Գետափ գյուղի մոտի կամրջի երթեւեկությունը ժամանակավորապես մասամբ միակողմանի է՝ փլուզման վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Հիշեցնենք՝ ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի երթեւեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել է հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։
Դեպարտամենտից տեղեկացնում են, որ կառույցի մասնագետը, ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչներն ուսումնասիրել են ճանապարհահատվածը։
«Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից վթարավտանգ հատվածը առանձնացվել է բետոնե արգելապատնեշներով։ Երթեւեկությունը մասամբ դարձվել է միակողմանի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեպարտամենտից նաեւ տեղեկացնում են, որ Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ է հայտարարվել։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 10-ն է։
Մինչեւ կամրջի հիմնանորոգումը համապատասխան միջոցներ կձեռնարկվեն տվյալ հատվածում երթեւեկությունն անվտանգ կազմակերպելու համար։