ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու եւ հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «ՀՀ կրթության մինչեւ 2030 թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության եւ հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ:
««Ակադեմիական քաղաք» hիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու եւ վերահսկելու հրամայականով։ Պետության կողմից հիմնադրամի ստեղծումը առավել նպատակահարմար կազմակերպական ձեւ է ընտրվել։
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է:
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության եւ հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը եւ բարելավումը, հետազոտությունը եւ ուսումը խթանող, գրավիչ, ապահով եւ անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական եւ ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական եւ թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաեւ ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։
Նախագծի հաստատումից հետո կնշանակվի հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եռամսյա ժամկետում կձևեւավորվի հոգաբարձուների խորհրդի կազմ: Խորհուրդը բաղկացած է ութ անդամից: Ի պաշտոնե խորհրդի անդամ եւ նախագահն է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Խորհրդի մյուս ի պաշտոնե անդամներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ Խորհուրդը հաստատում է հիմնադրամի տարեկան ծրագիրը, բյուջեն եւ սահմանված այլ գործառույթներ:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարելի է ներկայացնել մինչեւ 2023 թ. ապրիլի 12-ը ներառյալ:
Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է ապրիլի 7-ին՝ ժամը 16:00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22):
ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագետները պեղումներ են իրականացրել Լեռնակերտի N 1 դամբանադաշտում:
Բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին (Ք.ա. XVI դ. II կես-XV դ. I կես) վերագրվող թաղումներ, որոնցում միաժամանակ հանդիպել են եւ՛ միջինբրոնզեդարյան կարմիրբերդյան, եւ՛ ուշբրոնզեդարյան առարկաներ։ Անցումային փուլի (միջին բրոնզից ուշ բրոնզ) այս դամբաններն ունեն 5-15 մետր տրամագծով հենապատ-կրոմլեխ։ Խցերը հիմնահողային են՝ ուղղված հյուսիս-հարավ։ Ուշ բրոնզի տարբեր փուլերին վերագրվող թաղումներում աճյունը դրված է եղել դիադրման եւ վերաթաղման եղանակներով։ Այս դամբաններում ուղեկցող գույքը խեցանոթներն են, հազվադեպ՝ ուլունքներ։ Երկաթի դարի վաղ շրջափուլին վերաբերող դամբաններն ունեն հենապատ-կրոմլեխներ (8-20 մ տր.), մանր քարերից կազմված ոչ բարձր թմբեր եւ արեւելք-արեւմուտք ուղղված սալարկղային խցեր։ Երկաթեդարյան իջեցուկ դամբաններում փաստագրվել են խմբային եղանակով արված թաղումներ։ Բացահայտվել է, որ այս դամբանախմբում խեղված չորս դամբաններն արեւելյան հատվածում ունեն կցակառույցներ՝ նախատեսված թաղումն ուղեկցող գույքի համար։
Երկաթեդարյան ամրոց Վարի Բերդի բլրի արեւելյան լանջին օդալուսանկարահանման միջոցով հավաստվել է «անվաձեւ» կառույց, որը բաղկացած է կից շրջանաձեւ այլ կառույցներից։ «Անվաձեւ» կառույցներ Հայաստանում հայտնի են Արագածի նախալեռներում, որտեղ դրանք հանդիպում են «անապատի օդապարուկներ» կոչված հուշարձանների համատեքստում։ «Անվաձեւ» կառույցի մնացորդներ փաստագրվել է նաեւ Արագած լեռան ամենաբարձրադիր հնավայրում՝ Կարմիր սարում, որտեղ պեղումներով բացահայտվել են վիշապ քարակոթողների կուտակում՝ իրենց նախնական միջավայրում։ Լեռնակերտի օրինակն առանձնահատուկ է նրանով, որ այն առաջին անգամ փաստագրվում է ամրոցի համատեքստում, սակայն վերջինիս գործառույթը դեռ պարզ չէ։
Պեղումներով գտնվել են մեծ թվով խեցեղեն եւ քարե առարկաներ՝ անոթներ, աղորիքներ, անվակներ եւ այլն, կենդանական ոսկորներ՝ հիմնականում ընտանի՝ մանր եւ խոշոր եղջերավոր անասուններ։