ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՈՐ ՄԱՐՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրը հավանություն է տվել ««Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրենքների նախագծերի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտները կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման արդի վիճակին եւ միջազգային չափանիշներին, կնպաստի այդ ոլորտների առաջընթացին եւ դինամիկ զարգացմանը: Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման եւ արդիականացման նպատակով նախատեսվում է ստեղծել պետական կառավարման համակարգի նոր մարմին` Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե:

 

Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ կառավարության ծրագրով՝ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների որակական զարգացումն առաջնահերթություն է, որի շրջանակում իրականացվել է մեծածավալ աշխատանք. «Կառավարությունը, 2018 թվականի համեմատ, գիտության ոլորտի ֆինանսավորումն այս տարվա համար ավելացրել է 21,74 մլրդ դրամով՝ այն դարձնելով 36 մլրդ դրամ, որը 2.5 անգամ ավելի է 2018 թվականին տրամադրված ֆինանսավորումից: Գիտության ոլորտում մեկնարկել է գիտաշխատողների ատեստավորման եւ վարձատրության բարձրացման ծրագիրը, որի արդյունքում, օրինակ, ամենամեծ թվով գիտնականներ ընդգրկող տարակարգի՝ գիտական աշխատողների բազային աշխատավարձը նախկինում միջինը 90 հազար դրամի փոխարեն 2022 թվականին կազմել է 150 հազար դրամ, 2023 թվականին՝ 250 հազար, 2025 թվականին արդեն փուլային աճման սկզբունքով կկազմի 276 հազար դրամ: Առաջատար գիտաշխատողների պարագայում, օրինակ, արդեն 2022 թվականից ունեինք ավելի քան կրկնապատկված աշխատավարձ՝ 114 հազար դրամի փոխարեն 250 հազար դրամ: 2023-ին առաջատար գիտաշխատողների աշխատավարձը 350 հազար դրամ է, իսկ 2025-ին կլինի 443 հազար դրամ»:

Նախարարի խոսքով՝ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում գիտական ենթակառուցվածքների եւ սարքավորումների ձեռք բերման, գիտության ոլորտում սերնդափոխության, արտերկրից հեղինակավոր գիտնականների ներգրավման ուղղությամբ՝ թիրախային դրամաշնորհային ծրագրերի միջոցով, որոնք արդեն ունեն տեսանելի արդյունքներ:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է օրինագծի ընդունումը եւ մեկ անգամ եւս ընդգծել, որ, առանց կրթության ոլորտում խորը եւ բովանդակային փոփոխությունների, որոնք կբերեն կրթության որակի եւ արդյունավետության բարձրացմանը, հնարավոր չի լինի ապահովել երկրի ապագան: «Այդ իմաստով մենք, իհարկե, շատ մանրամասն հետազոտել ենք այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել, կամ այն պրոբլեմները, որոնք մենք ունենք բարձրագույն կրթության ոլորտում: Դրանցից են ֆիզիկական ենթակառուցվածքների բովանդակային հատվածի անհամապատասխանությունը ժամանակակից չափանիշներին: Մենք արձանագրել ենք հետեւյալը, որ, ցավոք, չենք նկատել, թե ինչպես է բուհական համակարգը շարունակաբար մեկուսանում հետազոտական բաղադրիչից: Այսինքն՝ մենք այսօր ունենք իրավիճակներ, երբ կարող է Հայաստանի Հանրապետությունում դիմորդն ընդունվել բուհ, ավարտել բուհը, դիպլոմավորվել եւ այդպես էլ որեւէ առարկայական առնչություն չունենալ իր մասնագիտության եւ բովանդակության հետ: Մեր ռազմավարության կարեւոր բաղադրիչներից է հետազոտական եւ բուհական բաղադրիչները մեկտեղել այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է եւ տրամաբանական: Դուք գիտեք, որ ակադեմիական քաղաքի շրջանակում մենք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ունենանք մինչեւ 8 լիարժեք, ամբողջությամբ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող բուհ: Այդ բուհերը պետք է ձեւավորվեն ոչ միայն բուհական, այլեւ հետազոտական բաղադրիչների հիման վրա: Առաջիկայում ենթադրում եմ, որ մենք կարող ենք նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո այս առաջարկն արտապատվիրակել հենց բուհերին եւ հետազոտական հաստատություններին՝ նրանց առաջարկելով սկսել քննարկումներ իրենց համատեղ ապագան կառուցելու վերաբերյալ»,-ասել է վարչապետը:

