հարսի անվամբ հաշվարկվել եւ վճարվել է 412.460 ՀՀ դրամ գումարի չափով հղիության նպաստ, որը հափշտակվել է՝ Երեւան համայնքին պատճառելով զգալի չափի վնաս:
Նախաքննության ընթացքում «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից վերականգնվել է Երեւան համայնքին պատճառված ամբողջ վնասը՝ 20.350.754 ՀՀ դրամ գումարը: Յուրացման, վատնման եւ վատնմանն օժանդակելու մի քանի դրվագներով մանկապարտեզի հաստիքներին գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած մի քանի անձանց, տնօրենի հարսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ մանկապարտեզի տնօրենին ներկայացվել է վերջնական մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2- րդ մասի 2-րդ կետով։ Խոշոր չափերով կաշառք տալու համար մեղադրանք է ներկայացվել նաեւ երաժշտության դաստիարակչուհուն։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ քրեական վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ԳՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԴԵՊՔԵՐ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ բացահայտվել են Երեւան քաղաքում կատարված բազմաթիվ բնակարանային գողությունների եւ մեկ գողության փորձի դեպքեր:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի 43-ամյա բնակիչը, հափշտակություն կատարելու շուրջ նախապես համաձայնության գալով 42-ամյա տղամարդու, առանձին դեպքերում՝ քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ագաթանգեղոս, Պուշկին, Ամիրյան փողոցների տարբեր շենքերի թվով 7 բնակարաններից 2022թ. տարբեր ամիսներին՝ օրվա տարբեր ժամերին, կատարել են գողություններ բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով։
Մասնավորապես, նախապես կատարել են դերաբաշխում. օժանդակող անձինք սպասել են դրսում՝ հսկելով շենքերի բակերի եւ մուտքերի անցուդարձը։ 43-ամյա տղամարդը, բարձրանալով համապատասխան հարկեր, հարմարեցված բանալու գործադրմամբ բացել է ինչպես ՀՀ քաղաքացիներին պատկանող, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների կողմից վարձակալված բնակարանների դռները եւ մուտք գործելով՝ հափշտակել է բջջային հեռախոսներ, համակարգիչներ, թանկարժեք ոսկյա զարդեր, փաստաթղթեր, տարբեր չափերի եւ արժույթների գումարներ, կենցաղային իրեր։ Մեկ դեպքում էլ վերջինս միայնակ է մուտք գործել Պուշկին փողոցում գտնվող բնակարան եւ կատարել հափշտակություն:
Պարզվել է, որ նույն մեխանիզմով 43-ամյա տղամարդը փորձել է մուտք գործել Նալբանդյան փողոցում գտնվող շենքի բնակարան, սակայն չկարողանալով բացել բնակարանի մուտքի դուռը՝ հանցակցի հետ հեռացել են:
Բացահայտված 7 դրվագ բնակարանային գողությունների դեպքերով պարզված՝ քաղաքացիներին պատճառված գույքային վնասը դրամական արտահայտությամբ կազմել է ընդհանուր 15,3մլն ՀՀ դրամ։ Ձեռք բերված տվյալների հիման վրա՝ Երեւան քաղաքի 43-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 456-րդ հոդվածի 1-ին մասով եւ 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Իսկ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) եւ 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Նշված 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։
Կատարված բնակարանային գողություններից մի քանիսին որպես օժանդակող մասնակցած այլ՝ դեռեւս ինքնությունը չպարզված անձանց մասով նախաքննությունը դեռեւս շարունակվում է։
ՀՌՈՄԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎՆԱՍՆԵՐԸ
Հռոմի Ստատուտի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը շարունակվում է բուռն քննադատության ենթարկվել: Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում։ Այստեղ հետաքրքիր է, որ, մեր Սահմանադրության համաձայն, պետությունն ինքն է նախագահի հրամանագրով ներում եւ համաներում շնորհում, կամ նման քայլ կարող է կատարել ԱԺ-ն։ Հենց այդ հիմքով 2004 թվականին ՍԴ-ն Հռոմի փաստաթուղթը հակասող էր ճանաչել մեր Սահմանադրությանը: Բազմաթիվ երկրներ զերծ են մնում Հռոմի փաստաթուղթը վավերացնելուց, քանի որ միջազգային քրեական դատարանը, նրանց կարծիքով, առաջացնում է խնդրահարույց իրավիճակ։
Հիշեցնենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ.-ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ-ի` 2004թ.-ի օգոստոսի 13-ի որոշմամբ, որով Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ.-ի Սահմանադրությանը հակասող։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսել ու այդ նպատակով եւս մեկ անգամ դիմել ՍԴ։
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դեկտեմբերին հայտարարեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է Ադրբեջանի ԶՈւ-ի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։ Իսկ ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