ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՆՈՐ ՍԵՆՅԱԿ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 30-ին շրջայց է կատարել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին հատկացված տարածք՝ տեղում ծանոթանալու շենքային առկա վիճակին, իրականացվող աշխատանքներին եւ առաջիկա անելիքներին: ArmLur.am-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ շրջայցին ներկա է եղել նաեւ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

 

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է տարածքում, հանգամանորեն ծանոթացել շենքի առկա վիճակին, որից հետո նվագախմբի տնօրենության հետ մանրամասն քննարկել է աշխատանքների ընթացքն ու նախատեսվող գործողությունները: Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը ներկայացրել է բոլոր գործընթացները՝ փուլային առաջնահերթությամբ: Նրա խոսքով՝ հատկացված շենքը շատ հարմար է նվագախմբի պրոֆեսիոնալ աշխատանքը կազմակերպելու համար, սակայն շենքի ներսում բավականին մեծ աշխատանքներ պետք է իրականացվեն:

Տնօրենն ընդգծել է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին ամրացված գույքն օգտագործվելու է որպես նվագախմբի փորձասենյակ, ձայնագրման ստուդիա, գործիքների պահեստ, ինչպես նաեւ ստեղծագործական եւ վարչատնտեսական անձնակազմի գրասենյակ: Նվագախմբի փորձերի իրականացման պարտադիր նորմերի եւ պայմանների ապահովման, ինչպես նաեւ անձնակազմի բնականոն գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ է կատարել համապատասխան աշխատանքներ:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է սիմֆոնիկ նվագախմբին տարածք հատկացնելու կարեւորությունը եւ արձանագրել, որ արդեն պատրաստ է շենքի նորոգման նախագծանախահաշվային փաթեթը, եւ այժմ այն փորձաքննության փուլում է։

«Հստակ է, որ ունենալու ենք արդիական, ամբողջական ենթակառուցվածք՝ թե՛ փորձերի, թե՛ աշխատանքային տարածքի եւ թե՛ ձայնագրման ստուդիայի մասով: Հատկապես կարեւորում եմ, որ այդ ենթակառուցվածքները, ընդհանուր առմամբ, ծառայելու են ոլորտին: Օրինակ՝ ձայնագրության ստուդիաների մասով կան խնդիրներ, եւ սիմֆոնիկ նվագախմբի համար նախատեսված այս աշխատանքային միջավայրը, ձայնագրության ստուդիան կծառայեն նաեւ ոլորտի մեր մյուս կազմակերպություններին՝ ձայնագրությունների ֆոնդը թարմացնելու, նոր ձայնագրություններ անելու, փորձեր անցկացնելու նպատակով: Ունենք բազմաթիվ շնորհալի երաժիշտներ եւ նվագախմբեր, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում, սակայն ակնհայտ է, որ զուգահեռաբար առկա է տարածքների խնդիր: Եվ պատահական չէ, որ ակադեմիական քաղաքի շրջանակում խոսում ենք ժամանակակից համերգասրահ ունենալու անհրաժեշտության մասին: Վերջին տարիների միտումները ցույց են տալիս, որ հանդիսատեսն ակտիվորեն հաճախում է համերգասրահներ: Համերգների ժամանակ գրեթե չենք ունենում ազատ նստատեղեր, իսկ դա նշանակում է, որ մարդկանց համար հաղորդակցումը մշակութային կյանքին ավելի ու ավելի է կարեւորվում: Եվ այս համատեքստում անհրաժեշտ է ունենալ բոլոր այն պայմանները, որոնք կապահովեն այդ պահանջարկի որակյալ բավարարումը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Իրականացվող աշխատանքների ավարտից հետո շենքը հագեցած կլինի լիարժեք գույքային պայմաններով, նոր երաժշտական գործիքներով եւ ձայնագրման ստուդիայի համար անհրաժեշտ տեխնիկայով:

 

 

