ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ԴԵՊՔԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում պարզվում են սույն թվականի մարտի 29-ի գիշերը Queen Music Hall ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները։

 

29.03.2023թ.-ին՝ ժամը 04։12-ին, ՀՀ ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հանդիսանում է պետական պաշտոնյա, իր նկատմամբ կատարվել է հարձակում, որի հետեւանքով ստացել է վնասվածք։

Դեպքի վայր հանդիսացող, Բաղրամյան փողոցում գործող Queen Music Hall ակումբում կատարված առաջնային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, Ոստիկանություն ահազանգած անձը երկու ընկերների հետ մտել է նշված ակումբ։ Որոշ ժամանակ անց ակումբի անվտանգության աշխատակիցը մոտեցել է նրանց սեղանին եւ նկատողություն արել ակումբի աշխատակցի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու առթիվ։ Այդ կապակցությամբ նրանց միջեւ ծավալված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետեւ՝ ծեծկռտուքի, որին մասնակցել են ակումբի 2 այլ աշխատակիցներ եւս։

Ոստիկանություն ահազանգած անձը դեմքի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել են դեպքի վայրի զննություն, ինչպես նաեւ անհետաձգելի այլ քննչական գործողություններ, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունները պարզվել են։

Անձի ստացած վնասվածքների առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Միջադեպին մասնակից 5 անձ ձերբակալվել է՝ առերեւույթ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածի հիման վրա։

Նկատի ունենալով իրականացվելիք քննչական գործողությունների մեծածավալությունը` նախաքննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով ձեւավորվել է քննչական խումբ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց արարքներն անհատականացնելու եւ դրանց իրավական գնահատական տալու նպատակով։

 

 

 

ԲՆԱԿԻՉԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 22.20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի հիշյալ բնակիչը նույն քաղաքի Միկոյան փողոցում գործող խանութ-սրահում հանդիպել է նույն մարզի Գետափ բնակավայրի 32-ամյա բնակչին, եւ նրանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որը տեւել է շուրջ 20 րոպե:

 

Այնուհետեւ՝ ժամը 23:20-ի սահմաններում, 38-ամյա տղամարդը իր տանից՝ երկու ընկերների հետ նրանցից մեկին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով, իսկ 32-ամյա տղամարդը հիշյալ խանութի մոտից 3 ընկերների հետ «Նիսան» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներով գնացել են Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածից դեպի աջ թեքվող դաշտամիջյան ճանապարհ, որտեղ 32 եւ 38-ամյա տղամարդկանց միջեւ վիճաբանությունը շարունակվել է: Այդ ընթացքում վերջինս նախապես իր հետ վերցրած խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 32-ամյա տղամարդու որովայնի ձախ հատվածին եւ վերջինիս ընկերներից մեկի ձախ ազդրի հատվածին՝ նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Ապա նա փորձել է կրկին հարվածել 32-ամյա տղամարդուն, սակայն դանակը դիպել է վերջինիս մատին, որից հետո «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Ավելի ուշ վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ 38-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (2 դրվագ) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, եւ նրան ներկայացվել է մեղադրանք: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՓՈՒԼ

ՀՀ քննչական կոմիտեն «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի միջոցով իրականացնում է մասնագետների վերապատրաստման ծառայություններ: Այդ նպատակի համար հատկացվել է 1 մլն 229 հազար դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերապատրաստումն իրականացվելու է երկու փուլով՝ մարտի 27-ից ապրիլի 21-ը եւ մայիսի 11-ից հունիսի 9-ը: Ուսուցման ընթացքում ուսումնասիրվելու են քրեական դատավարության մասին արդի հարցեր, քրեագիտական տակտիկայի մասին հարցեր եւ այլն:

 ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ

Մարտի 29-ին՝ ժամը 00:12-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջեւան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորը. տուժածներ չկան։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Պառավաքար-Իջեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ Հ. Ա.՝ ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 20 մետր սահել հարակից ձորը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ այն դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված:

 

 

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԶԵՆՔՈՎ

Մարտի 22-ի ուշ երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց մի երիտասարդ. ժամը 20:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում ծանոթն ու նրա ընկերները զենք են պահել իր վրա եւ հափշտակել փաստաթղթերը, բջջային հեռախոսը, լիցքավորման մարտկոցն ու յոթ հազար դրամ: Ոստիկանությունից հայտնում են, որ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով: Բաժնի քրեական հետախույզներն անցան գործի, արագ պարզեցին ծանոթի ինքնությունը: Արդեն ժամը 21:50-ի սահմաններում 22-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Բյուրեղավանում՝ իր բնակության վայրի մոտ, ձերբակալվեց եւ տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին բջջային երկու հեռախոս, որոնցից մեկը տուժածից հափշտակածն էր, եւ կռփազենք: Քննչական բաժին ներկայացվելուց հետո նա տվեց խոստովանական ցուցմունք: Հետագա միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին նաեւ, թե ովքեր են եղել 22-ամյա երիտասարդի հետ: Արդեն առավոտյան նույն տարիքի, նույն քաղաքի եւ նույն փողոցի բնակիչ երկու երիտասարդ եւս ձերբակալվեցին ու տեղափոխվեցին ոստիկանության բաժին: Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք ատրճանակը: Նրանք նույնպես ներկայացվել են նախաքննական մարմին. հանգամանքները պարզվում են:

 

 




Լրահոս