ԵՄ ԿԱՐԵՎՈՐ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից անմիջապես հետո Եվրամիության դիտորդների գործուղումը Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի հայկական կողմ եւ հետագայում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը հանդիսանում է ԵՄ կարեւոր ներգրավվածություն մեր տարածաշրջանում. այս մասին երեկ Բուխարեստում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

 

«Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր ներդրումը ԵՄ համապատասխան քննարկումներում», – ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության փոխանցմամբ՝ ասել է Միրզոյանը ռումինացի գործընկեր Բոգդան Աուրեսկուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում Միրզոյանը հայտնել է, որ անդրադարձել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին:

«Ես ներկայացրի գործընկերոջս այն գոյաբանական մարտահրավերները, որոնք սպառնում են ե՛ւ Հայաստանի Հանրապետությանը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը հասցեագրելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը պատասխանում է 2022թ. դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ահաբեկումներով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տները հարկադրաբար լքելուն դրդող այլ գործողություններով ու էթնիկ զտումների համակարգված քաղաքականությամբ»:

Միջազգային կառույցների թիրախային կոչերի եւ պահանջների շարքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի դեմ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը:

«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միակ բացահայտ խախտումը չէ։ Չկա հայտարարության գրեթե մի դրույթ, որը խախտված չլինի Ադրբեջանի կողմից։ Հայ ռազմագերիներին շարունակաբար պատանդառության մեջ պահելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի պահանջների հետ մեկտեղ, Ադրբեջանը չի ապահովում «ներքին տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»:

Նա նաեւ շարունակել է. «Ավելին՝ Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով հնչեցնել իր ատելության խոսքը եւ ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաեւ տեղում համակարգված ագրեսիվ գործողություններ իրականացնել եւ օկուպացված պահել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 150 քկմ»:

«Մենք կարծում ենք, որ մեր գործընկերները, միջազգային հանրությունը կարեւոր դերակատարում ունեն, որը հնարավոր է իրականացնել՝ օգտագործելով համապատասխան գործիքներն ու մեխանիզմները, այդ թվում՝ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելով Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ», – հայտարարել է նախարարը:

«Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսություն վարելու իր պատրաստակամության մասին ատելության խոսքից, նախապայմաններից եւ ռազմատենչ հռետորաբանությունից զերծ միջավայրում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման։ Հայաստանն ունի ամուր քաղաքական կամք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու համար, եւ չնայած բոլոր դժվարություններին՝ մենք բարեխղճորեն շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ», – ասել է Արարատ Միրզոյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԴՌՆԵՐԸ «ՓԱԿ ԵՆ» ՆՐԱ ՀԱՄԱՐ

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը այլեւս չի կարողանա այցելել թուրք պաշտոնյաներին. մայիսի 14-ի ընտրություններում միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո դռները «փակ են» նրա համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրք առաջնորդը զարմացել է, թե ինչպես դիվանագետը «չի ամաչում» մասնակցել նման միջոցառումների, իսկ հետո խնդրել հանդիպում իր հետ:

«Մեր դռները փակ են նրա առջեւ, նա այլեւս չի կարողանա ներս մտնել։ Ինչո՞ւ։ Թող նա իմանա իր տեղը»,- ասել է Էրդողանը` հավելելով, որ Ֆլեյքը պետք է պարզի, թե ինչպես պետք է աշխատի դեսպանը:

Հիշեցնենք` Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախանշված են մայիսի 14-ին։ Մարտի 30-ին Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը ներկայացրել է նախագահի 4 թեկնածուների վերջնական ցուցակը։ Նույն օրը երեկոյան ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է։

Հիմնական մրցակիցներ են համարվում Էրդողանն ու Քըլըչդարօղլուն։

 

 

 

ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐ

2023 թվականի ապրիլի 3-ին շրջանառության մեջ են դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան- Ռումինիա համատեղ թողարկում» թեմային: Փոստային նամականիշերից յուրաքանչյուրն ունի 400 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերից մեկի վրա պատկերված է հայկական ծագումով ռումինացի հայտնի բժիշկ, գիտնական, աշխարհում առաջին ծերաբուժության ինստիտուտի հիմնադիր, «Հերովիտալ» առաջին հակատարիքային միջոցի ստեղծող Աննա Ասլանի դիմանկարը, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է Աննա Ասլանի լուսանկարը եւ բողբոջած ճյուղը՝ նոր կյանքի խորհրդանիշը: Նամականիշերի վրա նաեւ պատկերված են Հայաստանի եւ Ռումինիայի դրոշները, Աննա Ասլանի ստորագրությունը, ինչպես նաեւ «ԱՆՆԱ ԱՍԼԱՆ», «ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՄԻՆԻԱ» եւ «1897-1988» գրառումները՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով:

 

 

 

ԿԳՈՐԾՈՒՂՎԻ ՎԱՇԻՆԳՏՈՆ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 7-15 կգործուղվի ԱՄՆ՝ Վաշինգտոն:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոխվարչապետն ԱՄՆ-ում կմասնակցի Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին:

Փոխվարչապետի գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի եւ գիշերավարձի ծախսերը կկատարվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔ

2022 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը ստացել է 50 քրեական գործով նյութ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ: Այն կապված է եղել 84 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ: 2021 թվականին 23 նյութ էր՝ 105 անձի վերաբերյալ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող, ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական եւ ավելի քան 460 անշարժ գույք, շուրջ 100 իրավաբանական անձի մասնակցություն եւ ավելի քան 92 մլրդ դրամ: 2022 թվականի մայիսի 26-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի վերաբերյալ. այստեղ խոսքը 33 տարածքների եւ 3 մլրդ դրամի մասին է: Սեպտեմբերի 30-ին ներկայացված հայցադիմումը վերաբերել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին. այստեղ խոսքը 15 անշարժ գույքի, 2 մլրդ դրամի մասին է:

 

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՌԱԶՄԱՄԹԵՐՔ

Մարտի 27-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային բաժինների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 636 զանգ, որից 16-ը` տեխնածին, 18-ը կենցաղային բնույթի կանչեր են։

Անցած շաբաթվա ընթացքում փրկարարները կատարել են 4 վերելակի եւ փակված 5 դռան բացում: Առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով 3 ելք է կատարվել։

Յոթ օրվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 4 ելք, որից 3-ը՝ Ստեփանակերտի տարածքում, 1-ը՝ Մարտակերտում: Բոլոր դեպքերով ծառայության հրշեջ փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման եւ համապատասխան կանխարգելիչ գործողություններ։ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի եւ The Halo Trust ականազերծող կազմակերպության հետ շարունակում են Արցախի տարածքը մաքրել կյանքի համար վտանգ ներկայացնող զենք-զինամթերքից։ Հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերված զինամթերքը՝ պահեստավորվում, ապա ոչնչացվում է համապատասխան տարածքում։ Սակրավորներն արձագանքել են նաեւ բնակիչների կողմից ստացված 6 ահազանգերին, բնակիչների տնամերձ հողամասերում եւ գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված հողատարածքներում չեզոքացրել վտանգը: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է շուրջ 137 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

 




Լրահոս