ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 170

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարբեր ղեկավարների օրոք սպառազինության ձեռք բերման հարցը շարունակում է շահարկման թեմա հանդիսանալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց. «Հայաստանի Հանրապետությունը 2018թ.-ից 2020 թվականը ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին՝ բոլորը իրար հետ վերցրած։ Սա ապացուցված վիճակագրություն է, հասկանո՞ւմ եք»։ Եվ ուշագրավ  է, որ Նիկոլ Փաշինյանը նման եզրակացության է եկել՝ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած տվյալներից ելնելով, եւ այդ վիճակագրությունը այդ տվյալների հիման վրա էր:  Նկատենք՝ ոչ մեկ անգամ գրվել է այն մասին, որ SIPRI-ի տվյալները մեծամասամբ հավաքագրվում են բաց աղբյուրներում հասանելի տեղեկություններից, դրանք թերի են, դրանցում արտացոլված չեն սպառազինությունների ձեռք բերման այն գործարքները, որոնց մասին տեղեկություններ չեն արտահոսել, ինչպես նաեւ ոչ խոշոր զինատեսակների ու սպառազինության մատակարարումները։ Միեւնույն ժամանակ, այդ ինստիտուտի տվյալներում ներկայացված են ոչ թե սպառազինության գները, այլ SIPRI-ի մշակած հատուկ միավորը: Այս ամենից ելնելով՝ «Սիվիլնեթ»-ի «Փաստերի ստուգման հարթակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ եւ հետաքրքրվել, թե Փաշինյանի հնչեցրած՝ զինամթերքի գնման «ավելի շատ» լինելը չափվել է արդյոք քանակական, թե արժեքի (դրամային) տրամաբանությանբ։ Այս հարցին աշխատակազմը, սակայն, չի պատասխանել։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե իրենց իշխանության երկու տարիներին՝ 2018-2020թթ.-ին, ձեռք է բերվել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարիներին՝ միասին վերցված, մոլորեցնող է։

 

 

 

 

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, կարծես թե, խմբակցության ներսում արտոնյալ դիրքեր ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  նա այն քիչ պատգամավորներից է, որ հաճախ չի մասնակցում խմբակցության նիստերին,  քննարկումներին, ԱԺ նիստերին էլ ակտիվ չէ, բայց ոչ ոք, անգամ՝ ՔՊ խմբակցության ղեկավարությունը, չի  համարձակվում նրան նկատողություն անել: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ ՔՊ-ում պատգամավորների բացակայության հարցը խիստ է դրված. այն պատգամավորները, որոնք բացակայում են ԱԺ-ի կամ ֆրակցիայի նիստերից, նկատողություն են ստանում: Հայկ Սարգսյանի դեպքում սա չի գործում. խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չեն համարձակվում նկատողություն անել նրան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սարգսյանին արտոնությունները տվել է հենց Փաշինյանը, նրա հովանու ներքո է, դրա համար էլ Հայկ Սարգսյանից փորձում են հեռու մնալ խմբակցության երիտղեկավարները: Հավելենք, որ Հայկ Սարգսյանը, բացի խմբակցության նիստերին ցուցաբերած պասիվությունից, կուսակցության ներքին հարցերին էլ չի խառնվում, թիմակիցների հետ էլ շփումները նվազագույնի է հասցրել: ՔՊ-ականներն էլ հետեւյալ քաղաքականությունն են որդեգրել. Հայկ Սարգսյանից «ինչքան հեռու, այնքան լավ»: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առթիվ մեկնաբանություններ ստանալ պատգամավոր Հայկ Սարգսյանից, սակայն նրա հեռախոսահամարը տեւական ժամանակ է՝ անջատված է, իսկ մեր նամակները նրա սոցիալական էջերին մնացին անպատասխան:

 

 

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։ Անդրադարձ է կատարված նաեւ Հայաստանին, եւ քննադատության  են ենթարկվել մի քանի ոլորտներ, առավելապես՝ հավաքների ազատության ժամանակ տեղի ունեցած բռնությունների մասով: Մասնավորապես, զեկույցում անդրադարձ է առկա հունիսի 3-ին տեղի ունեցած դեպքերին, երբ ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ եւ ուժ կիրառեց հավաքի մասնակիցների նկատմամբ: Հիշեցնենք, որ այդ ժամանակ հիսուն անձինք՝ ներառյալ 34 ոստիկաններ, բժշկական օգնության են դիմել, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել էին «զանգվածային բռնություններին» մասնակցելու համար: Զեկույցում նաեւ նշվում է, որ մինչեւ տարվա վերջ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել կառավարության դեմ ուղղված ցույցերի հետ կապված չափից ավելի ուժ կիրառելու համար: Եվ չնայած այդ դեպքից անցել է 9 ամիս, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ոչ մի ոստիկանի այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել: Նույնը նաեւ վերաբերում է սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած դեպքերին, երբ ոստիկանների կողմից բռնության ենթարկվեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն եւս կարճեց ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի  եւ Գագիկ  Ջհանգիրյանի  աղմկահարույց  ձայնագրության առիթով հարուցված քրեական  վարույթը: «Ժողովուրդ» օրաթերթի  այս  տեղեկությունը  հաստատեց նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի  լրատվական բաժինը: Իսկ  հիմա  գլխավորի  մասին. ստացվում է, որ ԲԴԽ նախկին  նախագահների ձայնագրության գործը, որտեղ խոսում էին, թե ինչպես են Ջհանգիրյանին ճնշում՝ ստիպելով պատժել Վարդազարյանին, ՀՀ քննչական կոմիտեի  եւ  Գլխավոր  դատախազության  բախումների պատճառն  է: Բանն  այն է, որ  ի  սկզբանե այս  աղմկահարույց ձայնագրության  մասով նախաձեռնված քրեական  վարույթը  քննում էր ՀՀ քննչական կոմիտեն: 6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ մեկը մեղադրյալ չներգրավվեց,  ու  գործը  կարճվեց: Այստեղից էլ սկսվեց  «հակամարտությունը»: ՀՀ գլխավոր  դատախազի  «ԱԱԾ-ական» տեղակալ  Արթուր  Պողոսյանը  վերաբացել  էր գործի վարույթը կարճելու մասին ՔԿ քննիչի որոշումը: Եվ, ահա, Սասուն  Խաչատրյանի  ղեկավարած  Հակակոռուպցիոն  կոմիտեն գրեթե  3 ամիս  քննեց կարճված գործը,  սակայն հարցաքննության  չհրավիրեց  ոչ՛  Վարդազարյանին, ո՛չ  Ջյանգիրյանին. ոչ  մի  քննչական  գործողություն, ըստ էության, չարեց  ու  որոշեց  կարճել: Ըստ  լուրերի՝ ինտրիգը  հիմքի  մեջ  է, որին  կանրադառնանք  առաջիկայում: Այս պահին փաստենք, որ կոմիտեն  ու  դատախազությունը ներքին  գզվռտոցի  մեջ են,  ու  դատախազությունը  փորձում է   իր  ուժը  ցույց տալ, թե՝ ձեր որոշումները վերջնական չեն,  ու քրեական  վարույթները  մի մարմնից  մյուս  մարմին  է  ուղարկում կամ  վերաբացել  տալիս…, իսկ հասարակությունն  էլ  արդարության է  հույսով  սպասում:

 

 

 




Լրահոս