Առաջին անգամ իտալերենով մարտի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի համերգային կատարումը: Համերգի երաժշտական ղեկավարը Կարեն Դուրգարյանն է, համերգային կատարման երաժշտական ղեկավարի խորհրդատուները Ջոն Սարգսյանն ու Փարիզի Տ. Չուխաճյանի անվան ինստիտուտի տնօրեն Ժիրայր Բաբազյանն են, իսկ դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը: 1868-ին Կոստանդնուպոլսում կոմպոզիտոր Տիգրան Չուխաճյանը ստեղծում է իր «Արշակ Երկրորդ» մեծածավալ օպերան իտալերեն:
Այն ոչ միայն առաջին օպերան է հայ երաժշտաթատերական արվեստի պատմության, այլեւ առաջինը ողջ արեւելյան երաժշտության մեջ: Օպերան հետագայում կոմպոզիտորի կողմից վերանվանվել է «Օլիմպիա»՝ քաղաքական դրդապատճառներով։ Պատմության հեգնանքն է, որ առաջին օպերան երբեք չի ներկայացվել ըստ բնօրինակի:
Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանն անդրադառնում է այն կարեւոր գործունեությանը, որ վերջին շրջանում օպերային թատրոնում իրականացնում է մաեստրո Կարեն Դուրգարյանը՝ նոր շունչ հաղորդելով մեր 90-ամյա թատրոնին: «Թատրոնի տարեգրության մեջ կարեւոր նշանակություն ունեցող նրա նախաձեռնություններին ավելացավ եւս մեկը՝ հայկական առաջին օպերայի՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» ստեղծումից 155 տարի անց՝ 2023-ի մարտի 29-ին նրա երաժշտական ղեկավարությամբ տեղի կունենա օպերայի համերգային կատարումը, որի ընթացքում Հայաստանում առաջին անգամ կհնչի օպերայի բնագիրը՝ իտալերեն լեզվով: Ամեն ինչ սկսվել էր դեռեւս տարիներ առաջ:
Ականջալուր լինելով մեր խնդրանքին՝ Չուխաճյանի ծննդյան 175-ամյա հոբելյանի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում 2012 թվականի նոյեմբերի 21-ին տեղի ունեցած համերգի ընթացքում Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ օպերային թատրոնի նվագախումբը կատարեց «Արշակ Բ» օպերայի նախերգանքը: Արվեց առաջին քայլը, որին պիտի հաջորդեր օպերայի բեմադրությունը. թվում էր, թե շուտով հեղինակային «Արշակը» կվերադառնա Հայաստան, սակայն «Արշակի» ճակատագիրն այլ կերպ դասավորվեց: Կարեն Դուրգարյանը ստիպված էր հեռանալ օպերային թատրոնից: Մարեց «Արշակի» բեմադրության հույսը»,-պատմում է Ասատրյանը: Նրա խոսքով՝ օպերային թատրոնի նախաձեռնությունը ստացել է համահայկական բնույթ: «Վստահ եմ, որ համերգային կատարմամբ կտրվի «Արշակի» վերադարձի մեկնարկը, եւ շուտով հեղինակային «Արշակ»-ն իր հաստատուն տեղը կգտնի օպերային թատրոնի խաղացանկում»,-եզրափակում է Աննա Ասատրյանը: