«Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում մարտի 28-ին հանդիպեցինք ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին»,- ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Տիկին Բերբել Բասին ներկայացրի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության լիակատար շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության իրականացման փորձերն ու միջազգային իրավակարգի կոպտագույն խախտումները, որոնց վառ ապացույցներից մեկն էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման անտեսումն է։
Այս համատեքստում խոսեցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որի ճանաչումը միջազգային հանրության կողմից օրվա հրամայականն է։
Նկարագրեցի, թե ինչպես «բնապահպանական ակտիվիստների» անվան տակ փակվեց Բերձորի միջանցը, սակայն Արցախի իշխանության կողմից Կաշենի հանքավայրի գործարկման կասեցումից հետո էլ ճանապարհը չի բացվում: Այժմ Ադրբեջանը պատճառաբանում է, թե հայերը զենք են տեղափոխում Արցախ, պետք է սքաներ տեղադրվի:
Բունդեսթագի նախագահին փոխանցեցի Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը՝ իբրեւ Արցախի կառավարության տեսակետ, որ Արցախը պատրաստ է չեզոքացնել ադրբեջանական կեղծ մտահոգություններն առ այն, որ, իբր, Հայաստանից զենք է տեղափոխվում Արցախ, որի ստահոդ լինելը կարող էր բացահայտել ռուս խաղաղապահների կողմից առաջարկված՝ բեռնատարների համար սքաներ սարքի տեղադրումը Գորիսից Արցախ եկող ճանապարհին, սակայն Ադրբեջանը դրան եւս համաձայն չէ։
Արցախի կյանքի ճանապարհը շարունակում է մնալ փակ, որովհետեւ այդկերպ Ադրբեջանը փորձում է ապահովել իր հիմնական նպատակները՝ ճնշումներով, բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով Արցախի բնակչության հպատակեցումը:
Պետնախարարը նշել էր, որ նույնիսկ պատրաստ էին այդպիսի կառուցողական քայլերի, թեեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ միջանցքի նկատմամբ ողջ վերահսկողության գործառույթը ստանձնել էին ռուս խաղաղապահները, եւ նրանց չվստահելու որեւէ պատճառ չկար:
Ներկայացրի հետպատերազմյան Հայաստանի Հանրապետությունում անվտանգային խնդիրներն ու ՀՀ սահմաններում առկա լարված իրավիճակը, մարդու ամենասուրբ՝ կյանքի, ապրելու իրավունքի իրացմանը խոչընդոտող խնդիրները: Հիշատակեցի ՀՀ պետական սահմանին, ինչպես նաեւ Արցախում իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում թշնամու կրակոցներից զոհված զինծառայողների մասին։
Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարությանը՝ մատնանշեցի առկա խնդիրներն ու մարտահրավերները»,-եզրափակում է պատգամավորը:
ԴԻՄԵԼ Է ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը հանդիպման առաջարկով դիմել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Այս մասին Էդգար Ղազարյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։
«Այսօր, որպես Ազգային ժողովում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու, պաշտոնապես դիմել եմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին (նաեւ քարտուղարին, որը հանդիսանում է նաեւ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)` կազմակերպելու համար իմ հանդիպումը խմբակցության պատգամավորների հետ։
Իմ կողմից առաջարկվել է հանդիպման բաց եւ հրապարակային ձեւաչափը` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, ուղիղ եթերով հեռարձակման հնարավորությամբ։ Միաժամանակ ընդունելի է համարվել իրենց կողմից առաջարկվող այլ ձեւաչափով հանդիպման հնարավորությունը»,- գրել է Ղազարյանը։
«ԳՈԼԴ» ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐ
Ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Նախարարությունն առաջարկում է փոխել ավտոմեքենաների այսպես կոչված «գոլդ» համարանիշների տրամադրման կարգը։ Ըստ այդմ՝ հերթական համարանիշերը հատկացվում են պետական տուրքի վճարման դիմաց, իսկ ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող համարանիշները՝ 36 000- 8.000.000 դրամով` կախված համարանիշի տառային եւ թվային համադրություններից։ Նախագծով առաջարկվում է նախատեսել նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշ, որն իր արժեքով եւ տառերի ու թվերի համադրությունների արդյունքում կտարբերվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից, եւ որոնց օգտագործելու առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։ Աճուրդի մեկնարկային գներն ու անցկացման կարգը նախագծի ընդունման դեպքում սահմանելու է կառավարությունը։ Ընդունվելու դեպքում նոր օրենքն իրավական ուժ կստանա պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով
շարունակվող ճգնաժամին առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել վերջին զարգացումների, Հայաստան-Ադրբեջան
բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ։ Կողմերը կարեւորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետեւողական ջանքերը:
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ
Ադրբեջանը հերթական ներխուժումն է իրականացրել Արցախում:
Ադրբեջանական զինուժը երեկ գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո եւ Տեղ գյուղերի արանքում. այս մասին հայտնել է ԱՀ ներքին գործերի նախարարությունը:
Հաղորդագրությունում ասվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին:
ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել՝ ինչ իրավիճակ է Արցախում: «Ադրբեջանը փակել է Տեղ գյուղից Աղավնո ընկած հատվածը, որով մենք անցնում էինք, որպեսզի հասնեինք Արցախ. հիմա իրենք թույլ չեն տալիս տեղաշարժվել այդ հատվածով: Հայաստանի իշխանությունների եւ ադրբեջանական կողմի միջեւ կար պայմանավորվածություն, որ մինչեւ ապրիլի 1-ը պետք է պատրաստ լիներ Կոռնիձեր-Հին շեն ճանապարհը, եւ արդեն այդտեղով պետք է լիներ երթեւեկությունը, բայց, ինչպես միշտ, Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը եւ երկու օր շուտ է փակել այդ ճանապարհը »,-ասում է Արցախի ԱԺ պատգամավորը:
ԱՊՕՐԻՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ եւս մեկ հայցադիմում մարտի 23-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:
Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Ս.Ա.-ից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
– Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցում գտնվող 3 անշարժ գույք, Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող 1 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 296 մլն դրամ,
– Մաշտոցի պողոտայում գտնվող անշարժ գույքի միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 135 մլն 740 հազար դրամ,
– «ԾՈՒՊԱՆԻ» ՓԲԸ-ի 33.334 հատ բաժնետոմսերի ձեռք բերման արժեքը՝ 56 մլն 909 հազար 394 դրամ,
– 10 հանձնված փոխառությունների չվերադարձված մասերի պահանջի իրավունք՝ 2 մլրդ 72 մլն 182 հազար 335 դրամի չափով,
– 5 մլրդ 180 մլն 867 հազար 198 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ,
– 1 մլրդ 706 մլն 303 հազար 920 դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել:
ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ վերոնշյալ անձը Սուրեն Ավագյանն է: