ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ. դեկտեմբերի 27-ից  Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն, Երեւանի բնակիչ,1973թ.  ծնված Էդուարդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2009թ. հունվարից մինչեւ 2019թ. հուլիսի 1-ը հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի (Բերդի առանձին բժշկական ջոկատ) հրամանատար, պաշտոնատար անձ, կոչումով բուժծառայության փոխգնդապետ, պարտավոր լինելով հոսպիտալում քաղաքացիական անձանց անվճար բուժսպասարկելուց առաջ պահպանել ՀՀ-ում գործող համապատասխան օրենսդրությամբ եւ մի շարք իրավական ակտերով նախատեսված դրույթների պահանջները, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, առանց հաստատված գնացուցակով սահմանված 200.000 դրամ գանձելու,  2019թ.  հունվարի 23-ին վիրահատել է  Պառավաքարի բնակիչ Անահիտ Աղաջանյանին, ապա  2019թ. հունվարի 29-ին, առանց  գնացուցակով սահմանված 180.000 դրամ գանձելու, վիրահատել է Մովսեսի բնակիչ Վոլոդյա Ավալյանին, 2019թ. հունվարի 30-ին, առանց  գնացուցակով սահմանված 150.000 դրամ գանձելու, վիրահատել է Վազաշենի բնակիչ Գայանե Ամիրխանյանին, ինչի հետեւանքով   էական վնաս է պատճառվել, ընդհանուր 670.000 հազար դրամ զինհոսպիտալի դրամարկղ չի վճարվել։

 

Է. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի   376 հոդվածի 1-ին մասով։ Է. Գրիգորյանը նախաքննության ընթացքում պետությանը պատճառած 670 հազար դրամն ամբողջությամբ վերականգնել է։  2019թ. հոկտեմբերի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու  եւ  Է. Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ 2020թ. փետրվարի 21-ին վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու եւ  գործը նոր քննության ուղարկելու մասին։ 2022թ. հունիսի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը որոշել է Է. Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով նրան ազատել այդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից։ Դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը՝ խնդրելով բեկանել այն եւ Է.  Գրիգորյանին դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան։ 2022թ. դեկտեմբերի 8-ին վերաքննիչ դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը մերժել, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի՝ 2022թ. հունիսի 17-ի որոշումը թողնել անփոփոխ։ Է. Գրիգորյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել։ 2023թ. մարտի 28-ին վճռաբեկ դատարանի դատավոր Ս. Ավետիսյանը որոշել է  Է. Գրիգորյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանի  վճռաբեկ բողոքը վերադարձնել, վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու եւ այն կրկին ներկայացնելու համար տրամադրել 10-օրյա ժամկետ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի երդվյալ ատենակալների կողմից: Դոնալդ Թրամփին մեղադրում են պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու նպատակով նրան կաշառելու համար:

 

Սա պատմական քայլ է, քանի որ առաջին անգամ է, որ ԱՄՆ որեւէ նախկին նախագահի քրեական մեղադրանք է առաջադրվում: Առաջին անգամ է, որ նախկին նախագահից պետք է մատնահետքեր վերցնեն, լուսանկարեն ոստիկանության բաժանմունքում եւ նստեցնեն մեղադրյալի աթոռին:

Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թվականին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, եւ որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենն իրեն 130.000 դոլար է վճարել, որպեսզի ինքը դրա մասին չբարձրաձայնի: Թրամփը հերքել է սա՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում:

Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչ մեղադրանք է առաջադրվել նախկին նախագահին, սակայն ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Թրամփին սպառնում է երկու տասնյակից ավելի մեղադրանք՝ կապված բիզնես խարդախությունների հետ:

BBC-ն հաղորդում է, որ Թրամփը պետք է Ֆլորիդայից մեկնի Նյու Յորք, որպեսզի ապրիլի 4-ին կանգնի դատարանի առջեւ:

ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները պաշտպանել են Դոնալդ Թրամփին՝ քննադատելով դատախազներին, իսկ դեմոկրատները նշել են, որ ոչ ոք օրենքից վեր չէ:

Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Նյու Յորքում արդար դատավարություն չի ակնկալում:

«Նրանք իմ դեմ այս կեղծ, անազնիվ եւ խայտառակ մեղադրանքն առաջադրել են, որովհետեւ ես կանգնած եմ ամերիկացի ժողովրդի կողքին, եւ նրանք գիտեն, որ ես չեմ կարող Նյու Յորքում արդար դատավարություն ակնկալել»,- գրել է ԱՄՆ նախկին նախագահն իր սեփական Truth Social սոցիալական ցանցում:

Թրամփի համախոհները գիշերը հավաքվել են Ֆլորիդայում գտնվող նրա «Մար ա Լագո» կալվածքի առջեւ՝ իրենց աջակցությունը հայտնելով Սպիտակ տան նախկին ղեկավարին եւ թափահարելով 2024 թվականի նախագահական ընտրարշավի դրոշները:

 

 

 

 

ՄՐՑՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ

Սույն թվականի մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է միջհիմնարկային շախմատային մրցաշար տարբեր քրեակատարողական հիմնարկների լավագույն դատապարտյալների միջեւ:

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ մրցաշարի նպատակն էր ձեւավորել Հայաստանի շախմատի դատապարտյալների հավաքականը՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենան աշնանը:

Խաղի ընթացքին հետեւել են Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, նրա առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը եւ այլք:

Մինչ խաղի մեկնարկը Սերգեյ Ատոմյանը հաջողություն է մաղթել մասնակիցներին՝ ընդգծելով շախմատի դերն ու նշանակությունն անհատի ձեւավորման, կայացման ու հավասարակշռված դառնալու գործընթացում:

Սմբատ Լպուտյանը ՖԻԴԵ-ի կողմից շնորհակալագրեր է հանձնել Սերգեյ Ատոմյանին, Ամբակում Գրիգորյանին եւ ծառայության կենտրոնական մարմնի այլ ներկայացուցիչների՝ 2022 թվականի՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնության կազմակերպման գործում աջակցության եւ մեծ ներդրման համար, իսկ առաջնությանը մասնակցած դատապարտյալներին տվել է հավաստագրեր:

Միջհիմնարկային մրցաշարի արդյունքում լավագույնս հանդես են եկել դատապարտյալներ Հ. Աբաջյանը՝ «Սեւան» քրեակատարողական հիմնարկից, Ա. Գորոյանը, Գ. Դավեյանը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, եւ Ռ. Սարգսյանը, Կ. Բերբերյանը, Մ. Սարգսյանը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից:

Նշված 6 դատապարտյալները կներկայացնեն Հայաստանը դատապարտյալների միջեւ անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը:




Լրահոս