«ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՍԿՍՎՈՒՄ ՈՒ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ԵՐԳՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աճպարար Վարդան Ամիրյանն իր մասնագիտությունն ընտրել է 16 տարեկանում, երբ Հայ համերգի փոքր դահլիճում բեմի բանվոր էր աշխատում: 30 տարի է, ինչ զարմացնում եւ «խաբում է» հանդիսատեսին իր հետաքրքիր հնարքներով: Նա առաջին աճպարարն է, ով զբաղվել է մանիպուլյացիայով, այսինքն` հնարքները կատարում է ձեռքերի միջոցով` չօգտագործելով եւ ոչ մի սարքավորում: Վարդան Ամիրյանը սովորել է Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն գեղարվեստի արվեստանոցում:
-Հայաստանում շա՞տ են աճպարարները:
-Աշխարհում ունենք շատ լավ հայ աճպարարներ, Հայաստանում էլ ունեինք, բայց նրանք մեկնեցին: Այստեղ մի քիչ դժվար է, դրսում ավելի շատ են գնահատում քո  մասնագիտությունը: Ես դեռ այստեղ եմ, քանի որ ուզում եմ աճպարարության մակարդակը բարձրացնել: Երկար տարիներ ապրել եմ Իսրայելում` շուրջ 14 տարի, բայց հետ եմ վերադարձել: Ես միջազգային մոգերի ընկերության անդամ եմ եւ հաճախ եմ մասնակցում աճպարարների փառատոններին: Շուտով ես Հայաստանում էլ  կկազմակերպեմ նման փառատոն:
-Եղել եք զանազան երկրներում, ելույթ եք ունեցել տարբեր հանդիսատեսի առաջ: Ո՞ւմ էր ամենից դժվար «խաբել»:
-Ես կասեմ, թե որ հանդիսատեսն է ամենից լավ ընդունում, արվեստին գաղափարապես ավելի մոտ: Իմ ամենասիրած հանդիսատեսը ռուս հանդիսատեսն է: Նրանց պես հանդիսատես այս աշխարհում գոյություն չունի: Նրանք հասկանում ու գնահատում են, թե դու ինչ ես ցուցադրում: Մեր հանդիսատեսի մասին խոսելը ցավալի թեմա է: Նրանք փոխվել են: Տարիներ առաջ նրանք հասկանալով էին ծափահարում, հիմա ծափահարությունը կա, բայց շատ բաներ չեն հասկանում: Բնականն է կորել, սինթետիկ բաները շատ են: Մենք այսօր հեռուստատեսությամբ այնքան անորակություն ենք դիտում: Հանդիսատեսին պետք է դարձնել մեր մակարդակի, ոչ թե իջնել նրա մակարդակի: Իսկ հեռուստատեսությունը դարձնում է հանդիսատեսին իր մակարդակի, ինքն էլ հասնում է նրանց մակարդակին:
-Աճպարարության ժանրի վառ ներկայացուցիչներից այս պահին հիշում եմ միայն Դեյվիդ Կոպերֆիլդին, ով զարմացրեց` թռչել կարողանալու իր հնարքով:
-Նա մեծ վարպետ է: Բայց իրենց հնարավորություններն էլ են մեծ: Խոսքս Ամերիկայի մասին է: Ամերիկայում այս ժանրը շատ ճանաչված եւ ընդունված տեսակ է: Իրենց օլիգարխներն ու փողատերերը, պրոդյուսերները գումար են ներդնում այս ժանրի մեջ, հետո տասնյակ անգամ ավելի են հետ բերում: Մեզ մոտ այս ամենը զարգացած չէ: Մեր մշակույթը սկսվում ու ավարտվում է երգով: Եթե ունենայինք մակարդակով երգիչ-երգչուհիներ, ընդունելի կլիներ, բայց ամեն ինչ մեր սերիալների պես է, ինչը բնավ հետաքրքիր չէ:
-Մեր թերթին տված հարցազրույցում Ռուբեն Հախվերդյանը շատ լուրջ ասաց, որ այսօր մենք բոլորս ֆոկուսով ենք ապրում:
-Ռուբենի ասածի մեջ կա ճշմարտություն: Մենք հնարամտություններ ենք կիրառում, որ կարողանանք մեր ընտանիքները պահել:
-Կոնկրետ ինչ-որ տեղ աշխատո՞ւմ եք:
-Ո՛չ, ինձ մոտ անհատական պատվերներ են: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում ձեւակերպված եմ որպես մենակատար:
-Կմտաբերե՞ք մի դեպք, երբ ֆոկուսն օգնել է Ձեզ դուրս գալ իրավիճակից:
-Այդպիսի դեպքերը շատ են: Մի անգամ երթեւեկության կանոնները խախտել էի, ոստիկանը կանգնեցրեց, իջա, ինքն էլ ինձ ճանաչեց: Վատ զգացի, որ խախտում եմ արել: Նա էլ ասաց` մինչեւ մի ֆոկուս ցույց չտաս, չես գնալու: Հենց իրենց մեքենայի մոտ ծխախոտի տուփով մի հնարք ցույց տվեցի, իրար ձեռք սեղմեցինք, ու ես հեռացա:
-Հաճա՞խ են խնդրում, որ բացեք գաղտնիքները:
-Այո՛, բայց ես նրանց այդ գաղտնիքները չեմ բացել:
-Չի՞ պատահել, որ ասեն` Վարդա՛ն ջան, էս 5000 դրամը վերցրո՛ւ, 10000 դարձրո՛ւ:
-Դա շատ է լինում բեմահարթակում: Այդպիսի մի համար ունեմ: Աճպարարության այդ ճյուղը կոչվում է քոմեդի մեջիք: Դահլիճից վերցնում եմ ինչ-որ գումար եւ մեծացնում: Շատ է լինում է, երբ հանդիսատեսներից մոտենում են, ասում` իմն էլ մեծացրո՛ւ:
-Գիտեմ նաեւ, որ Ձեր օգնականը Ձեր կինն է` Արեւիկ Հարությունյանը: Աճպարարությո՞ւնը ձեզ կապեց:
-Իմ եւ կնոջս պատմությունը շատ հետաքրքիր է: Մենք նկարահանվում էինք «Չիլո» ֆիլմում, այնտեղ Արեւիկը նկարվում էր փոքրիկ էպիզոդներում: Տեսա նրան, հավանեցի, ցանկություն հայտնեցի իր հետ աշխատել: Դե հետագայում էլ ամեն ինչ հասավ նրան, որ մենք ամուսնացանք:
-Ձեր փոքրիկի համար ֆոկուսներ ցուցադրո՞ւմ եք:
-Աղջիկս` Եվաս, դեռ 1,5 տարեկան է, փոքրիկ է, բայց շատ ուշադիր արձագանքում է ցուցադրածիս:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս