ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղը ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգա խորհրդարան: Այս անգամ պատճառը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն է: Մասնավորապես, դատախազը գալիս է խորհրդարան Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի
նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը քննարկելու համար:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 7-ին էր գրել, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հետևից։ Նրա նկատմամբ պետք է քրեական վարույթ հարուցվի:
Հավելենք, որ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի ժամանակ, ըստ ընդդիմադիրների, նախ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև քաղաքական քննարկումը թեժ լեզվակռվի էր վերածվել, ապա, ըստ իշխանական պատգամավորների, Մհեր Սահակյանը բռունցքով հարվածել էր հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հոնքին, իշխանականները դիմել էին իրավապահներին, Սահակյանը բերման էր ենթարկել ոստիկանության բաժին, ապա ձերբակալվել:
Ք.Մ.