ArmLur.am-ի տեղեկություններով՝ 2022 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում ՀՀ Արարատի մարզի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության թիվ 9 բաժնի պետ Սպարտակ Ղազարյանի կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի, 35 RR 058 հ/հ-ի եւ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Լիլիթ Պապիկյանի կողմից վարվող «Հոնդա» մակնիշի, 35 QC 747 h/հ-ի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Վթարի պատճառների եւ դրանում մեղավոր լինելու վերաբերյալ հարցերի շուրջ Սպարտակ Ղազարյանի եւ Լիլիթ Պապիկյանի միջեւ ի հայտ եկած անհամաձայնության պատճառով վերջինս ժամը 12:10-ի սահմաններում զանգահարել եւ վթարի վայր է կանչել հորը՝ Հրաչյա Պապիկյանին:
Կատարվածի մասին Հրաչյա Պապիկյանի միջոցով տեղեկացել եւ դեպքի վայր են մեկնել նաեւ վերջինիս որդին՝ Նարեկ Հրաչյայի Պապիկյանը, եղբայրը՝ Սմբատ Ալբերտի Պապիկյանը, ինչպես նաեւ Ալբերտ Վաչագանի Պապիկյանը եւ քննությամբ ինքնությունները չպարզված այլ անձինք։
Սմբատ Պապիկյանը մինչեւ դեպքի վայր հասնելը զանգահարել եւ դեպքի մասին տեղեկացրել է որդուն՝ Արման Պապիկյանին, որը դեպքի վայր է գնացել Գրիգոր Հովհաննեսի Կարապետյանի եւ Ավետիք Կամոյի Անտոնյանի հետ:
Հասնելով վթարի վայր՝ Ալբերտ Պապիկյանը Ավետիք Անտոնյանի, Արման Պապիկյանի, Նարեկ Պապիկյանի, Հրաչյա Պապիկյանի, Սմբատ Պապիկյանի, Գրիգոր Կարապետյանի, Լիլիթ Պապիկյանի եւ մյուսների հետ շուրջ 20 րոպե հասարակության եւ բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերել է բացահայտ անհարգալից եւ արհամարհական վերաբերմունք, որը դրսեւորվել է Սպարտակ Ղազարյանին, Լիաննա Դանիելյանին եւ Արգիշտի Դանիելյանին ստորացնելով, այն է՝ դեպքի վայրում հավաքված անձանց, ինչպես նաեւ Սպարտակ Ղազարյանի եւ Լիաննա Դանիելյանի անչափահաս երեխաների ներկայությամբ խմբի մյուս անդամների հետ ֆիզիկական ներգործություն է կիրառել Սպարտակ Ղազարյանի եւ Արգիշտի Դանիելյանի նկատմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել վերջիններիս՝ նրանց առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, ինչպես նաեւ հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել վերջիններիս հասցեին:
Մասնավորապես, Ալբերտ Պապիկյանը խմբի մյուս անդամների հետ ձեռքերով եւ ոտքերով նախ հարվածներ է հասցրել Սպարտակ Ղազարյանի մարմնի տարբեր հատվածներին՝ գլխին, որովայնին՝ առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, որից հետո խմբի մյուս անդամների հետ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նաեւ Արգիշտի Դանիելյանի գլխի եւ որովայնի հատվածներին՝ առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, որից հետո խմբի մյուս անդամների հետ Արգիշտի Դանիելյանին գցել են գետնին եւ հարվածներ հասցրել նաեւ վերջինիս, այնուհետեւ կրկին հարվածներ են հասցրել Արգիշտի Դանիելյանին օգնության հասած Սպարտակ Ղազարյանին:
Դեպքի ընթացքում խմբի անդամները հարվածներ են հասցրել նաեւ Լիաննա Ղանիելյանին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Վերոհիշյալ եղանակներով Ալբերտ Պապիկյանը եւ խմբի մյուս անդամները շուրջ 20 րոպե նաեւ խոչընդոտել են Արմավիրի մարզի Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի բնականոն երթեւեկությունը, խախտել են երթեւեկող մարդկանց անդորրը, ինչպես նաեւ խոչընդոտել են դեպքի վայրի հարակից հատվածում տեղակայված «Երվանդ եւ Սամսոն» ՍՊ ընկերությանը պատկանող ավտոգազալցաճանապարհային կայանի բնականոն աշխատանքը: Գործը դատարանում է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՏԱՐԲԵՐ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՊԱՀԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության նոր դեպքի էական հանգամանքներ։
Մասնավորապես, 2023թ. մարտի 23-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ սպիտակ գույնի «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան քաղաքի Կենտրոնական գերեզմանատան տարածքում տեղադրում է թմրամիջոցներ:
