Մարտի 29-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ մարտի 22-ին կայացած «Լաւագոյն գրաբարագէտ» խորագրով հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփումը։ Կազմակերպիչներ՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության եւ ընդհանուր լեզվաբանության ամբիոն, ֆակուլտետի ՈւԳԸ, «Դասական դպրոց» կրթական հիմնադրամ։
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Արարատյան Հայրապետական թեմի հոգեւոր հովիվ եւ թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի համակարգող Տ. Պարթեւ քահանա Մուրադյանը ներկաներին փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու գնահատանքի խոսքը։
Ելույթներով հանդես եկան նաեւ «Դասական դպրոց» ԿՀ տնօրեն Մանե Ղեւոնդյանը, «Իրական դպրոց» ԿՀ տնօրեն Վահագն Պողոսյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, ԵՊՀ հայոց լեզվի պատմության եւ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ. դ., պրոֆ. Աննա Աբաջյանը, ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։
Ինչպես իր խոսքում նշեց «Դասական դպրոց» ԿՀ տնօրեն Մանե Ղեւոնդյանը, «Լաւագոյն գրաբարագէտ» օլիմպիադայի նպատակներն են հայոց դասական լեզվի շուրջ միավորել դպրոցականներին, ուսանողներին, դասախոսներին եւ այլ հետաքրքրված անձանց, խթանել ուսանողների հետաքրքրությունը դեպի հայոց դասական լեզվի նորովի ուսումնասիրումն ու մեկնաբանումը, դասական լեզուների համատեքստում վերաիմաստավորել հայոց դասական լեզվի դերը եւ, ի վերջո, ստեղծել մրցույթի մի ձեւաչափ, որը շարունակական կլինի եւ ժամանակի ընթացքում կընդգրկի առավել մեծ լսարան:
Աշխարհաբար տեքստը գրաբարի փոխադրման մրցույթում 1-ին կարգի մրցանակի արժանացավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Անի Թադեւոսյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց նույն ֆակուլտետի ուսանող Թամարա Կարապետյանը, իսկ 3-րդ տեղում Արցախի պետական համալսարանի ուսանող Գոհար Հայրապետյանն էր:
Գրաբարով շարադրությունների մրցույթում լավագույնը Գեւորգյան ճեմարանի սան Արման Աբրահամյանի «Երկիր Նաիրի Հայաստանս» աշխատանքն էր: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Գեւորգյան ճեմարանի սան Գեւորգ սարկավագ Կարապետյանը, իսկ 3-րդում ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Ժենյա
Ղազարյանն էր:
«Ակընկալում ենք, որ այս եւ յետագայ մրցոյթների յաղթողների հետ կը համագործակցենք մեր նոր դասագրքերի, ծրագրային ապահովման եւ այլ գրաբարեան նիւթերի ստեղծման գործում, քանի որ մաւտակայ տարիներին Գրաբարով նոր բովանդակութիւն ստեղծման կարիքը շատ ենք ունենալու» – իր խոսքում նշեց Վահագն Պողոսյանը՝ շնորհավորելով հաղթողներին։
Մրցանակային անվանակարգեր զբաղեցրած ուսանողները ստացան խրախուսական
դրամական պարգեւներ եւ մասնագիտական գրականություն գիտելիքներն ամրապնդելու նպատակով։
ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Վրաստանն ավելացրել է մարդատար ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան, Հայաստան, Ղրղզըստան եւ Ղազախստան։
Մասնավորապես, հունվար-փետրվարին Ռուսաստան է ուղարկվել 13,5 մլն դոլարի 978 ավտոմեքենա (2022թ.՝ 209 մեքենա)։
Վրաստանն ավտոմեքենաներ չի արտադրում, բայց ակտիվորեն ներմուծում է դրանք։ Այսպես, 2023թ. հունվար-փետրվարին ԱՄՆ-ից բերվել է 97 մլն դոլարի 8,2 հազար ավտոմեքենա, Գերմանիայից՝ 1,3 հազար մեքենա (29,2 մլն դոլար)։
«Ավտոստատի» տվյալներով՝ նշված ժամանակահատվածում Ռուսաստանում վաճառվել է մոտ 9,8 հազար ավտոմեքենա (մինչեւ երեք տարեկան), որոնք ստացվել են զուգահեռ ներմուծմամբ, սակայն դրանք հիմնականում մեքենաներ էին Չինաստանից։
Ընդհանուր առմամբ, Վրաստանի վիճակագրական գործակալության տվյալներով՝ հունվար-փետրվարին մարդատար ավտոմեքենաների վերարտահանումը հասել է տասնամյա առավելագունին՝ 13,5 հազար ավտոմեքենա (236,8 մլն դոլար ընդհանուր արժողությամբ)։ Ընդ որում՝ 2019թ. հանրապետությունը վերարտահանել է 59,8 մլն դոլարի 9,7 հազար ավտոմեքենա ամբողջ տարվա ընթացքում։
800 ՈՒՂԵՎՈՐ՝ ԽՑԱՆՄԱՆ ՄԵՋ
Ավելի քան 30 ավտոբուս՝ մոտ 800 ուղեւորներով, ձյան պատճառով խցանման մեջ է մնացել Ռոստովի մարզում։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել են մարզի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները։
«33 ավտոբուս, 766 մարդ ձյան պատճառով խցանման մեջ են Ռոստովի մարզի ճանապարհներին»,- նշել են գերատեսչությունում։
Նախարարությունում նաեւ ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ վատ եղանակային պայմանների պատճառով մարզի իշխանությունները որոշում են կայացրել փակել երթեւեկությունն ուղեւորատար ավտոբուսների համար մարզի հյուսիսային երթուղիներում։
«[Ուղեւորատար ավտոբուսների շարժման] բոլոր ուղղությունները դեպի հյուսիս M-4 «Դոն» գծով փակ են»,- նշվել է հաղորդագրությունում։
Մարտի 30-ին նաեւ որոշում է ընդունվել կայարանները փակելու մասին, որպեսզի մարզում վատ եղանակի պատճառով ստեղծված իրավիճակն ավելի չվատանա։
Արդեն մարտի 31-ին մի շարք ուղղություններում՝ Կրասնոդար, Ստավրոպոլ, Տագանրոգ, M-4 «Դոնը» կրկին գործում է։
Այժմ կոմունալ ծառայությունները եւ փրկարարները շարունակում են աշխատել ձյան հետեւանքները վերացնելու ուղղությամբ։