ԹԱՏՐՈՆՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մարտի 27-ին շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկում է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը միացնել վերակազմակերպել: Հիմնավորման մեջ նշվում է, թե նպատակներից մեկը  «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ եւ նպատակային օգտագործելն է:

 

Հիմնավորման մեջ նշվում է, թե այսպես «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թատերախումբը հնարավորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքային (մեծ բեմ, Black box), գույքային եւ նյութա­տեխնիկական հնարավորություններից, գովազդատեղեկատվական արշավ­ների նախատեսված մասնագիտական-կադրային եւ ֆինանսական հնարավորություն­ներից: Սրանով կլուծվի նաեւ դերասանական խումբն առավել լայն ստեղծագործական հարաբերություններում ներգրավելու հարցը, կխթանվեն փոխադարձ ստեղծագործական շփումները, կստեղծվի հնարավո­րություն տարբեր ռեժիսորական ձեռագրերի հետ առնչվելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, իրականացնում է տարաբնույթ կրթական-մշակութային ծրագրեր, ցուցահանդեսներ, ընդլայնում է խաղացանկը, նախաձեռնում փառատոններ, եւ այս ամենն ընդլայնում է նաեւ ստեղծագործական հնարավորությունները:

 

Բանն այն է, որ ներկայում «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հետ գործում են նույն ենթակառուցվածքային համակարգում (շինություն, կոմունալ հանգույցներ եւ այլն): Փաստացի, առանց մասնագիտական եւ հանրային քննարկման, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին պատկանող շենքի տարբեր հարկերից տարբեր չափերի տարածքներ առանձնացվել են եւ տրվել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը։ Այս ամենին զուգահեռ, կադաստրային տարածքի եւ փաստացի զբաղեցրած տարածքների մեջ նույնպես առկա են տարբերություններ։ Այս ամենն առաջացնում է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ։

 

«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը ողջ գոյության ընթացքում կոմունալ բոլոր ծախսերը հոգացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, մոտավոր հաշվարկով՝ յուրաքանչյուր տարի 3.5-4 միլիոն դրամ։ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության վերջին տարիների հաշվետվությունները ցույց են տալիս, որ ֆինանսական եւ ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերակատարումը ձեռք է բերել պարբե­րական բնույթ:

 

Ամեն դեպքում, նկատենք, որ «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է այս նախագծին եւ ցանկանում է իր գործունեությունը շարունակել առանձին:

 

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՈՎՔԵ՞Ր ԴԱՐՁԱՆ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐ

Թատրոնի միջազգային օրը,  Հայաստանի թատերական գործիչների միությունը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացրեց 22-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված երջանկահիշատակ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին:

 

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվել է Նարեկ Բաղդասարյանին՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում «Խատուտիկի գինի» (Դագլաս Սփոլդինգ), «Վեներան մուշտակով» (Թոմաս Նովաչեկ) ներկայացումներում դերերի համար:

 

«Լավագույն կին դերակատար» անվանակարգում «Արտավազդ»-ի է արժանացել Տաթեւ Ղազարյանը՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվ. դրամ. թատրոնի «Միզերի» ներկայացման մեջ Էննի Ուիլքսնին մարմնավորելու համար:

 

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթել է Վյաչեսլավ Շամիրյանը, Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն, «Բալենու այգին» (Ֆիրս):

 

«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակը հանձնվել է Լիլիա Մուկուչյանին, Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն, «Վիյ» (Պանոչկա, Վհուկ):

 

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում մրցանակը տրվել է Գարեգին Եվանգուլյանին, «Կոշկավոր կատուն», Հ. Պարոնյանի անվ. թ-ն, «Կատուն՝ շիկացած տանիքին», Պատանի հանդիսատեսի թ-ն:

 

«Լավագույն զգեստների նկարիչ» է ճանաչվել Թամարա Բարոյանը, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն, «Խատուտիկի գինի»:

 

«Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգում մրցանակը հանձնվել է  Արամ Աղաջանյանին, Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թ-ն, «Լարովի նարինջ»:

 

«Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարագում հաղթել է Նարեկ Կոսմոսը, «Միզերի», Գյումրու Վ. Աճեմյանի անվ. դրամ. թ-ն, «Բովանդակություն», Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի եւ Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թ-ի հետ համատեղ նախագիծ:

 

«Լավագույն թատերախոսական» է համարվել Նաիրա Շահվալադյանի «Արթնացրո՛ւ միտքդ, հետո էլ՝ հոգիդ», «Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը»՝ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ» աշխատանքը:

 

«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում «Արտավազդ»-ի է արժանացել Սեյրան Մովսիսյանը, Պատանի հանդիսատեսի թ-ն, «Սիրելի Ելենա Սերգեեւնա» (Վոլոդյա):

 

 

 

 

ՀԱՂԹԵՑ MMA ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

 

Մարտի 26-ին Հայաստանում տեղի ունեցավ Doping time MMA միջազգային հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում էին մարզիկներ 5 երկրից: MMA միջազգային հայաստանյան մրցաշարը եզրափակվեց սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանի MMA-ի դեբյուտային մենամարտով, որը դարձավ երեկոյի գլխավոր մենամարտը։ Կամոն մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ, որը ռուսական Hard core անվանի ընկերությունում ունի մի քանի հաղթանակներ։

 

Չնայած նրան, որ MMA-ի դեբյուտային մենամարտի հենց առաջին ռաունդում Կամոն ստացավ ոտքի վնասվածք, բայց շարունակելով մարտը՝ հենց երկրորդ ռաունդում ջախջախիչ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ։

 

Հավելենք, որ ողջ մարտը Կամոն պահեց իր տիրապետության տակ՝ շանս չթողնելով մրցակցին։ Հիշեցնենք, որ մարտից առաջ Դանիլ Օլեյնիկը հայտարարել էր, որ հաղթանակի շանսեր չի թողնելու Կամո Ունանյանին, մինչդեռ ստացվեց հակառակը. Կամո Ունանյանը շանս չթողեց Դանիլ Օլեյնիկին։

 

Նշենք, որ ապրիլի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կկայանա MMA սերիա մրցաշարը, որին նախատեսված է նաեւ Կամո Ունանյանի մենամարտը, սակայն Կամոյի մասնակցությունը դեռեւս հարցականի տակ է, քանի որ նա այս մարտի ընթացքում ստացել է ոտքի վնասվածք։

 

Ի դեպ, տարվա ընթացքում Կամոն պատրաստվում է եւ՛ Հայաստանում, եւ՛ Եվրոպայում մասնակցել MMA-ի մարտերին մի քանի տարբեր մրցաշարերում։

 

 

 

 

«ՄԻԼԱՆ»-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՎՃԱՐԵԼ

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը:

 

«Միլան» ֆուտբոլային ակումբը պատրաստ է Սպերցյանի համար վճարել 8 միլիոն եվրո: Ռուսական «Կրասնոդար»-ը, սակայն, հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:

 

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է: Ծնվել է 2000 թվականին: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդար»-ի հիմնական կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Սպերցյանը միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նա նշել է Հայաստան-Ռումինիա խաղում: Առաջին գոլը հավաքականի կազմում Սպերցյանը հեղինակել է նորամուտի խաղում։

 




Լրահոս