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ՝ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Երեւանի մի շարք մանկապարտեզներում, տարբեր վարակային հիվանդություններով պայմանավորված, Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնը ստուգումներ է իրականացրել, եւ հայտնաբերվել են քութեշով եւ կարմրուկով վարակված երեխաներ:

 

Այս առնչությամբ  ArmLur.am-ը զրուցեց առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ, որն ասաց, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, աշխատանքային ընթացակարգի համաձայն, գնում է օջախի հայտնաբերման հետքերով տվյալ հաստատություններում:

Թեմայի շուրջ ArmLur.am-ը դիմեց նաեւ Երեւանի քաղաքապետարան, որտեղից մեզ պատասխանեցին. «Գոյություն ունի համաճարակային ֆիլտր, որի կանոններին համապատասխան՝ մենք իրականացնում ենք մեր աշխատանքը: Բուժքույրն ամեն օր մանկապարտեզ հաճախող երեխաներին անխտիր իրականացնում  է ակնադիտական զննում. եթե հայտնաբերվում է, որ երեխան ունի առողջական խնդիրներ, նա մեկուսացվում է, ծնողը տեղեկացվում է, եւ երեխայի տվյալները փոխանցվում են ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն, մասնավորապես՝ ուշադրություն է դարձվում կարմուկ համավարակի հայտնաբերմանն ու կանխարգելմանը»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ՊԼԱՆԵՏԱՐԻՈՒՄԸ

ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կրկին վերաբացվել է «Երկնակամար» աստղացուցարանը (պլանետարիումը)։

Պլանետարիումն իրենից ներկայացնում է գմբեթաձեւ պրոյեկցիոն էկրան: Այստեղ այցելուները կկարողանան դիտել աստղագիտության, բնագիտության եւ կենդանաբանության մասին ինչպես գիտակրթական, այնպես էլ ժամանցային բնույթի ատրակցիոն եւ մուլտիպլիկացիոն տեսաֆիլմեր:

Ֆիլմերը նախատեսված են տաբեր տարիքային խմբերի համար (5-7 տարեկան՝ նախակրթական, 7-11 տարեկան, 11-15 տարեկան)։

Յուրաքանչյուր ֆիլմի տեւողությունը կազմում է 25-30 րոպե։

Պլանետարիումը հասանելի է շաբաթ եւ կիրակի օրերին՝ ժամը 10։00-18:00-ն։

Այն գործում է հետեւյալ արժեքներով՝

երեխաներ՝  400 ՀՀ դրամ,

մեծահասակներ՝  1,200 ՀՀ դրամ,

արտասահմանցիներ՝ 1,800  ՀՀ դրամ։

 

 

 

 

ՀԱՅՏՆԻ Է ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Հայտնի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը:

ԾԱՂԿԱԶԱՐԴ (ապրիլի 2)

a Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում՝  ժամը 8։00-ին,

a Անդաստան (ոստերի օրհնություն) եւ մանուկների օրհնություն Մայր Տաճարի բակում՝ ժամը 10:00-ին,

a Սուրբ Պատարագ եւ մանուկների օրհնություն Ս. Գայանե վանքում՝ ժամը 11։00,

a Դռնբացեքի կարգ Ս. Գայանե վանքում՝ ժամը 17։30:

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (ապրիլ 4)

a Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում՝ ժամը 17:30-ին։

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 6)

a Առավոտյան ժամերգություն եւ Կարգ ապաշխարողաց Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում՝ ժամը 8:00-ին,

a Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում՝ ժամը 10:30-ին,

a Ոտնլվայի կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում՝ ժամը 16:00-ին,

a Խավարման կարգ Սուրբ Գայանե վանքում՝ ժամը 19:00-ին։

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 7)

a Խաչելության կարգ Սուրբ Գայանե վանքում՝ ժամը 12։00-ին,

a Երեկոյան ժամերգություն եւ Թաղման կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում՝ ժամը 17:30-ին։

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 8)

a Ճրագալույցի Սուրբ Պատարագ Ս. Գայանե վանքում՝ ժամը 17:30-ին։

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 9)

a Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում՝ ժամը 10:30-ին:

 




Լրահոս