Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ քաղաքապետի հաջորդ ընտրություններին իր թեկնածությունը չի դնելու, քանի որ նախ անկուսակցական է (՞), եւ երկրորդ` տարիքն էլ այն չէ: Թեեւ պարոն քաղաքապետը համակրում է Հանրապետական կուսակցությանը եւ ընտրություններում սատարելու է ՀՀԿ-ին եւ նրա առաջադրած թեկնածուին:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն էին դիմել Աշտարակի մի քանի քաղաքացիներ` նշելով, որ իրենք դժգոհ են քաղաքապետի գործունեությունից: Անաչառության սկզբունքից ելնելով` մենք որոշեցինք զրուցել վերջինիս հետ` ակնկալելով ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին` Գագիկ Թամազյանն ասաց. «Միայն մի թերթ է մի քանի անգամ գրել իմ մասին»: Քաղաքապետը, սակայն, չբացառեց, որ քաղաքում կան նաեւ բողոքավորներ, որոնք իրեն դիմել են իրենց հողային հարցերը լուծելու համար, քանի որ չեն կարողանում սեփական հողերը կիսել իրենց հարեւանների հետ: Նա հավաստիացրեց, որ եթե ինչ-որ հարց լուծում չի ստացել, դա պայմանավորված է նրանով, որ օրենքը թույլ չի տալիս. «Եթե մտածում եք, որ Հայաստանում գոնե 5-10 տոկոսը բողոքավոր չէ, սխալվում եք, քաղաքն էլ նույն ձեւի է. կլինեն նաեւ բողոքավորներ, բայց կան նաեւ շատ շնորհակալություն ասողներ»:
«Ժողովուրդ»-ի հաջորդ հարցին, թե ճիշտ է արդյոք, որ նա նույն հողատարածքը մի քանի մարդու վրա է վաճառել, քաղաքապետը պատասխանեց, որ դա բացառվում է. «Ես վերջին երեք տարում ընդհանրապես հողատարածք չեմ վաճառել: Իսկ ինչ վերաբերում է, որ ես մի տարածքը մի քանի անգամ վաճառեմ, դա ուղղակի անհեթեթություն է: Գոյություն ունի կադաստր, որն ինձ տալիս է միասնական տեղեկանք, որ տվյալ հողատարածքն ազատ է: Ես կադաստրից պապկա եմ վերցնում, որում մասնավորապես ասվում է` այն ազատ է, թե ոչ: Մինչ աճուրդը, այն կադաստրից հանում են որպես համայնքի սեփականություն, նոր դրվում է աճուրդի: Աճուրդից հետո կադաստրից վերցնում են միասնական տեղեկանք, որ հողն ազատ է, եւ տալիս են նրան, ով շահել է օրինական տենդերով»:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք քաղաքապետն ավագանու որոշմամբ մայթը զավթած մի խանութի շինթույլտվություն է տվել, Գ.Թամազյանն ասաց, թե նման բան չի հիշում: «Քարտեզագրմամբ ու բալանսով իմ հողերը տված ա ինձ: Ախր մայթը հասարակական օգտագործման տարածք ա: Հնարավոր է` ինչ-որ մեկն արած լինի, եւ մենք դա չնկատենք, բայց կադաստրը չի կարա այն գրանցի, քանի որ այն պետք է լինի իր հողի վրա»,-ասաց Գ.Թամազյանը` հավելելով, որ ավագանին չի որոշում, թե որտեղ պետք է դրվի խանութը, այն զբաղվում է ֆինանսական հարցերով: «Խանութ դնելու որոշումը ես եմ տալիս, իսկ ավագանին այդ գործի հետ կապ չունի: Ես նման որոշում չեմ կարող տալ, եթե խանութի տարածքը գտնվում է մայթի վրա»,-վստահեցրեց քաղաքապետը:
Իսկ այն խոսակցություններին, թե ընտրություններում իրեն շարունակ աջակցում է իր հորեղբոր որդին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, Աշտարակի քաղաքապետը հակադարձեց. «Ինչո՞վ պետք է Արամ Թամազյանն ինձ օգնի: Նա ընդամենը դատախազի տեղակալ է եւ դժվար թե մտնի ժողովրդի մեջ ու ասի, թե ում ձայն տան»:
ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԷԼ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