Նույն օրը, ստացված տվյալներն իրացնելու արդյունքում, Կենտրոնական գերեզմանատան մուտքի դիմաց՝ նկատվել, ապա հարակից շենքերից մեկի մոտ կանգնեցվել է նշված մակնիշի ավտոմեքենան, որի ուղեւորը դիմել է փախուստի։
Վարորդը, որը Երեւան քաղաքի 28-ամյա բնակիչ է, տեղում խոստովանել է, որ ավտոմեքենայի սրահում առկա են Մարիխուանա տեսակի թմրամիջոցների պարունակությամբ փաթեթներ, որոնք ինքը եւ փախուստի դիմած ընկերը ձեռք են բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով եւ գումարի դիմաց տեղադրում են Երեւան քաղաքի տարբեր վայրերում։
2023թ. մարտի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով եւ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրի զննության ընթացքում 28-ամյա երիտասարդը մատնացույց է արել Երեւան քաղաքում գտնվող 3 տարբեր վայրեր, որտեղ փախուստի դիմած 26-ամյա ընկերոջ հետ տեղադրել են փաթեթներով թմրամիջոցներ: Տեղադրված փաթեթները հայտնաբերվել են, ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածի պարունակությամբ թվով 33 փաթեթ՝ ընդհանուր 52,14 գրամ քաշով: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ փաթեթներում առկա զանգվածը եղել է Մարիխուանա թմրամիջոց:
Փախուստի դիմած 26-ամյա տղամարդը հայտնաբերվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, երկու երիտասարդները ձերբակալվել են՝ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։
Քննիչի կողմից դատախազին ներկայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդության բավարարման արդյունքում երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման աղբյուրները, ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
ԳՈՂՈՒԹՅԱՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 28-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնում Ալավերդի քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ անցած օրվա ընթացքում, երբ իրենք տանը չեն եղել, բացել են մուտքի դուռը եւ ննջարանի պահարանում դրված գիպսե դրամապահոցները ջարդելով՝ գողացել են ավելի քան մեկուկես միլիոն դրամ եւ 16 հազար ռուսական ռուբլի: Ընդ որում՝ դուռը բացել ու փակել էին հարմարեցված բանալիով՝ առանց վնասելու կողպեքը:
Դեպքի վայր են մեկնել բաժնի օպերատիվ խումբը, փորձագետ ու քննիչ: Ձեռնարկվել են անհետաձգելի գործողություններ` հանցագործությունը բացահայտելու եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն ամեն մի փաստ ճշտելուց հետո պատասխանների փոխարեն առաջանում էին նոր հարցեր: Արդեն հաջորդ օրը ստացվեց գլխավոր պատասխանը: Պարզվեց, որ կատարվածը ոչ թե գողություն էր, այլ գողության բեմականացում, իմիտացիա: Ձեռնարկված միջոցառումներով հիմնավորվեց, որ մոտ մեկուկես տարի է, ինչ հաղորդում տվողի կինը տեւական ժամանակ ամուսնու աշխատավարձից դրամապահոցներում հավաքած գումարներից պարբերաբար գաղտնի հանել է տարբեր գումարներ կամ ամուսնուն խաբելով՝ պահոցների մեջ ընդհանրապես գումար չի գցել ու փողը ծախսել է պարտք փակելու կամ կենցաղային այլ հարցեր լուծելու համար: Եվ որպեսզի ամուսնու հետ խնդիրներ չառաջանան, մարտի 27-ին խառնել-գետնին է թափել ննջասենյակի իրերը, կոտրել է դրամապահոցները, վերցրել մնացած 100 հազար դրամն ու 16 հազար ռուբլին, իր բանալիով փակել տան դուռն ու մանկահասակ դստեր հետ մեկնել է ամուսնու մոտ՝ նրա հայրական տուն: Հաջորդ օրը ընտանիքով վերադարձել են Ալավերդի, եւ ոչինչ չկասկածող ամուսինը դիմել է ոստիկանություն: Իսկ ոստիկանության խնդիրը իրականության բացահայտումն է: Կինը խոստովանել է արարքը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ում, որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության (Շիրակի մարզ, գ. Առափի): Փորձարկման արդյունքում պարզվել է, որ «Պանիր լոռի» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչեւ հայտնաբերված խախտումները վերացնելը: