ՀԱՊԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գալուզինը RTV-ի հետ հարցազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ շրջանակներում Երեւանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության՝ Հայաստանի տարածքում տեղակայումը, կլուծվեն կառուցողական եւ փոխշահավետ ձեւով:

 

«Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձեւաչափերի շրջանակներում՝ սկսած մշտական խորհրդի նիստերից մինչեւ Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է։ Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ իրագործելու հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման ծրագրերը՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման, ինչպես նաեւ այլ օգնության միջոցները, որոնք ամրագրված են Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագծում: Դրան պատրաստ ենք այնքան, որքան Հայաստանը»,- ասել է պաշտոնյան։

Գալուզինը չի բացառել, որ ՀԱՊԿ-ի ներսում առկա են «դժվարություններ», որոնք բնորոշ են միջազգային բոլոր կառույցներին, քանի որ նրանք գործնական աշխատանք են կատարում՝ ելնելով իրենց բոլոր անդամների շահերից:

«Այսօրվա դրությամբ կազմակերպությունը սկսել է իր երկրների ղեկավարների՝ 2022 թվականին կայացած հանդիպումներում ընդունված որոշումների իրականացման ինտենսիվ գործընթացը։ Հիմնականում, Հայաստանի նախագահության շնորհիվ, շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները հետ մղելու՝ ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու հարցում: Ցանկանում եմ ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ պետությունների համակարգված, արդյունավետ եւ շահագրգիռ աշխատանքի»։

«Այժմ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մայիս-հունիս ամիսներին նախատեսված արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների խորհուրդների, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերի համար։ Օրակարգը շատ հագեցած է, ինչը վկայում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում անվտանգության եւ կայունության ապահովման հարցերի լուծման գործում կազմակերպության մեծ պահանջարկի մասին»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցության ամրապնդման այս եւ այլ հարցեր շահագրգիռ քննարկման առարկա են դարձել 2023թ. մարտի 20-ին արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի՝ Մոսկվայում կայացած հանդիպմանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի՝ վերջերս Երեւան կատարած այցի ընթացքում։

 

 

 

 

 

ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

 

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 53 դեպք, որից 32 դեպքով հաշվարկվել է 19.208.299 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 873.316 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել է 2.330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 36 դեպք, որից 31-ով հաշվարկվել է 19.195.892 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով՝ նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 549.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10-ով՝ նշանակվել 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Արձանագրվել է 10 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 12.407 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 324.216 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով՝ նշանակվել 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 6 դեպք, որից 5-ով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ եւ ռեժիմ խախտել

Արձանագրվել է 1 դեպք:

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 1.246.800 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.871.847 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 10 հանձնարարագիր։

Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 790.000 ՀՀ դրամի չափով, նաեւ 3-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 4.056.586 ՀՀ դրամի չափով։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ)։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.230.000 ՀՀ դրամ:

Դիտարկումների վերաբերյալ

Իրականացվել է 1 դիտարկում։

 

 

 

 

ԵՐԿՈՒՍՈՒԿԵՍ ՏԱՐԻ ԱՆՑ ՏՈՒԳԱՆՔ Է ԿԻՐԱՌԵԼ

Սահմանամերձ Ոսկեպարի բնակիչ,  դպրոցի զինղեկ Նվեր Բեգլարյանը, Արցախում պատերազմի առաջին օրը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին ծանուցագիր ստանալով, զորակոչվել է զինված ուժեր եւ նշանակվել ՄՕԲ-ի դասակի հրամանատար։ Սեպտեմբերի 29-ին սահմանամերձ Ոսկեվան գյուղի բժշկական ամբուլատորիայի շենքի մոտ նա կայանել է իր մարդատար ավտոմեքենան, որպեսզի իր դասակի հետ այլ ավտոմեքենայով մեկնի սահմանագոտի։ Այդ ավտոմեքենայում նստելուց հետո նրա անձնական ավտոմեքենան ինքնաընթաց հետ է շարժվել եւ անննշան վնասել այդտեղ կայանած՝ Կոթի գյուղի բնակչի ավտոմեքենային: Պատերազմական իրավիճակի պատճառով Նվերը մոռացել է այդ չնչին վթարի մասին՝ մտածելով, որ իր ավտոմեքենան ապահովագրված է «Ինգո Արմենիայի» կողմից,  այդկերպ կլուծվի կոթեցու ավտոմեքենային պատճառված վնասի փոխհատուցման հարցը։ «Ինգո Արմենիան» դեպքից  երկուսուկես տարի անց գտել է Ն. Բեգլարյանի ավտոմեքենայի տիրոջը, ում անունով ավտոմեքենան գրանցված է։ Ապահովագրական ընկերությունը այդ անձին 51 հազար դրամ տուգանելու որոշում է ուղարկել։

Ն. Բեգլարյանը  2023թ.  մարտի  9-ին  նամակով դիմել է «Ինգո Արմենիայի»  ղեկավար Ա. Մելիքսեթյանին՝ հայտնելով վթարի հանգամանքները, նշելով, որ ինքը պատերազմի ժամանակ անհապաղ պետք է իր դասակը սահմանագոտի տաներ, ժամանակ չուներ աննշան վթարի խնդրով զբաղվելու, եւ  խնդրել է չեղարկել տուգանելու որոշումը։ Մարտի 14-ին «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ գույքային ապահովագրության հատուցումների վարչության պետի տեղակալ Ռուբեն Հովսեփյանը Ն.  Բեգլարյանին հայտնել է, որ եւս մեկ անգամ ուսումնասիրելով հայտային գործը՝ գտել են, որ բավարար հիմքեր  չկան այն վերանայելու համար, եւ հավելել. «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 29/09/2020թ. Տավուշի մարզի 6-րդ փողոցում տեղի ունեցած պատահարի ժամանակ, ըստ առկա տեղեկատվության, Ձեր կողմից պատահարի մասին ընկերությանը չի տեղեկացվել՝ համաձայն Հայաստանի ավտոապահովագրվողների բյուրոյի RL1-001 կանոններով սահմանված ժամկետի»: Առաջարկել է 5-օրյա ժամկետում ընկերության «Արարատբանկ» ԲԲԸ-ում առկա հաշվեհամարին վճարել 51.000 ՀՀ դրամ՝ «հետագա գործընթացներից զերծ մնալու համար»։  Ի՞նչ է նշանակում «Տավուշի մարզի 6-րդ փողոց»։ Տավուշում կա 62 բնակավայր, որոնց մեծամասնությունն ունի 6-րդ փողոց. վթարը տեղի է ունեցել Ոսկեվանում։ Սա  ցույց է տալիս, որ «Ինգո Արմենիա»-ում չեն էլ ուսումնասիրել Ն. Բեգլարյանի նամակում նշված փաստերը։ Նա դիմել է ՄԻՊ-ի թեժ գիծ,  ՄԻՊ-ի գրասենյակում տարբեր պատճաբանություններով հրաժարվել են գործով զբաղվել՝ խորհուրդ տալով   դիմել ՀՀ փաստաբանական պալատ։ Նա  աջակցության համար դիմել է նաեւ  ՊՆ  Սուրեն Պապիկյանին,  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս