ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԴԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան միջնակարգ դպրոցում տնօրենների հավատարմագրման քննություն էր, որի ժամանակ հայտնի դարձավ, թե ինչ կրթական մակարդակ ունեն դպրոցի տնօրենները եւ ուսուցիչները: Քննության  մասնակիցները Երեւանից էին եւ տարբեր մարզերից:
Նշենք, որ քննություններին մասնակցում են թե՛ դպրոցի տնօրենները, թե՛ նրանք, ովքեր հայտագրվել են քննությանը մասնակցելու համար. դա կարող է լինել այդ նույն դպրոցի ուսուցիչը կամ ուսմասվարը: Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում քննությունը տեւեց 90 րոպե: Տնօրենի պաշտոնի համար պայքարող 53 մասնակիցներն  աշակերտների պես հուզված էին եւ մտահոգ: Ավելին, այնքան էին խառնվել, որ չէին կարողանում ծալել իրեց գրավորները եւ գցել համապատասխան արկղի մեջ:
Նախ մասնակիցները գրավոր քննությանը մասնակցեցին, որի ավարտից հետո բոլորն իրենց գոհունակությունն էին հայտնում եւ նշում, որ հանձնաժողովի անդամները շատ խիստ էին:
Քննության գրավոր հարցաշարը բաղկացած էր 60 հարցից, մասնակիցները պետք է կարողանային հասցնել լուծել թեստային բոլոր առաջադրանքները: Գրավոր քննությանը ժամեր անց հաջորդելու էր բանավորը, որին մասնակցելու էին այն տնօրենները, որոնք կարողացել էին հաղթահարել գրավորի հարցերը:
Գրավոր քննության ավարտից հետո «Ժողովուրդ»-ը զրուցեց մասնակիցների հետ, որոնք անհամբեր սպասում էին արդյունքների ամփոփմանը: Երեւանի թիվ 106 դպրոցի ուսուցիչ Օֆելյա Նանյանը նշեց, որ հարցաշարին իրենք տեղյակ էին, բայց իրենց խանգարել է լարվածությունը. «Ուրիշ ոչ մի խանգարող բան չկա, լարվածությունն էլ բնական բան է»:
Կային մասնակիցներ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից, Լոռու մարզից, Թալինից, Էջմիածնից եւ այլ բնակավայրերից, որոնք հիմնականում նշում էին, որ քննությունը շատ լավ է անցել, միայն մի փոքր լարվածությունն է խանգարել էլ ավելի լավ գրելու համար:
Քննության ավարտից հետո հանձնաժողովը հրապարակեց այն մասնակիցների անունները, որոնք հաղթահարել էին գրավոր փուլը եւ ժամը 14:00-ին պետք է մասնակցեին արդեն բանավոր քննությանը: Պարզվեց, որ մասնակիցներից 15-ը դուրս են մնացել քննական պրոցեսից, եւ միայն 38-ը կարող են մասնակցել բանավոր քննությանը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց քննության հանձնաժողովի նախագահ, ԿԳ նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության պետի տեղակալ Վահե Բավեյանի  հետ: Վերջինս ասաց, որ հանձնաժողովը նշանակվում է ԿԳ նախարարի հրամանով, եւ հաստատվում է հանձնաժողովի կազմը: Բավեյանը շատ խիստ էր եւ անդադար քայլում էր` հսկելով մասնակիցներին:
Եթե գրավոր քննության ժամանակ մասնակիցները լուռ էին աշխատում, եւ անհասկանալի էր, թե ով ինչքանով է տիրապետում իր մասնագիտությանը, ապա բանավորի ժամանակ, կարելի է ասել, բացահայտումներ էին կատարվում: Նշենք նաեւ, որ բանավոր քննության պատասխանները հանձնաժողովը ձայնագրում էր:
Վանաձոր քաղաքից Մարիամ Շոլինյանն այն մասնակիցներից էր, որն ամեն ինչից դժգոհում էր: Նախ հանձնաժողովի վրա «մուննաթ» եկավ, թե իր ճնշումը կտրուկ բարձրացել է քննության պատճառով (ահավոր հուզվել էր, չնայած գիտությունների թեկնածու է), իսկ պատասխանի ընթացքում էլ ասաց, թե դրսում աթոռներ չկան նստելու համար:
Մասնակիցներից մի տղամարդ էլ մանկապատանեկան բառը մանկապատանյական էր ասում, որքան էլ հանձնաժողովն ուղղում էր սխալը, միեւնույն է, մասնակիցն անդրդվելի էր: Վերջինս բոլոր հարցերին ճիշտ պատասխանեց, հանձնաժողովն էլ խնդրեց տնօրեն դառնալու դեպքում բառը ճիշտ արտասանել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս