ԱՄՆ-ը լրտեսել է Ուկրաինայի նախագահին. CNN-ը Պենտագոնի գաղտնի փաստաթղթեր է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը լրտեսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը, որոնք հայտնվել են համացանցում։

Երկրի ղեկավարին մոտ կանգնած աղբյուրը CNN-ին ասել է, որ ինքը զարմացած չէ այս իրավիճակից և այն անվանել է «սպասված»։ Նշվում է, որ ուկրաինացի պաշտոնյաները խորապես հիասթափված են փաստաթղթերի արտահոսքից։

Ըստ հեռուստաալիքի՝ էլեկտրոնային հետախուզության տվյալների վրա հիմնված ամերիկյան հետախուզության զեկույցում ասվում է, որ Զելենսկին փետրվարի վերջին «առաջարկել է հարվածել Ռոստովի մարզում ռուսական զորքերի տեղակայման վայրերին»՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, քանի որ Ուկրաինան չունի հեռահար զենքեր, որոնք կարող են հասնել նման նպատակներին:

Ըստ CNN-ի՝ ստացված հետախուզությունը կարող է բացատրել ԱՄՆ-ի հրապարակային հայտարարություններն Ուկրաինային հեռահար զենք տրամադրելու դժկամության մասին՝ մտավախություն ունենալով, որ Կիևը դրանք կօգտագործի Ռուսաստանի ներսում գտնվող թիրախներին հարվածելու համար:

Հինգշաբթի օրը ԶԼՄ-ները գրել էին, որ Պենտագոնը հետաքննում է սոցցանցում ուկրաինական զորքերի վիճակը նկարագրող նյութերի արտահոսքը և դրանք ուժեղացնելու ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ծրագրերը։

The New York Times-ը նշել է, որ փաստաթղթերը, որոնք թվագրված են մարտի սկզբին, իբր շրջանառվում են «ռուսական իշխանամետ տելեգրամ-ալիքներում»։

Ուրբաթ օրը հայտնի դարձավ փաստաթղթերի նոր մասի հրապարակման մասին։ Ըստ հրապարակման՝ համացանցում կարող է հայտնված լինել ավելի քան 100 փաստաթուղթ, միջադեպի վնասը գնահատվում է զգալի։

Միաժամանակ Reuters-ը կիրակի օրը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, չի բացառել, որ ուկրաինական զորքերին առնչվող գաղտնի նյութերը կարող էին կեղծվել ու դիտավորյալ արտահոսքի անվան տակ ներկայացվել:

Այդուհանդերձ, ուրբաթ օրը Զելենսկիի գրասենյակը հայտնել է, որ ինքը նախագահը գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի պլանների արտահոսքի կանխման հարցերը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով արտահոսքի մասին հարցին, ասել է, որ Մոսկվան կասկած չունի հակամարտությունում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուղղակի կամ անուղղակի ներգրավվածության վերաբերյալ։




Լրահոս