այաստանի ստեղծարար արդյունաբերության եւ մշակույթի ոլորտների խրախուսմանն ուղղված «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակում մեկնարկում է Artbox Hub ծրագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:
Ծրագիրը ստեղծվել է Creative Armenia հիմնադրամի կողմից եւ իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ, ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ։ Artbox Hub-ը միտված է խթանելու Հայաստանում մշակութային հաստատությունների գործունեությունը՝ ընտրված հաստատություններին տրամադրելով 50 հազար եվրոյի չափով դրամաշնորհ՝ ակտիվացնելու ստեղծարար կենտրոնները։ Artbox Hub-ը 8-շաբաթյա առցանց ծրագիր է՝ Հայաստանում ստեղծարար ոլորտներում գործող մշակութային հաստատությունների համար։
Ծրագրի միջոցով մասնակից հաստատություններին հնարավորություն կընձեռվի տարածքը վերածել համայնքային ներկայանալի մշակութային կենտրոնի։ Աշխատելով առաջատար մենթորների եւ միջազգային մշակութային հաստատությունների առաջնորդների հետ՝ մասնակից կազմակերպությունները կվերաիմաստավորեն իրենց մոտեցումը՝ մարքեթինգի, հաճախորդների ակտիվացմանն ու եկամտի մոդելների բարելավման առումով։ Նրանք կմշակեն տարածքներին նոր շունչ հաղորդելու, հասանելի եւ հետաքրքիր մշակութային կենտրոններ ստեղծելու ռազմավարություն։
Ծրագրի ավարտին հաստատությունները կներկայացնեն տարածքները մշակութային ստեղծարար կենտրոնների վերածելու նախագծերը. կընտրվեն լավագույն 3-ը, որոնք կստանան դրամաշնորհ ու բրենդավորման աջակցություն՝ ծրագիրը կյանքի կոչելու համար: Artbox Hub ծրագրի իրականացման նպատակով ընդունվում են հայտեր ստեղծարար այն հաստատություններից, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետության սահմաններում եւ ցանկանում են առավելագույնի հասցնել իրենց համայնքի ներգրավումը, եկամուտները եւ տեսանելիությունը։
Ծրագիրը նախատեսված է ստեղծարար բոլոր ոլորտներում գործող կազմակերպությունների եւ տարածքների համար, որոնք կարիք ունեն մշակելու նոր մոտեցումներ համայնքներում եւ արվեստի ոլորտում ավելի ներգրավված, ակտիվ ու կայուն ներկայություն հաստատելու նպատակով։ Artbox Hub-ը ինկուբատորի եւ աքսելերատորի մոդելների վերակերտումն է ՝ կոչված տրամադրելու ռազմավարական աջակցություն եւ ֆինանսավորման ուղիներ արվեստի բոլոր ոլորտներում գործող անհատներին, նախագծերին եւ կազմակերպություններին։ Մի շարք ժամանակակից ծրագրերի միջոցով Artbox Hub-ը զարգացնում է առեւտրային կենսունակություն, լսարանի աճ եւ ներդրումային ստեղծագործական արտադրանքներ: Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի ապրիլի 28-ն է։
ՏԱՐԱՆՏԻՆՈՆ ԱՎԱՐՏԵԼ Է
Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր եւ դերասան Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ ավարտել է իր վերջին ֆիլմի սցենարը:
Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը: Ակնկալվում է, որ Տարանտինոն իր 10-րդ ֆիլմի նկարահանումները կսկսի մի քանի ամսից: «Ես ավարտել եմ մի սցենար, որը կդառնա իմ վերջին ֆիլմը: Կարծում եմ՝ մենք, ամենայն հավանականությամբ, այն կնկարահանենք աշնանը», – ասել է 60-ամյա կինոռեժիսորը Կաննի կինոփառատոնի նախագահ Թիերի Ֆրեմոյի հետ զրույցում: Ռեժիսորը հավելել է, որ ֆիլմը կոչվում է «Կինոքննադատ»: Դրա պատմությունը ծավալվում է 1977 թ.-ին: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե պատմությունը կարող է կենտրոնացած լինել 2001 թ.-ին մահացած Պաուլին Կաելի շուրջ, որը համարվում է բոլոր ժամանակների ամենաազդեցիկ կինոքննադատներից մեկը, սակայն Քվենտին Տարանտինոն հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ իր ֆիլմը նվիրված չէ որեւէ կոնկրետ կինոքննադատի: Տարանտինոյի դեբյուտային ֆիլմը եղել է 1992 թ.-ին էկրան բարձրացած «Կատաղած շներ»-ը, որը նրան մեծ համբավ բերեց: Վերջին 3 տասնամյակների ընթացքում կինոռեժիսորը նկարահանել է այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Քրեական ընթերցվածք»-ը, «Մի անգամ Հոլիվուդում»-ը, «Անփառունակ սրիկաները»: Նա աշխատել է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Ջոն Տրավոլտան, Ումա Թուրմանը, Սեմյուել Լ. Ջեքսոնը: Նրա ֆիլմերի շնորհիվ Քրիստոֆ Վոլցը երկու «Օսկար» է շահել: Տարանտինոն բազմիցս նշել էր, որ ցանկանում է իր կյանքի ընթացքում նկարահանել 10 ֆիլմ կամ թոշակի անցնել մինչեւ 60 տարեկանը: Ռեժիսորն արդեն նկարահանել է 9 ֆիլմ (եթե «Սպանել Բիլին» ֆիլմը համարենք 1 ֆիլմ), իսկ մարտի 27-ին դարձել է 60 տարեկան: