ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին երեկ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ֆրանսիացի պաշտոնյան Հայաստանի վարչապետի հետ կիսվել է Սյունիքի մարզ կատարած այցից տպավորություններով։

 

«Մեզ համար շատ կարեւոր էր գնալ հենց Սյունիքի մարզ եւ լինել առաջին ֆրանսիական տեղական իշխանության մարմինը, որը համագործակցություն կսահմանի մարզի հետ, որովհետեւ մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչքան առանցքային է Սյունիքը Հայաստանի տարածքի ամբողջականության համար», – ասել է նա՝ հավելելով, որ տեսանելի է ամբողջ ծանրությունն ու դաժանությունը, որ կա մարզում հիմա։

«Գյուղերը, որ մեկուսացված են, ճանապարհները, որ կտրված են, երբեմն մի քանի հարյուր կամ մի քանի տասնյակ մետրի վրա ադրբեջանական դրոշները երեւում են», – նշել է Լորան Վոքիեն՝ հավելելով, որ նկատել է միասնության ու համախմբման ոգին տեղում։

Նիկոլ Փաշինյանը, ըստ հաղորդագրության, ասել է, որ, ի հեճուկս բոլոր մարտահրավերների, Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվել։ Նա հույս է հայտնել, որ Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կդառնա լրացուցիչ կայունության եւ անվտանգության գործոն:

Նրանք կարեւորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ուղղությամբ միջազգային հանրության կողմից հետեւողական ջանքերի գործադրումը:

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն միջազգային հանրության արձագանքը համապատասխան չի համարում ադրբեջանական վայրագություններին, նա Ադրբեջանի, Ալիեւի ռեժիմի դեմ պատժամիջոցների անհրաժեշտություն  է տեսնում: Լորան Վոքիեն նման դիրքորոշում հայտնեց արդեն Երեւանում Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ ասուլիսում:

«Այն, ինչ տեղի է ունենում, նորմալ չէ, եւ միջազգային հանրության արձագանքը չի համապատասխանում այստեղ տեղի ունեցածին: Մի հասարակ հարց տամ. որոշվեց, որ ռուսական գազ այլեւս չի գնվի Ուկրաինայի որոշ տարածքների օկուպացիայից հետո. արդյոք ադրբեջանական գազն ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ հետեւանք չեղավ տեղի ունեցածին, ինչո՞ւ չկան պատժամիջոցներ Ալիեւի ռեժիմի դեմ: Այդ հարցերը ես ձեզ հետ միասին կիսում եմ, եւ դրանք ինձ վրդովեցնում են նույնչափ»,-ասաց Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը:

Ըստ նրա՝ դրան լուծում տալու համար պետք է լինեն մարդիկ՝ հայտնի անձնավորություններ, որոնք հանձնառություն կվերցնեն եւ հայերի կողքին կլինեն ու կբացատրեն շատերին, քանի որ կան մարդիկ, որոնք պարզապես չեն հասկանում տիրող իրավիճակը:

Լորան Վոքիեն նկատեց՝ Ադրբեջանը լուրջ պրոպագանդիստական աշխատանք է կատարում: Նա ու իր պատվիրակության 40 անդամները Հայաստան այցի շրջանակում եղել են Սյունիքում: «Մենք հատուկ ցանկացանք, որ բազմաքանակ պատվիրակություն լինի: Իմ պատվիրակության բոլոր անդամները կկարողանան ասել՝ ես եղել եմ տեղում, ես տեսել եմ՝ ինչ է կատարվում, ես հասկանում եմ, թե ինչ է կատարվում: Այն վայրերում, որտեղ մենք եղել ենք,  հենց հաջորդ օրը ադրբեջանական ուժերը եկել ու գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքից»,- նշեց նա:

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը նաեւ իր հիացմունքն արտահայտեց արցախցիների նկատմամբ: «Ես մոլորակի վրա որեւէ այլ անկյուն չեմ ճանաչում, որտեղ 120 հազար մարդ կատարելապես շրջափակված է, միտքս չի գալիս աշխարհում որեւէ այլ անկյուն, որտեղ այս կարգի բարբարոսություն է տեղի ունենում»,- ասաց նա:

Լորան Վոքիեն ասաց՝ չի կարող կառավարության անունից պարտավորվել, բայց իրենք իրենց մակարդակով կանեն ամեն ինչ, որ հնարավորինս կարողանան թեթեւացնել իրավիճակը: Ֆրանսիական պատվիրակության անդամները հիացած են, որ արցախցիները չեն ընկրկում:

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն էլ Վոքիեին շնորհակալություն հայտնեց Արցախի նկատմամբ օրինակելի վերաբերմունքի համար:

Ն.Հ.

 

 

 

 

ԱՆՀՆԱՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

«Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցով խաղաղ ծրագրերի իրականացումն առայժմ անհնար է, քանի որ Կիեւը չի կարող չհնազանդվել իր կուրատորներին, որոնք պնդում են, որ պատերազմը շարունակվի»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ինքը՝ ՌԴ նախագահը, ասել է, որ քննարկել է բուն ծրագիրը, դրա առանձին դրույթները,  բայց տեղին չէ համեմատել այդ երկու գաղափարները։ Ես նկատի ունեմ այն, ինչ հնչեցրել է Չինաստանի նախագահը, եւ այն, ինչի մասին խոսում է նախագահ Լուկաշենկոն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հրադադարի որ ձեւաչափն է (Բելառուսի կամ Չինաստանի առաջարկած ձեւաչափը) Կրեմլում նախընտրելի համարվում։

Պեսկովը նաեւ հայտարարել է, որ Պեկինի ծրագիրն այժմ չի կարող իրագործվել:

 

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄՆՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ Աֆղանստանում մնում է լարված, կա ապակայունացման վտանգ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում»,- ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը. տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Պահպանվում է լարվածությունը կովկասյան տարածաշրջանում՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բազմամյա հակասությունների հետեւանք»,- ուրբաթ ասել է Տասմագամբետովը ՀԱՊԿ-ի քարտուղարության եւ միավորված շտաբի ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցությունում։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության հետ կապված ռիսկերի պատճառով իրավիճակը հղի է լուրջ ապակայունացմամբ։

«Անհանգիստ է կենտրոնաասիական շրջանում. խորանում է ՀԱՊԿ-ի գծով դաշնակիցների տարածք ծայրահեղական գաղափարախոսության եւ ահաբեկչական խմբավորումների ներթափանցման վտանգը։ Առանձնապես մտահոգում են համալիր սպառնալիքները, որոնք բխում են Աֆղանստանի տարածքից»,- ասել է Տասմագամբետովը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում իրականացվում է մշտական աշխատանք գոյություն ունեցող եւ նոր առաջացող մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։

 

 

 

 

 

ՈՒՆԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Երեկ պարզ դարձավ, որ ձերբակալվել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը: Նա պատգամավոր է եւ ունի անձեռնմխելիություն:

Սահմանադրության 96-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի անձեռնմխելիությունը:

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորը, առանց Ազգային ժողովի համաձայնության, չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Այսպիսով, պատգամավորը ձերբակալվել է, սակայն 72 ժամից ավելի չի կարող մնալ անազատության մեջ: Հետագա գործընթացների համար արդեն, եթե որոշեն պատգամավորին կալանավորել, ապա խորհրդարան պետք է գա  գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ նման միջնորդություն ներկայացնի:

 

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱՎԵՃԻՆ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը մարտի 29-ին բանավեճի հրավեր էր արել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի իշխանական թեկնածու Անահիտ Մանասյանին եւ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ որոշմամբ առաջադրված թեկնածու Էդգար Ղազարյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասաց, որ պատրաստ է Մանասյանի հետ բանավեճին. «Ցանկացած տեղ ցանկացած ժամի պատրաստ եմ բանավեճի»,-ասաց նա: Դիմեցինք նաեւ Անահիտ Մանասյանին, որը, «Ժողովուրդ» օրաթերթի նույնաբովանդակ հարցին ի պատասխան, ասաց, որ իր հարցազրույցն արդեն տվել է (նկատի ունի Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցը), այսինքն՝ նա չի մասնակցի բանավեճի: Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանն էլ իր հերթին հանդիպելու առաջարկ է արել ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավորներին, սակայն դեռեւս արձագանք չկա՝ կհանդիպեն իշխանությունները ընդդիմության թեկնածուին, թե ոչ:




Լրահոս