Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջեւ։
Մենք գրել էինք, որ վիճաբանությունը եղել է այն բանից հետո, երբ փակ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները, հանձին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի, խոսել է Հռոմի կոնվենցիայի մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելուց՝ ասելով, թե այս իշխանությունները կրկին փորձանք են բերում: Այս խոսքերին արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հայտարարել, թե ՀՅԴ-ն է փորձանք բերել, ինչին հետեւել են ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի խոսքերը. «Մի՛ գոռա, ձայնդ մի՛ բարձրացրու»: Վարդանյանը հակադարձել է. «Ում վրա ուզեմ, գոռալու եմ, ինչ ուզեմ, անելու եմ»: Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ հարվածել է։
Եվ, ահա, այդ դեպքից ժամեր անց Ազգային ժողովի շենքում գործող տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները տարածվեցին համացանցում եւ սոցիալական կայքերում: Ընդ որում՝ այդ տեսաձայնագրություններն առաջինը տարածել էին իշխանության ներկայացուցիչներին պատկանող լրատվական կայքերը:
Ուշագրավ է, սակայն, որ ամենաակտիվն այս հարցում եղել է medianews-ը, որի հիմնադիրը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է, այսինքն՝ նա օգտագործել է իր լծակները՝ այդ տեսանյութերը ունենալու եւ առաջինը տարածելու համար:
ArmLur.am-ը փորձել էր հենց Տարոն Չախոյանից հասկանալ, թե ինչպես է այդ տեսանյութն առաջինը հայտնվել իրեն պատկանող լրատվամիջոցում, սակայն վերջինս հայտարարեց. «Շատ բան են կապում իմ անվան հետ, դա դեռ չի նշանակում, որ ես կապ ունեմ»։ Իհարկե, նա փորձում է հերքել թե՛ իր կապ ունենալը, թե՛, որպես պաշտոնյա, իր լծակներն օգտագործելով այդ տեսանյութը ստանալու հանգամանքը. փաստերն ինքնին խոսուն են:
Հավելենք, որ այս հարցով Ազգային ժողովում ծառայողական քննություն է սկսվել՝ հասկանալու համար, թե ինչպես են տեսախցիկների տեսագրությունները տարածվել: Այս մասին մեզ հայտնել էր ԱԺ լրատվական ծառայության պետ Լաուրա Անտոնյանը: ArmLur.am-ը հետամուտ կլինի այս հանգամանքին՝ պարզելու, թե ՊՊԾ ենթակայությամբ կառավարվող տեսախցիկների նկարահանածը ինչպես հանրային դաշտ մտավ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արդեն խորհրդարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը: Այն բաղկացած է 164 էջից: Այս հաղորդումը պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում, սակայն մինչ այդ հանձնաժողովի նիստում կքննարկվի: Եվ այսպես, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 126-րդ հոդվածում սահմանված է, որ գլխավոր դատախազի հաղորդումը խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում քննարկվում է այն ներկայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ, ահա, երկամսյա ժամկետում՝ խորհրդի սահմանած օրը, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում: Այսինքն՝ սպասվում է, որ Աննա Վարդապետյանը խորհրդարան կգա եւ կներկայացնի տարեկան հաղորդումը մինչեւ ամառ, քանի որ նա կարող է դա անել միայն հերթական նիստերի ժամանակ: Արտահերթ նստաշրջանում տարեկան հաղորդումը չի կարող քննարկվել: Եւ ուշագրավ է, որ Վարդապետյանը ներկայացնելու է Արթուր Դավթյանի օրոք կատարված 1 տարվա աշխատանքը:
ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ժողովի արտահերթ նիստում այսօր կքննակվի ՀՀ ՄԻՊ թեկնածուի հարցը: Ինչպես հայտնի է, օմբուդսմենի թեկնածուները երկուսն են՝ Անահիտ Մանասյան եւ Էդգար Ղազարյան: Հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն թեկնածուներից մեկին եւ նրան առաջադրեն ԱԺ-ին: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն միասնական որոշում ունի արդեն այս հարցում: Բանն այն է, որ ՔՊ-ականներն ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ժողովում 1 ներկայացուցչով ավելի շատ են, ուստի մտադիր են միասնական դեմ քվեարկել Ղազարյանի թեկնածությանը, որպեսզի գլխադասային հանձնաժողովը ԱԺ-ին առաջադրի իրենց թեկնածուին՝ Անահիտ Մանասյանին: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականներն արդեն «սցենար» են մշակել, որ պետք է իբրեւ պատճառաբանություն բերեն Ղազարյանի խիստ քաղաքականացվածությունը, մտադիր են հիշեցնել նրա նախկինում արած հայտարարությունները եւ գրառումները, որտեղ քննադատում է գործող իշխանություններին՝ ցույց տալու համար, որ Էդգար Ղազարյանը չի համապատասխանում չափորոշիչներին եւ չի կարող «անաչառ» օմբուդսմեն լինել: Իսկ թե որքանով է իրենց թեկնածուն (որը հանրության համար ոչ հայտնի դեմք է) համապատասխանում Սահամանադրությամբ ՄԻՊ-ի համար սահմանված չափորոշիչներին, ՔՊ-ականներն իրենք էլ թերեւս այս հարցի պատասխանը չունեն: Կառավարությունից պարտադրել են կողմ քվեարկել, ուրեմն կքվեարկեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քննչական մարմիններում վարչության պետերի ազատման շարք է սպասվում առաջիկայում: Բանն այն է, որ դատախազներն ու քննիչները լուրջ բախումների մեջ են, ու լարվածությունն այն աստիճան է խորացել, որ անգամ ցանկացած քրեական վարույթի շրջանակներում, երբ նախատեսվում է հանդիպում քննիչների ու դատախազների միջեւ, նրանք չեն հանդիպում, իսկ գրավոր փաստաթղթերում էլ միմյանց հասցեին ընդհուպ վիրավորանքներ են շարադրում: Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «պատերազմ» է հայտարարել եւ՛ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, եւ՛ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին: Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի՝ այս ամենի նպատակը նրանց նոր անձանցով փոխարինելն է: Թե ովքեր են հավանական թեկնածուները քննչական մարմինների, առայժմ մեզ պարզել չհաջողվեց: Կհաջողվի արդյոք Աննա Վարդապետյանին հասնել բարձրաստիճան պաշտոնանկություններին, թե ոչ՝ ցույց կտան զարգացումները: Ակնհայտ է, որ քննիչների ու դատախազների հարաբերություններն անքան են լարվել, որ լուրջ գործերով քննություն իրականացնող վարչության պետեր պատրաստվում են ազատման դիմում գրել. նրանց չի պահում անգամ մեկ միլիոն եւ ավելի աշխատավարձը: