Ապրիլի 4-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եվ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի քննարկումը թեժ մթնոլորտում անցավ: Իշխող ֆրակցիայի պատգամավորները քննարկումն իսկական փողոցային կռվի էին վերածել:
«Ժողովուրդ» օրաթերթը ՄԻՊ քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպի եվ իշխող ֆրակցիայի դրսևորած վարքի մասին զրուցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:
-Պարո՛ն Իշխանյան, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եվ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը անցած շաբաթ քննարկեց ՄԻՊ թեկնածուի առաջադրման հարցը, որի ժամանակ աղմկահարույց միջադեպեր արձանագրվեցին: Տպավորություն էր, որ իշխող ֆրակցիայի պատգամավորները մտադրված եկել էին նիստը տապալելու: Ինչպե՞ս կգնահատեք հանձնաժողովում կատարվածը:
-Այն, որ իշխող ֆրակցիայի պատգամավորները մտադրված էին եկել նիստին, անկասկած է, բայց իմ կարծիքով, ոչ թե այն տապալելու մտադրությամբ, այլ իրենց ստրկատիրոջ առջև մրցելու, թե ով է ավելի հավատարիմ ստրուկ։ Թող ներող լինի Էդգար Ղազարյանը, բայց նա հիանալի հնարավորություն տվեց նրանց ինքնացուցադրվելու։ Էդգար Ղազարյանն ինձ կհակաճառի, թե այն ևս մեկ հնարավորություն էր, պատռելու ՔՊ-ականների դիմակը։ Չեմ վիճի, եթե դեռևս մեր ժողովրդի մեջ կային միամիտներ, թերևս Էդգար Ղազարյանը հասավ իր նպատակին։ Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ միջադեպից առավել շահած դուրս եկան «դուխով» ստրուկները, որոնց հայհոյախառն սպառնալիքները նրանց ստրկատիրոջ կողմից աննկատ չեն մնա և խրախուսանքի կարժանանան։ Այդ խրախուսանքը կլինի դրամական թե այլ, օրինակ պաշտոնի բարձրացման կամ այլ տիպի ապագայում կերևա։
-Նիստը տապալելու հիմնական «պարտականությունն» իր վրա վերցրել էր ՔՊ ֆրակցիայի քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ով վիրավորական արտահայտություններ, անգամ՝ սպառնալիքներ էր հնչեցնում ընդդիմության թեկնածուի՝ Էդգար Ղազարյանի հասցեին: Իրավական ի՞նչ հետևանքներ նրա վարքագիծը պետք է արժանանա:
-Իսկ ձեր կարծիքով, պատահակա՞ն է արդյոք, որ ձեր նշած անձը ՔՊ ֆրակցիայի քարտուղարն է։ Իր այս պահվածքից հետո, շուտով, ամենայն հավանականությամբ նա իր քաղաքական կարիերայում առաջընթաց կգրանցի։ Այսօր խոսել Հայաստանում իրավական հետևանքների մասին, երբ այն վերաբերում է իշխանական ստրուկներին՝ անիմաստ է։
-Ինչու՞ գլխավոր դատախազը, ով ընդդիմադիրների դեպքում առանց հապաղելու անձեռնամխելիությունից զրկելու միջնորդագրեր է ներկայացնում ԱԺ-ին, իսկ այս դեպքում «լռում է», համենայն դեպս՝ մինչ այս պահը նրա կողմիզ որեվէ արձագանք չկա, թեև՝ Մարդու իրավունքների պաշտպանության եվ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաագահ Թագուհի Թովմասյանն այս հարցով դիմում ուղարկել է դատախազություն:
-Ինչպես գլխավոր դատախազուհին, այնպես էլ այլ իրավապահ կոչվող մարմինները գործում են ոչ թե օրենքով, այլ իրենց ստրկատեր՝ վարչապետ կոչեցյալի հրահանգով։
Եթե գլխավոր դատախազուհին մասնակցում է վարչապետուհու կազմակերպած միջոցառումներին և հաճոյանում նրան, ի՞նչ եք նրանից սպասում։ Հիշենք նաև, երբ նա վարչապետ կոչեցյալի օգնականն էր և նույն վարչապետի ցուցումով «օգնում» էր քննիչին մեղադրանք առաջադրելուն։ Այնպես որ, միամտություն է սպասել, թե գլխավոր դատախազուհին կարձագանքի և այս և ԱԺ խոսնակի խուլիգանական արարքին։
Կրկնեմ, բազմիցս հնչեցրած միտքս․ Հայաստանում իրավական ճանապարհով պայքարն անշնորհակալ, անիմաստ զբաղմունք է։ Պայքարը պետք է լինի միայն քաղաքական, բայց նաև անպայման՝ վճռական։
Քրիստինա Մուշեղյան