 

 

 

 

 

ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։ Տվյալներ կան ներկայացված նաեւ Հայաստանի մասին։

 

Զեկույցում նշված են Հայաստանի վերաբերյալ հիմնական արձանագրումները, ըստ որի՝ իրավապահները չափից ավելի ուժ են կիրառել կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերի ընթացքում։

Մյուս արձանագրությամբ նշվում է, որ հանքարդյունաբերության վերաբերյալ օրենսդրությունում կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնք ավելի են հեշտացրել շրջանցելու համար հանրային դիմադրությունն ու բնապահպան մտահոգությունները։

Զեկույցում նշվում է, որ շարունակում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անվտանգային լարված իրավիճակը՝ հաճախակի փոխհրաձգություններով։

Ադրբեջանի հրետակոծությունները հարվածներ են հասցրել Հայաստանի բուն տարածքին՝ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերին, ինչի հետեւանքով ավելի քան 200 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու քաղաքացիական անձ։

Հոկտեմբերին Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնության են եկել իրենց սահմանի երկայնքով Եվրամիության մշտադիտարկման առաքելության կարճաժամկետ տեղակայման շուրջ։

Ոչ մի էական առաջընթաց չի արձանագրվել 2020 թվականի հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում եւ դրանից անմիջապես հետո կատարված պատերազմական հանցագործությունների եւ միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտումների հետաքննության կամ ենթադրյալ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգոստոսին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2020-ի մարտից ի վեր ավելի քան 300 հայեր անհետ կորած են մնում կամ հաշվառված չեն։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱՌԱՆՑ ԱՆՏԱՌԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

ՀՀ անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել։ Հարցման մեջ, ի թիվս այլ հարցերի, հետեւյալ հարցապնդումն եմ արել. Տավուշի մարզի տարածքում գործող անտառտնտեսություններում որքա՞ն է կազմում անտառապահի աշխատավարձը, որո՞նք են անտառապահների աշխատանքային ժամերը եւ օրերը, երեկոյան եւ գիշերային ժամերին ովքե՞ր եւ ինչպե՞ս են կատարում անտառների պահպանությունը։ Հարցերից մեկն էլ հետեւյալն էր՝ անտառտնտեսությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների ժամանակ, որպես տնօրենների թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջ, ինչո՞ւ ներառված չէ նրանց՝ անտառագիտական կամ բնագիտական բարձրագույն կրթություն ունենալը։

Անտառային կոմիտեից ստացված պատասխանում նշված է. «ՀՀ Տավուշի մարզի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում անտառապահների ամսական աշխատավարձը կազմում է 140.000 (Հարյուր քառասուն հազար) դրամ: «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ, երկու հանգստյան օրով՝ շաբաթ եւ կիրակի։ Աշխատանքային օրը սկսվում է ժամը 9.00-ին եւ ավարտվում է ժամը 18.00-ին։ Երեկոյան եւ գիշերային ժամերին անտառներում հսկողություն չի իրականացվում»։

Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ են անտառապահները պատասխանատվություն կրում իրենց հսկողությանը հանձնված տեղամասերում շաբաթ-կիրակի օրերին եւ գիշերային ժամերին անհայտ անձանց կողմից հատված ծառերի համար։ Մյուս հարցադրմանը Անտառային կոմիտեից հետեւյալ պատասխանն են տվել.  ««Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության Տավուշի մարզի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը 2020թ. դեկտեմբերի 17-ին «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի թիվ 154 հրամանով ուժը կորցրած է ճանաչվել։ Անտառտնտեսության մասնաճյուղերում տնօրենններն աշխատանքի են ընդունվում «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի հրամանով, առանց մրցույթի»։ Անտառտնտեսության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը 2020թ.-ին չեղյալ են համարել, որպեսզի առանց որեւէ արգելքի «յուրայիններին» նշանակեն այդ պաշտոնին։ Ուշագրավ է, որ ՀՀ անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը եւ այդ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը անտառագիտական կամ  բնագիտական կրթություն չունեն, մինչ այդ պաշտոններին նշանակվելն  անտառային ոլորտում աշխատանքային փորձ ընդհանրապես չեն ունեցել։ Կարեւոր մի հանգամանք. Վլադիմիր Կիրակոսյանը եւ Սերգո Աթանեսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 




Լրահոս