ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

31 տարի առաջ՝ 1992թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչության ծրագրավորված դաժան կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ ենթարկվեց էթնիկ զտման, ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց. տվյալներ, որոնք փաստագրված են «Human Rights Watch» և «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Գերեվարվածներից շատերի ճակատագրերը մինչ օրս պարզված չեն, և վերջիններս համարվում են բռնի անհետացածներ:

Մարաղայի կոտորածը Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի շարունակությունն էր և ադրբեջանական իշխանությունների՝ ազգային ինքնության հողի վրա զանգվածային ոճրագործությունների հերթական դրսևորումներից մեկը: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ կանխամտածված ոճրագործությունները, ռազմական հանցագործությունները, դրանց անպատժելիությունն ու հերոսացումն Ադրբեջանի համակարգային քաղաքականության մաս կազմեցին և նոր դրսևորումներ ստացան Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2016թ. ապրիլյան ագրեսիայի, իսկ ավելի մեծ մասշտաբներով՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, որի հետևանքով տեղահանվեցին նաև Հադրութի, Շուշիի և հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր:

Պատահական չէ, որ ոչ միայն 1988-1991թթ. Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը տարիների ընթացքում երբևէ հնարավորություն չեն ստացել վերադառնալ իրենց տներ և իրացնել իրենց իրավունքները, այդ թվում՝ տնօրինել իրենց մասնավոր սեփականությունը, այլ նաև ներկայումս, խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Ադրբեջանը խաթարում է տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, ինչը պետք է իրականացվի ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի վերահսկողության ներքո: Ավելին, խախտելով միջազգային իրավունքի նորմերը և իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները՝ պաշտոնական Բաքուն այս օրերին ադրբեջանցիներով է բնակեցնում իր վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերը, հայերի տները, ինչպես օրինակ՝ հայկական Թալիշ գյուղում:

Հատկանշական է նաև, որ կոպտորեն խախտելով հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները՝ Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է պղծել, վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը՝ նպատակ ունենալով իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից ջնջել հայկական հետքն առհասարակ: Միևնույն ժամանակ, ամենաբարձր մակարդակով շարունակվում է հայության նկատմամբ ատելության քարոզը: Այս արձանագրումներն արդեն իսկ բազմիցս դատապարտվել են միջազգային կառույցների կողմից:

Մարաղայի ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ չորս ամիս է, ինչ Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակված է պահում Լեռնային Ղարաբաղը մնացյալ աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը: Լեռնային Ղարաբաղում կանխամտածված կերպով հումանիտար ճգնաժամի ստեղծումը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում զինադադարի պարբերական խախտումներն ու ագրեսիվ գործողությունները, քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումն ու ահաբեկումը կրկին ապացուցում են, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելն է։

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին: Նման ոճրագործությունների հետագա կանխարգելման համար ևս մեկ անգամ ընդգծում ենք միջազգային հանրության գործուն քայլերի, այդ թվում՝ տրամադրության տակ առկա միջազգային մեխանիզմերի կիրառման հրատապությունը:

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության ու անվտանգության հաստատմանը, որը հնարավոր է Ադրբեջանի կողմից առավելապաշտական ու ագրեսիվ քաղաքականությունից հրաժարվելու և առկա խնդիրներին արդարացի լուծումներ փնտրելու ճանապարհով:




Լրահոս